Новости по-русски

Հայաստանում կանցկացվի առաջին «Լսարան»-ը

Նոյեմբերի 5-ից 6-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Լսարան» մշակութային եւ կրթական հայկական կոնֆերանսը։

«Լսարան»-ի կարգախոսն է՝ «Հայերի եւ ընկերների համար». նախագծին կարող են մասնակցել ոչ միայն հայերը, այլեւ ուրիշ ազգերի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են հայկական մշակույթով, արվեստով, պատմությամբ։

Ի սկզբանե «Լսարանը» սփյուռքյան նախագիծ էր եւ անցկացվում էր Ռուսաստանում։ Այն մասին, թե ինչպես եւ ինչու նախագիծը «ժամանեց» հայրենիք Մեդիամաքսին պատմել է նախագծի նախաձեռնող եւ ղեկավար Եվգենյա Տերյանը:

«Լսարան»՝ «անիրական արձակուրդ»

Առաջին «Լսարան» կոնֆերանսը անցկացվել է Ռուսաստանում 2015 թվականին։ Ի սկզբանե նախագիծը ստեղծվել էր որպես կրթական հարթակ՝ համախմբելու հայերին ու նրանց ընկերներին։

«Լսարան»-ում թվում է, որ ինչ-որ անիրական արձակուրդում ես հայտնվել՝ ընտանիքի, բարեկամների եւ այստեղ գտնված նոր ընկերների հետ միասին: Մարդիկ իսկապես գալիս են ընտանիքներով՝ փոքրիկների համար մանկապարտեզ ունենք եւ առանձին ծրագիր երեխաների եւ դեռահասների համար:

«Լսարան»-ի ձեւաչափը ենթադրում է մի քանի զուգահեռ դասախոսություններ ժամը մեկ, եւ մասնակիցներն իրենք են ընտրում, թե որին մասնակցել։ Այս տարի նախատեսում ենք ժամում մեկ երեք տարբեր դասախոսություն անցկացնել, սակայն ունեցել էինք կոնֆերանսներ, երբ զուգահեռաբար հինգ դասախոսություն էինք անցկացնում։ «Լսարան»-ի կարեւոր բաղադրիչներից է ընտրության ազատությունը։

Մեր թեմաները շատ տարբեր են՝ անիմացիա, քաղաքականություն, մարքեթինգ, հոգեբանություն եւ այլն: «Լսարան»-ի համար կարեւորը թեման չէ, այլ կրթական բովանդակության որակը։

Երեկոյան միշտ ունենում ենք մասնակիցների ծանոթությունն ու շփումը դյուրացնելու ձեւաչափեր՝ ինտելեկտուալ խաղեր, համերգներ։ Դրանց դեպքում դարձյալ գործում է «Լսարան»-ի ընտրության ազատության սկզբունքը։ Ընտրում ենք երաժշտական տարբեր ուղղություններ՝ ֆոլքից մինչեւ ծանր մետալ, որպեսզի յուրաքանչյուրը լսի այն, ինչ իր համար հետաքրքիր եւ հաճելի է։

Ինչպես հայտնվել «Լսարան»-ում
 
Մասնակցելու համար անհրաժեշտ է տոմսեր գնել lsaran.info կայքից։ Մասնակցության համար մեզ մոտ վճարում են բոլորը, այդ թվում՝ ես։ Մենք սուբսիդավորում ենք կամավորների եւ դասախոսների մասնակցությունը, ովքեր նույնպես ելույթ են ունենում կամավորական հիմունքներով։

Այս տարի «Լսարան»-ը կանցկացվի նոյեմբերի 5-ից 6-ը Աղվերանի Arturs Aghveran Resort-ում։ Կարելի է նաեւ մեկ օրվա տոմս ձեռք բերել եւ գալ Աղվերան առանց գիշերակացի։

Այնքան տարբեր եւ այնքան նման

«Լսարան»-ը սփյուռքյան նախագիծ է. ինքս Մոսկվայի սփյուռքի ներկայացուցիչ եմ եւ 30 տարուց ավելի Հայաստանում չեմ ապրել։ Ի սկզբանե գաղափարս այն էր, որ ժամանակի ընթացքում «Լսարան»-ը կլինի բոլոր այն երկրներում, որտեղ կա հայկական սփյուռք։

2022 թվականի մարտին տեղափոխվեցի Հայաստան։ Որոշ ժամանակ ապրելով այստեղ՝ հասկացա, թե որքան փակ ենք ապրում մոսկովյան սփյուռքի ներսում։ Նույնը վերաբերում է մնացած սփյուռքներին՝ իրանահայերին, սիրիահայերին, լիբանանահայերին: Նրանք բոլորն ունեն իրենց շփման շրջանակը, իրենց սովորությունները, սիրելի ռեստորանները։ Մերձավոր Արեւելքից եկած հայերը, օրինակ, հիմնականում ռուսերեն չեն խոսում, եւ սկզբում, երբ ես դեռ վարժ հայերենին չէի տիրապետում, շփվում էինք անգլերենով։

Մի անգամ Երեւանում վարսավիրանոց գնացի, որտեղ աշխատում են Սիրիայից, Լիբանանից, այժմ՝ նաեւ Մոսկվայից ժամանած հայեր։ Բոլորն այստեղ ապաստան էին գտել համաշխարհային տարբեր աղետներից։ Տեսնելով հայկական սփյուռքի այս «խառնուրդը»՝ գիտակցեցի, թե որքան տարբեր ենք բոլորս եւ միաժամանակ՝ նման։ Ուստի որոշեցի, որ «Լսարան»-ը առաքելություն ունի նաեւ Հայաստանում։

Դասախոսներ տարբեր սփյուռքներից

Այս տարի մենք կունենանք ավելի քան 20 բանախոս, ինչպես նաեւ պանելային քննարկումներ: Ակնկալում ենք 150-200 մասնակից։ Սովորաբար նրանք ավելի շատ են, սակայն այս անգամ որոշեցինք սահմանափակել թիվը՝ հասկանալով, որ Հայաստանում ոչ բոլորն են ծանոթ ձեւաչափին։

Խնդիր էինք դրել հրավիրել ինչպես տեղացի դասախոսների, այնպես էլ տարբեր սփյուռքերից: Դժվար էր, բայց հիմնականում ստացվեց։ Նույնիսկ կամավորներ ենք ունենալու սփյուռքի տարբեր համայնքներից։

Դասախոսությունները կանցկացվեն երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Ինչպես եւ Մոսկվայում, «Լսարան»-ը բաց է ոչ միայն հայերի, այլեւ բոլոր նրանց համար, ով Հայաստանն իր տունն է համարում։ Ռուսաստանում մեզ համար կարեւոր էր հայերին ինտեգրել տեղի միջավայրին եւ տեղացիներին պատմել, թե ով ենք մենք: Իսկ այստեղ ցանկանում ենք տեղական միջավայրին ինտեգրել հայկական տարբեր համայնքների ներկայացուցիչներին եւ Հայաստան տեղափոխված օտարազգիներին:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյան

Читайте на 123ru.net