Եկատերինա Դովլաթովա. Առաջին հերթին նա իմ հայրն է
Հոկտեմբերի 12-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Դովլաթովի հինգ անկյունները» վավերագրական ֆիլմի փակ դիտումը:
Ազա Բաբայանի ու Վադիմ Դուբնովի հեղինակած ֆիլմը նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Երեւանյան պրեմիերային ներկա էին գրողի այրին` Ելենա Դովլաթովան, ու դուստրը` Եկատերինան: Դեկտեմբերին ֆիլմը կներկայացվի Մոսկվայում կայանալիք «ԱրտԴոկՖեստ» վավերագրական ֆիլմերի փառատոնի շրջանակում:
Մեդիամաքսը բացառիկ զրույց է ունեցել Եկատերինա Դովլաթովայի հետ:
- Ձեզ հաճախ անվանում են «հայրիկի իրավապաշտպան»: Ինչպե՞ս եք ցանկանում, որ ձեզ ներկայացնեն:
- Կյանքիս հիմնական մասն ապրում եմ ԱՄՆ-ում: Իսկ այնտեղ ես ես եմ՝ Քեթրինն եմ, Քեթն եմ: Դովլաթովն ամերիկացիների շրջանում այնքան էլ հայտնի չէ, նրան սիրում ու լավ ճանաչում են ռուսները: Դրա համար դա այնքան էլ էական չէ: Ես ունեմ իմ անձնական կյանքն ու շատ լավ եմ գիտակցում` որտեղ են սկսվում եւ ավարտվում սահմանները: Պարզապես հիմա ընտանեկան հարցերով եմ զբաղվում:
Վերջերս էլ հորս գործերի թարգմանությամբ էի զբաղված, ինչը մեծ բավականություն պատճառեց ինձ: «Դովլաթովի իրավապաշտպան», «Դովլաթովի թարգմանիչ» կամ պարզապես Կատյա: Ինձ դա ընդհանրապես չի անհանգստացնում:
[[gallery1]]
Կարեւորը, որ անուն-հայրանունով ինձ չդիմեն` Եկատերինա Սերգեյեւնա, ինձ դա դուր չի գալիս: Նախ` ԱՄՆ-ում նման կերպ միմյանց չեն դիմում, եւ հետո` ինձ մոտ տուրգենեւյան հերոսուհու կամ էլ բանկի աշխատակցի տպավորություն է ստեղծվում:
-Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք թարգմանել Դովլաթովի գործերը: Ձեր հոր հետ նորից «հանդիպելու» հնարավորությո՞ւն էր, թե՞ արժանի թարգմանիչ չէիք գտնում:
- Անգլիական հրատարակչության հետ պայմանավորվածություն կար: Քանի որ ընտանեկան հարցերով ես եմ զբաղվում, ինքս պիտի գտնեի թարգմանչի, որը դուր կգար ե՛ւ ինձ, ե՛ւ հրատարակչությանը: Այդպես էլ չկարողացա մեկին գտնել: Դժվարություններից մեկն այն էր, որ ստեղծագործությունը պետք է թարգմանվեր բրիտանական անգլերենով, բայց դա լրիվ այլ լեզու է՝ իր սեփական երաժշտականությամբ: Ինձ համար այնքան դժվար էր պատկերացնել Դովլաթովին բրիտանական անգլերենով:
Անանուն կերպով ներկայացրի իմ թեկնածությունը, այսինքն՝ մի քանի էջ թարգմանեցի եւ հրատարակչություն ուղարկեցի: Նրանք էլ չհավանեցին, ասացին, որ բառացի է թարգմանած: Ճիշտ էլ ասացին, որովհետեւ ես վախենում էի անգամ մի կետ փոխել: Ժամանակին նա ասել էր` ջնջեք ինչ ուզում եք, բայց ոչինչ չավելացնեք: Ինձ էլ թվում էր, եթե ինչ-որ փոփոխություն անեմ, ապա կհեռանամ բնօրինակից: Մի քանի ամիս մտածմունքների մեջ էի, հետո հասկացա, որ կարող եմ դա անել: Նորից թարգմանություն արեցի, այս անգամ հավանության արժանացա:
-Թարգմանության ժամանակ ո՞վ էր ձեզ համար Դովլաթովը` հա՞յր, թե՞ հայտնի գրող:
- Անհնար է տարանջատել դա: Ինձ համար նա միշտ լինելու է իմ հայրիկը: Իմ հայրը գրող Դովլաթովն է, բայց առաջին հերթին, անխոս, նա իմ հայրն է:
-Թարգմանության ընթացքում ավելի՞ մոտեցաք նրան:
- Այո, այնքան հրաշալի ընթացք էր: Այնպիսի տպավորություն էր, որ շարունակում եմ խոսել նրա հետ, շատ բան կրկին բացահայտեցի նրա մասին: Ցանկացած գրողի թարգմանելու համար պետք է ամեն մանրուք հասկանաս ու իմանաս, ամեն բառ առանձնացնես ու հասկանաս, այլապես անհնար կլինի փոխանցել «հանաքը» կամ տրամադրությունը: Դրա համար էլ ընկղմվեցի նրա մտածողության աշխարհում: Լսում էի նրա ձայնը, թվում էր՝ սկսում եմ զգալ` ինչ է ուզեցել ասել հայրս: Ես նրա հետ զրուցում եմ:
[[gallery2]]
-Վերջին հարցազրույցներից մեկում Իոսիֆ Բրոդսկու դուստրն ասել էր, որ հոր ստեղծագործություններից շատ քչերն է կարդացել եւ ցանկանում է, որ այդ երկխոսությունը երկար տեւի: Որքան գիտեմ, Դուք ամեն ինչն էլ կարդացել եք, սակայն կրկին այդ երկխոսության մասին եք նշում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ զգացողություններ Դուք ունեք:
- Հորս բոլոր ստեղծագործությունները կարդացել եմ, սակայն ամեն անգամ վերընթերցելիս նոր բաներ եմ բացահայտում: Իսկ թարգմանության ընթացքը լրիվ այլ է: Օրինակ` Դովլաթովի մոտ այսպիսի արտահայտություն կա` «Նաբոկովը խոցելի գրող է»: Համատեքստից դուրս այս արտահայտությունը պետք չէ օգտագործել, սակայն խոցելի բառն այնքան համարժեքներ ունի անգլերենում: Սկսում եմ մտածել, թե որ իմաստով է օգտագործվել բառը: Ստիպված եմ եղել բանասերների, հորս ընկերոջ հետ խոսել, որ հասկանամ իմաստը: Դե, իհարկե, երկխոսությունը շարունակվում է: Իրականում կարող եմ միայն նախանձել Աննային (Բրոդսկայա-խմբ.), քանի որ նրա մոտ ամեն ինչ դեռ առջեւում է:
-Ի՞նչ եք կարծում ՝ փնտրո՞ւմ են արդյոք ձեր հոր երկրպագուները, նաեւ լրագրողներն ու ռեժիսորները Դովլաթովին Ձեր կամ Ձեր մոր մեջ: Նրանց առջեւ պատասխանատվություն զգո՞ւմ եք:
- Դե, իհարկե, պատասխանատվություն եմ զգում: Մարդիկ մեր մեջ գրքի հերոսներ, կերպարներ, ծանոթ մարդկանց են փնտրում: Չէ՞ որ հայրս այնքան շատ է գրել մորս եւ իմ մասին: Հավանաբար, իր ստեղծագործություններում հայրս մեզ մի քիչ ավելի լավն է ներկայացրել, քան իրականում կանք, դրա համար էլ մարդիկ մեզ հավանում են: Ամեն ինչն էլ հորս շնորհիվ է:
Զրուցեց Լենա Գեւորգյանը
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի