Новости по-русски

ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի պահանջները, հայտարարել է դատախազությունը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության՝ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են:

Ինչպես հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքը, գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձեւակերպումներ, որոնք կարող են որեւէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:

«Այսօր հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից: Այնուհետեւ, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որեւէ իրավասություն` անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում:

Դատարանը վճռում նաեւ արձանագրեց, որ հայերն ունեն իրենց եւ իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակում, որն առնչվում է Ցեղասպանության հետեւանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաեւ դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները եւ դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակում:

Եվ վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը սահմանեց, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը եւ դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակում»,- նշել են Գլխավոր դատախազությունում:

Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճռին արձագանքել է նաեւ «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան:

Читайте на 123ru.net