Մահարու ինքնակենսագրական քառագրությունը` մեկ գրքում
Մեդիամաքսը վերագործարկել է «Գրքերի տաղավար» խորագիրը, որում ներկայացնում է նոր հրատարակված գրքերը՝ զրուցելով հրատարակիչների, խմբագիրների կամ թարգմանիչների հետ:
Գուրգեն Մահարու «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդության սեմին», անավարտ «Երիտասարդություն» վեպերը տեղ են գտել «Անտարես» հրատարակչության լույս ընծայած՝ Գուրգեն Մահարու «Երկերի լիակատար ժողովածուի» չորրորդ հատորում:
Գրողի ինքնակենսագրական քառագրությունն առաջին անգամ է հրատարակվում մեկ գրքում:
«Նախորդ հրատարակությունները տպագրվել են խմբագրական որոշ միջամտություններով: Նոր գրքում բոլոր կրճատումները վերականգնվել են, այսինքն` մենք գործ ունենք անխաթար բնագրի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը:
Գիրքն ունի մոտ 200 էջ ծանոթագրություն` տեղանուններ, անուններ, ամենակարեւորը` ներկայացված է Մահարու մայրական եւ հայրական տոհմածառը, որտեղ հիշատակված են քառագրության այն անձինք, որոնք Մահարու տոհմից են:
Մահարու երկերի լիակատար ժողովածուի (15 հատոր) տպագրությունը նպատակ ունի ներկայացնել գրողի բոլոր գործերը` համապատասխան ծանոթագրություններով:
[[gallery1]]
Գրաքննադատը նշեց, որ ժողովածուն առաջին հերթին հասցեագրված է ընթերցողի լայն շրջանակին, այն նաեւ լրացուցիչ հորիզոններ է բացում գիտնակաների համար, որովհետեւ վերջապես ունենք ամբողջական Մահարի` իր բոլոր գրած-չգրած տողերով, իր իմացություններով, հետաքրքրություններով ու ժամանակի բարդությամբ, եւ այդ ամենը`մանրամասն ծանոթագրություններով:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մասնավոր հրատարակչությունն է իրականացնում ակադեմիական հրատարակություն: Գրաքննադատի խոսքով` եթե այն դառնար պետության կողմից ֆինանսավորվող ծրագիր, կարվեր տասնյակ տարիների ընթացքում. «Ժամանակները բարդ են, չգիտես ինչ կլինի հետո: Հաշվի առնելով մեր իշխանությունների հակամշակութային կեցվածքը, փորձում ենք մասնավոր նախաձեռնություններով ինչ-որ բան անել»:
Մահարու «Երկերի լիակատար ժողովածուի» հրատարակումն իրականացվում է գրողի որդու`Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ: Խմբագրական աշխատանքները կատարում են գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանն ու Վարդան Մատթեոսյանը:
Գրիգոր Աճեմյանն այս հատորները պատրաստել է 40 տարվա աշխատանքի արդյունքում:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ հիմնական դժվարությունը արխիվի բացակայությունն էր. «Ձեռքիս տակ ոչինչ չի եղել, հավաքել եմ զրոյից` նախասովետական շրջանի մամուլից մինչեւ, ես կասեի, մեր օրերը (եւ ոչ միայն մեր, նաեւ Թբիլիսիի մամուլը)»:
Գրողի անտիպները չեն պահպանվել, դրանք բռնագրավվել են ու ոչնչացվել («Բաղդասար ախպարը` Խորհրդային Հայաստանում» կատակերգությունը, բանաստեղծությունների վեց տետրեր եւ այլն):
[[gallery2]]
«Մահարին Ստալինյան բռնագաղթի գրական զոհերից էր, ինչո՞վ էր առանձնանում նրա գրականությունն ու կենսագրությունը» հարցին ի պատասխան` Գրիգոր Աճեմյանն ասաց, որ Մահարի-Չարենց-Բակունցը մեր գրականության ազգային թեւն էին, դրանով գրականության վերաբերվող հարցը փակվում է. «Ինչ վերաբերում է կենսագրությանը, Մահարու կյանքում մեծ դեր է ունեցել Աղասի Խանջյանի հովանավորությունը: Եթե չլիներ Խանջյանի աջակցությունը, դժվար թե 30-ականներին լույս տեսնեին «Մրգահասը», «Մանկությունը» եւ «Պատանեկությունը»: Խանջյանի այսպես կոչված ինքնասպանությունից, ավելի ճիշտ`Բերիայի իրականացրած սպանությունից հետո առաջին «թեկնածուներից» մեկը դարձավ Մահարին»:
Հոր գործերից Գրիգոր Աճեմյանն առանձնացնում է երկուսը`«Այրվող այգեստաններ» եւ «Ծաղկած փշալարեր»: Ասում է, որ այդ երկու գործերը անդրադառնում են Հռոմի Պապի նշած` քսաներորդ դարի երեք արհավիրքներից երկուսին` Հայոց ցեղասպանություն եւ ստալինյան բռնագաղթ:
Առաջիկայում կներկայացվի «Այրվող այգեստաններ» վեպի առաջին ձեռագիրն ու վերամշակված տարբերակը: «Մահարին երկրորդ ձեռագիր չի էլ ունեցել, մեկ գրչով է աշխատել, նա գիրքը վերամշակել է` ճնշման տակ,- նշեց գրողի որդին,- Լրացումները, սակայն, 127 էջի սահմաններում են, անտեսելու իրավունք չունենք, մանավանդ, որ այնտեղ կան փայլուն էջեր»:
Արմինե Սարգսյան