Новости по-русски

2016 թ.–ի բյուջեի ցուցանիշները վկայում են Հայաստանի տնտեսության խորքային խնդիրների մասին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2016 թ.–ի բյուջեի ցուցանիշները վկայում են Հայաստանի տնտեսության մեջ առկա խորքային խնդիրների մասին, շաբաթ օրը լրագրողներին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Մակարյանի խոսքով` յուրաքանչյուր տարվա բյուջեն նախորդի տրամաբանական շարունակությունն է, և եթե խոսքը ռազմավարական զարգացման մասին է, ապա բյուջեն պետք է համապատասխանի ընթացիկ գործընթացներին։

 «Այն, որ Հայաստանը սոցիալական պետություն է, լավ երևում է 2016 թ.–ի բյուջեից։ Ծախսային մասի մոտ 2,5 մլրդ դոլարից 800 մլն դոլարն ուղղված է սոցիալական ծրագրերին։ Սա վկայում է այն մասին, որ սահմանափակ հնարավորությունների դեպքում հսկայական գումարներ ուղղվում են սոցիալական կարիքներին։ Միաժամանակ կրթության վրա ծախսվում է մոտ 250 մլն դոլար, բժշկության վրա`160 մլն դոլար», – նշեց Մակարյանը։

«Եթե ամեն ինչ շարունակվի նման կերպ, Հայաստանը դժվար թե կարողանա իրականացնել լուրջ տնտեսական բարեփոխումներ։ Հաջորդ տարվա բյուջեի պակասուրդն ավելի բարձր է և կազմում է 400 մլն դոլար։ 2015 թ.–ին պակասուրդն ավելի քիչ էր», –  ասաց նա։

Փորձագետի խոսքով`կառավարության համար այդ պակասուրդը լրացնելու աղբյուրներն արտաքին ֆինանսական ռեսուրսներն են։

Մակարյանը կարծում է, որ որակյալ աշխատուժի արտահոսքը հիմնական խնդիրներից մեկն է, որի պատճառով Հայաստանում անհնար է տնտեսական աճ։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1–ին հաստատել է 2016 թ.–ի պետբյուջեի նախագիծը, ըստ որի` ՀՆԱ–ի իրական աճը 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով։ ՀՆԱ–ի դեֆլյատոր–ցուցիչը նախատեված է 4 տոկոսի սահմանում, 12–ամսյա գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3,5 տոկոսի չափով։ Ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 373,7 մլրդ դրամ, իսկ եկամտային մասը` 1 տրիլիոն 183 մլրդ դրամ` 197 մլրդ դրամի չափով պակասուրդի դեպքում ($1 – 473,08 դրամ)։–0–

Читайте на 123ru.net