Հայ աշակերտների ստեղծած սարքն ուղարկվել է տիեզերք
«Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը որպես «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի հաղթող այսօր ուղարկվել է տիեզերք։
«Այբ» դպրոցի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում եւ ուղարկվել բաց տիեզերք՝ մինչեւ 125 կմ բարձրություն՝ հատելով տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։
Սարքը տիեզերքում մնացել է 2-3 րոպե եւ այդ ընթացքում տվյալներ հավաքել հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի եւ ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության եւ օզոնի կոնցենտրացիայի մասին։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին հետ է վերադարձել:
«Հնդկական SkyRoot տիեզերական ընկերությունը սուբօրբիտալ հրթիռ է թռցրել (125կմ), որի մեջ նաեւ Հայաստանում նախագծված փոքրիկ սարք է տեղադրած՝ Հայաստանի դրոշը վրան նկարած: Դրա նպատակը չափումներ անելն է»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Bazoomq Space Research Lab-ի խորհրդատու, Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
«Ինչպե՞ս սա հնարավոր դարձավ։
SkyRoot-ի ինվեստորներից մեկը հայ է, մեր լավ ընկերը։ Նա Ներսես Օհանյանին ծանոթացրեց SkyRoot-ի հիմնադրի հետ, եւ Ներսեսն անցյալ տարի հիմնադրին հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու DigiTech-ին։ Հետո մենք ծանոթացրեցինք նրան Bazoomq Space Research Lab-ի հետ։
Այստեղ հենց առաջացավ միտք, որ հայ դպրոցականները կարող են սարք նախագծել եւ տեղադրել այդ հրթիռի մեջ։
HyeTech-ը եւ Bazoomq Space Research Lab-ը բաց մրցույթ կազմակերպեցին դպրոցների մեջ եւ այն հաղթեց «Այբ» դպրոց / Ayb School-ի թիմը»,- հայտնել է Դավիթ Բաղդասարյանը։
SkyRoot-ի հրթիռի գործարկման տեսանյութը․
«Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի նպատակն է պատանիների եւ երիտասարդների շրջանում խթանել STEM կրթությունը, մասնավորապես, ռոբոտաշինությունը: Նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տվել հաղթող թիմին տիեզերք ուղարկել իր ստեղծած սարքը։