Հայաստանը կարեւորել է ԵՄ-ի կողմից մանդատի տրամադրումը
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին մանդատի տրամադրումը:
Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունում:
«Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»,- նշված է հայտարարությունում: