Փաշինյան. Պետք է միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լաչինի միջանցք
Ելույթ ունենալով կառավարության նիստում, վարչապետը, մասնավորապես, ասել է.
«Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է:
Էական է նաեւ արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, իմ համոզմամբ, ամենախորը եւ իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց Հայրենիքում, եւ միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը: Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, եւ Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»: