Ներկայացվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի բնույթը
Գարեգին Մելքոնյանն ասել է, որ ոլորտային 28 ուղղությունները կվերանայվեն, սակայն դրանցից որեւէ մեկը դուրս չի մղվի նոր համաձայնագրից:
«Ասոցացման համաձայնագրում կային քաղաքական, իրավապայմանագրային եւ 28 տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ բլոկներ: Դրանցից առանձին կար նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր (ԽՀԱԱՀ-DCFTA), որը ենթադրում էր մաքսերի փոխադարձ զրոյացում: ԽՀԱԱՀ-ին վերաբերող որոշ տարրեր, ինչպես օրինակ տարիֆային արտոնությունը, մաքսերի զրոյացումը, նոր համաձայնագրում չեն ներառվի՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները ԵՏՄ շրջանակում: Սակայն մի քանի ոլորտներ համաձայնագրի առեւտրատնտեսական հատվածից կպահպանվեն, օրինակ՝ համագործակցությունը գիտության, բնապահպանության, հանքարդյունաբերության, տնտեսական երկխոսության, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, տուրիզմի, գյուղատնտեսության, տարածքային զարգացման եւ այլ ոլորտներում: ԽՀԱԱՀ-ից կներառվեն նաեւ մտավոր սեփականության պաշտպանության, որակի ենթակառուցվածքների, սննդի անվտանգության, մաքսային համագործակցության, վեճերի կարգավորման ոլորտներում համագործակցությունը»,- ասել է Գարեգին Մելքոնյանը:
Նա հիշեցրել է, որ դեռեւս այս տարեսկզբին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ անցկացվել են մասնագիտական քննարկումներ:
«Այդ աշխատանքների նպատակն էր քննարկել, հասկանալ, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ինչպիսի՞ օրակարգ է հնարավոր ձեւավորել: Բանակցային տեսանկյունից այդ քննարկումներն օգտակար էին, քանի որ հիմա մենք ունենք այն ընկալումը, թե ինչի շուրջ ենք խոսելու եւ նոր համաձայնագրում ինչ կարող ենք ներառել»,- ասել է փոխնախարարը:
«Հիմնվելով նախկինում բանակցված փաթեթի վրա՝ այսօր ունենք լավ նախադրյալներ այս բանակցություններն արագ տեմպերով առաջ տանելու համար: Հուսով եմ` մինչեւ տարեվերջ կտրվի բանակցությունների մեկնարկը»,- հավելել է Գարեգին Մելքոնյանը: