Новости по-русски

Փառատոնված. նոր մշակույթ Հայաստանում

Գաթայից մինչեւ գինի, խորովածից մինչեւ պոպոք՝ Հայաստանում վերջին 10 տարիներին լայն տարածում են ստացել փառատոնները, որոնք մեծապես նպաստում են մեր երկրի մշակութային արժեքների տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը: Մեդիամաքսը փորձել է պարզել, թե ինչ նպատակներով են ստեղծվել այդ փառատոններն ու ինչ ձեռքբերումներ են ունեցել այս տարիներին:

Ոչխարների խուզման փառատոն

Ոչխարների խուզման փառատոնի գաղափարը Homeland Development Initiative Foundation-ին է, որի հիմնական ֆինանսավորողն ու համակազմակերպիչը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն է:

«Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի համայնքների զարգացման ղեկավար Արմինե Իսրայելյանի խոսքով՝ Տաթեւում նման միջոցառում կազմակերպելու նպատակը եւս մեկ տուրիստական պրոդուկտ ունենալն էր, որի համար զբոսաշրջիկը կհասնի Տաթեւի վանական համալիր:

«Մեր առաջնային նպատակներից է, որ համայնքը ներգրավվի այդ պրոդուկտը ստեղծելու գործում: Կարեւոր է, որ զբոսաշրջիկների գիշերակացը եւ սննդի սպառումը համայնքում է լինում, տեղական արտադրանքն է վաճառվում: Միջոցառմանը ներգրավվում են Տաթեւի շրջակա 9 համայնքները»,- ասում է Արմինե Իսրայելյանը:
[[gallery1]]
Ոչխարների խուզման փառատոնի շուրջ մեծ հետաքրքրություն կա թե տեղացիների, թե տուրօպերատորների կողմից:

Նման փառատոնները, ինչպես նկատում է IDeA-ի ներկայացուցիչը, խթանիչ կարող են լինել զբոսաշրջիկների այցի համար, քանի որ շատերը, իրենց այցը պլանավորելիս, փնտրում են, թե ինչպիսի հայտնի փառատոն կա տվյալ երկրում կամ համայնքում, եւ դրա շուրջ են կազմակերպում այցը:

«Մշակույթի տարածման տեսանկյունից եւս մեծ ազդեցություն են ունենում նման փառատոնները: Բայց մշակութային դիտակով կազմակերպելիս պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի շեղումներ չլինեն, զուտ խնջույքի չվերածվի եւ զբոսաշրջիկին ներկայացվեն մշակութային արժեքները»,- հավելում է Արմինե Իսրայելյանը:

Vegan Fest Yerevan

Vegan Fest Yerevan-ն արդեն 3 տարեկան է: «Ընտրիր կյանքը» կարգախոսով փառատոնը նպատակ ունի Հայաստանում տարածել առողջ ապրելակերպի, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի գիտակցությունը, հիշեցնել կենդանիների շահագործման խնդրի, բռնությունից եւ տառապանքից ազատ ապրելու իրավունքի մասին: Փառատոնի ընթացքում միջոցառումներ եւ դասախոսություններ են անցկացվում բնապահպանական թեմաներով:
[[gallery2]]
«Հաշվի առնելով այն, որ մսի, կաշվե իրերի արտադրությունն էկոլոգիայի մոտ 20% աղտոտվածության բաժինն են ապահովում, դրանցից հրաժարվելը նպաստում է նաեւ առողջ միջավայրին»,- ասում է փառատոնի կազմակերպիչներից բնապահպան, կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը:

Նա նկատում է, որ բոլոր տեսակի փառատոնները, որոնք ագրեսիա չեն ներառում իրենց մեջ, օգտակար են. «Դրանք նպաստում են համախմբված հասարակության ձեւավորմանը: Փառատոնների նման թափով ավելացումը, ըստ իս, նախ ուղղված է զբոսաշրջության զարգացմանը: Որքան դրանք ավելանան, այնքան շատ բան կունենանք օտարերկրացիներին ցույց տալու»:

«Պոպոքի տոնը՝ պոպոքի տանը»

Պոպոքի փառատոնը, ինչպես ասում է կազմակերպիչ, Աշտարակ քաղաքում գործող Pascal & Diodato սրճարանի համասեփականատեր Պիեր Բաղդադյանը, Աշտարակի պոպոքը գովազդելու համար է նախաձեռնվել:
[[gallery3]]
«Որպեսզի մեր աշտարակցիներն իրենց ապրանքը դրսում կարողանան հեշտ վաճառել»,- ասում է հայրենադարձ գործարարը: Բացի այդ, նրա խոսքով, փառատոնն ունի եւս մեկ կարեւոր նպատակ՝ մարդկանց տոն պարգեւել:

Պիեր Բաղդադյանը նկատում է, որ իր վերադարձից հետո փառատոնները մեծ թափ են ստացել եւ հավելում. «Անշուշտ, եթե այդ փառատոնները չեն խաչաձեւվում, միայն դրական ազդեցություն կարող են ունենալ թե մարդկանց կյանքի, թե զբոսաշրջության զարգացման վրա»:

Տոլմայի փառատոն 

Տոլմայի փառատոնը նախաձեռնել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն: Գաղափարը ծնվել է այն վիճարկումից, թե կովկասյան որ պետության ազգային ճաշատեսակն է տոլման: 2011թ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե տոլման ադրբեջանական ճաշատեսակ է:
[[gallery4]]
«Մենք այդ ժամանակից սկսեցինք անցկացնել Տոլմայի համահայկական փառատոն: Այդ տարի CNN հեռուստաընկերության միջոցով լուսաբանվեց փառատոնը, ինչը մեծ արձագանք գտավ»,- պատմում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Ինչ վերաբերում է տոլմայի ծագմանը, ապա Սեդրակ Մամուլյանը նախ նկատում է, որ տոլմա բառն առաջացել է «տոլի» արմատից, որը նշանակում է խաղողի տերեւ:

Նրա բնորոշմամբ՝ տարածաշրջանային խոհանոց արտահայտությունը հստակ քաղաքական ենթատեքստ ունի, իրականում նման հասկացություն չկա:

[[gallery5]]

«Կերակրատեսակը չի կարող լինել տարածաշրջանային, գոյություն ունի ազգային խոհանոց, որը բնորոշ է տվյալ ազգին, տարածքին, բնակլիմայական պայմաններին եւ ազգի կենցաղավարությանը: Քոչվոր ազգը չի կարող ունենալ այնպիսի խոհանոց, ինչպիսին ունի նստակյաց ազգը: Այդ արտահայտությունը նպատակ ունի շեղելու ազգային պատկանելությունը: Իսկ որ տոլման հայկական ծագում ունի, ուսումնասիրված է եւ փաստարկված: Սկզբում այդ կերակրատեսակն անվանել են տոլի միս, որը պատրաստել են ծեծված մսից եւ ձավարից: Պատրաստման ընթացքն էլ զուտ հայկական երեւույթ է»:

Խորովածի փառատոն

Խորովածի փառատոնն անցկացվում է 2009-ից: Այն էկոնոմիկայի նախարարության «Հյուսիսային դարպասներ» ծրագրի մի մասն էր, որի նպատակն էր զարգացնել զբոսաշրջությունը հյուսիսային շրջաններում: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսով՝ այս միջոցառումը միտված է զբոսաշրջային միջավայր ստեղծելուն: Նա ասում է, որ սնունդը կարեւոր տուր-պրոդուկտ է, որը չի կարելի անտեսել:
[[gallery6]]
Այս միջոցառումը եւս կայացած է համարվում. տեղի բնակչությունը, տուրիստական ընկերությունները մեծ հետաքրքրություններ են ցուցաբերում:

«Հայաստանում անցկացվող փառատոնների ավելացմանը զուգահեռ հստակ դինամիկ աճում է զբոսաշրջիկների թիվը: Մենք դրսից եւս զանգեր ենք ստանում, մարդիկ հետաքրքրվում են փառատոններով, որպեսզի դրանց օրերին կազմակերպեն այցը: Սա մեկ օրվա գործ չէ, բացթողումները հաշվի առնելով եւ բացառելով՝ պետք է զարգացնել այս գաղափարն ու նման փառատոնները»,- մանրամասնում է Սեդրակ Մամուլյանը:

Արցախյան փառատոններ

Վերջին տարիներին մեծ թափ ստացած փառատոններն անցկացվում են նաեւ Արցախում: Այս հարցում շատ ակտիվ է մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որը հաստատել է ոչ նյութական մշակութային արժեքների ու անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Վերջինս ներառում է նաեւ ազգային խոհանոցի կերակրատեսակները:
[[gallery7]]
ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը նշում է, որ խոհանոցն ազգային մշակույթի կարեւոր բաղադրիչներից է, որի պաշտպանության նպատակներով էլ կազմակերպվում են տարբեր փառատոններ: Դրանց նպատակը ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների արմատավորումն է:
 
Փառատոնները, ըստ նախարարի, ցուցիչ են, թե որքանով են կապված գյուղացիներն իրենց համայնքին: Այս փառատոնները խոհանոցից զատ, հոգեւոր-մշակութային ժառանգությունը, բանահյուսությունը, բարբառը, երգ-երաժշտությունն են ներկայացնում:
[[gallery8]]
«Ասկերանի շրջանի Խասկ գյուղում կազմակերպեցինք թոնրահացի փառատոն: Հաճելիորեն զարմացանք, երբ պարզեցինք, որ գյուղի բոլոր կանայք հացը թոնիրով են թխում: Սա մեծ արձագանք գտավ: Ապա հաջորդեց Զբոսաշրջության վարչության կազմակերպած՝ գինու, թթի փառատոնները: Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում Արցախյան թթվի, Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում՝ Խնոցու եւ Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում Ժենգյալով հացի փառատոններ անցկացրեցինք»,- պատմում է Նարինե Աղաբալյանը:

Համայնքների զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու, ներքին եւ արտաքին տուրիզմը զարգացնելու անհրաժեշտությունն Արցախում եւս առկա է: Նման փառատոնների շնորհիվ մարդիկ այցելում են այնպիսի համայնքներ, որտեղ նախկինում չեն եղել, ծանոթանում տեղի մշակույթին ու ազգագրական առանձնահատկություններին:
[[gallery9]]
«Մեր առաջնային նպատակն է, որ գյուղական բնակավայրերում ապրողները հասկանան, որ պետք չէ ձգտել դեպի քաղաքներ, եւ որ նրանք իրենց ինքնատիպությամբ զարգացման լավ հիմքեր կարող են ստեղծել»,- նշում է նախարարը:

Արցախյան փառատոններին ներկա են լինում նաեւ մեծ թվով օտարերկրացի զբոսաշրջիկներ, մեծ հետաքրքրություն է առաջացել տուրօպերատորների շրջանում: Այս պահին, սակայն, մի քանի փառատոնների օրերը դեռ հստակ սահմանված չեն, կարգավորման ենթակա հարցեր կան, որոնց լուծումից հետո արդեն կսկսեն զբաղվել դրանց գովազդով:

Նարինե Աղաբալյանը հույս է հայտնում, որ այս մշակույթը կզարգանա նաեւ Արցախում ու կխթանի զբոսաշրջությունը:

Մարի Թարյան

Читайте на 123ru.net