Новости по-русски

Երևանի փողոցային լուսավորության համակարգի արդիականացումը կարժենա 6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբեր./ԱՌԿԱ/. Երևանի փողոցային լուսավորության համակարգի արդիականացումը կարժենա 6 մլն դոլար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների  նախարար Գագիկ Խաչատրյանը։

Նրա խոսքով` մայրաքաղաքի փողոցների լուսավորության ժամանակ էներգախնայողության համակարգերի կիրառման ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։ Մասնավորապես, արդեն ստորագրվել է 4 մլն դոլարի վարկային համաձայնագիր։

Նա նշեց, որ այսօր կառավարությունը հավանություն է տվել «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին, որը ստորագրվել է պետության, «Երքաղլույս» ՓԲԸ–ի, Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև։

«Համաձայնագրով նախատեսվում է, որ ՎԶԵԲ–ը Էներգետիկ արդյունավետության և շրջական միջավայրի արևելաեվրոպական գործընկերության հիմնադրամի միջոցների հաշվին ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,9 մլն եվրոյի դրամաշնորհ», – ասաց Խաչատրյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի հիմնական նպատակն է ներդնել Երևանի արտաքին լուսավորության էներգախնայող և անվտանգ համակարգ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է փոխել մայրաքաղաքի 28 փողոցների լապտերասյուները, անցկացնել ստորգետնյա մալուխային համակարգեր, կիրառել էներգախնայող լամպեր, ներդնել մայրաքաղաքի լուսավորության կառավարման ավտոմատացված համակարգ։–0–

Читайте на 123ru.net