Новости по-русски

ԵՎՐՈ-2016. Հայկական երազանքը կրկին անկատար մնաց

Սարգիս Հովսեփյանի սաներին այդպես էլ չհաջողվեց այս ընտրական մրցաշարում գեթ մեկ հաղթանակ գրանցել:

Ալբանիայի դեմ խաղում նրանք հաշվի մեջ հետապնդողի դերում էին 9-րդ րոպեից սկսած: Հանդիպման առաջին գոլն էլ իր հաշվին գրանցեց Շկելզեն Գաշին:

Մի քանի օր առաջ Ֆրանսիայից 0:4 հաշվով կրած պարտությունից հետո Հայկական առաջին ճակատի երկրպագուները մարզադաշտ էին եկել «Հաղթանակը սկսվում է օրհներգից» պաստառով՝ այդկերպ ակնարկելով ֆուտբոլիստներին չմոռանալ նաեւ երգել ազգային օրհներգը:

Նրանց «ամոթ է» վանկարկումների ներքո էլ Գեւորգ Կասպարովը երկրորդ գնդակն ընդունեց սեփական դարպասը, անկյունայինի իրացումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը՝ 0:2: Ալբանացիների գոլային շքերթը շարունակվեց նաեւ 2-րդ խաղակեսում, երկար սպասեցնել չտվեց նաեւ 3-րդ գնդակը, որը հեղինակեց Արմանդո Սադիկուն:

Տրիբունայում հավաքված սակավաթիվ հայ երկրպագուները չլռեցին նաեւ մնացած ժամանակում՝ արտահայտելով ողջ ընտրական մրցաշարի ընթացքում կուտակված դժգոհությունը: «Հովսեփյան հեռացիր»-ն էլ կոչ էր թիմի ժամանակավոր մարզչին, որը Բեռնար Շալանդին փոխարինելուց հետո այդպես էլ չկարողացավ որեւէ բանով աչքի ընկնել:

Իսկ մի քանի տասնյակ ալբանացի երկրպագուների ուրախությանն ոչինչ խաթարել չէր կարող, նրանք իրենց ընտրանուն արդեն Ֆրանսիայում էին տեսնում: Նրանց երգի հնչյունները լսելի էին ողջ ստադիոնում:

ԵՎՐՈ-2016-ի ուղեգրի համար պայքարող Ալբանիան հասկանում էր այդ խաղի գինն ու խաղում էր անմնացորդ նվիրումով ու հաղթելու անչափ մեծ ցանկությամբ: Ալբանիան ողջ ընտրական մրցաշարի ընթացքում ապացուցեց, որ չկան անուններ ու հեղինակություններ, կարեւորը թիմային ոգին է ու երազանքը իրականություն դարձնելը:

Որքան էլ մեզ համար դժվար լինի, բայց հիանալի գիտակցում ենք, որ վերը նշվածներից ոչինչ այդպես էլ չտեսանք մեր թիմի կատարմամբ, սա ամենախամրած ու անհետաքրքիր ընտրական փուլն էր, որ կարող էինք անցկացնել: Իսկ սկզբում ամեն ինչ այնքան խոստումնալից ու հեշտ էր թվում: Առաջին անգամ ԵԱ-ում խաղալու իրավունք էին ստանալու 24 հավաքականներ, ու նրանց թվում չհայտնվելն ավելի դժվար էր թվում: Բայց հայկական երազանքն այդպես էլ անկատար մնաց…
 

Читайте на 123ru.net