Новости по-русски

«Տաշիր» խումբը պարտավորվել է 2%-ով կրճատել ՀԷՑ-ի կորուստները

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի  էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո ընդլայնվել են։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 30-ին «Տաշիր» եւ «Ինտեր ՌԱՕ» խմբերը ստորագրել էին Հայաստանի էլէկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի պայմանագիրը:

«Գնորդ ընկերությունը, նախկինից բացի, ստանձնել է նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի բարելավման համար»,- հաղորդում են էներգետիկայի նախարարությունից:

Մասնավորապես, սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2%-ով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները: Գնորդը պարտավոր է նաեւ թույլ չտալ առեւտրային կորուստների ավելացում՝ 2014-2015 թթ. սակագնային տարվա համեմատ։

Առաջիկա 5 տարվա ընթացքում նոր սեփականատերը պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ, էապես բարելավի ընկերության որակի կառավարումը եւ էներգետիկայի համակարգը։

Գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100% վճարումներ՝ արտադրողներին եւ ծառայություն մատուցողներին։

«Ինչպես հայտնի է, ֆինանսական դժվարությունների հետեւանքով, վերջին շրջանում նախկին սեփականատերը ի վիճակի չէր լինում ժամանակին եւ ամբողջությամբ կատարել այդ պայմանը։ Մի բան, ինչը խնդիրներ էր ստեղծում արտադրող կայանների եւ ծառայություններ մատուցող ընկերությունների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Հավելենք, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀԷՑ-ում կորուստները կազմել են 12.2%, իսկ բաշխիչ ցանցերի սակագնում կորուստների չափը սահմանված է 11.20%:

Читайте на сайте