Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի բնույթը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագրում կպահպանվեն առեւտրատնտեսական համագործակցության բոլոր 28 ոլորտները, որոնք ավելի վաղ տեղ էին գտել ՀՀ-ԵՄ միջեւ բանակցված Ասոցացման համաձայնագրում:
Այսօր «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ Գարեգին Մելքոնյանն ասել է, որ ոլորտային 28 ուղղությունները կվերանայվեն, սակայն դրանցից որեւէ մեկը դուրս չի մղվի նոր համաձայնագրից:
«Ինչպես հիշում եք, Ասոցացման համաձայնագրում կային քաղաքական, իրավապայմանագրային եւ 28 տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ բլոկներ: Դրանցից առանձին կար նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր (ԽՀԱԱՀ), որը ենթադրում էր մաքսերի փոխադարձ զրոյացում: Ակնհայտ է, որ ԽՀԱԱՀ-ին վերաբերող որոշ կոմպոնենտներ, ինչպես օրինակ տարիֆային արտոնությունը, մաքսերի զրոյացումը, նոր համաձայնագրում չեն ներառվի՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները ԵՏՄ շրջանակում: Սակայն մի քանի ոլորտներ համաձայնագրի առեւտրատնտեսական հատվածից կպահպանվեն, օրինակ՝ համագործակցությունը գիտության, բնապահպանության, հանքարդյունաբերության, տնտեսական երկխոսության, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, տուրիզմի, գյուղատնտեսության, տարածքային զարգացման եւ այլ ոլորտներում: ԽՀԱԱՀ-ից կներառվեն նաեւ մտավոր սեփականության պաշտպանության, որակի ենթակառուցվածքների, սննդի անվտանգության, մաքսային համագործակցության, վեճերի կարգավորման ոլորտներում համագործակցությունը»,- ասել է Գարեգին Մելքոնյանը:
Նա հիշեցրել է, որ դեռեւս այս տարեսկզբին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ անցկացվել են մասնագիտական քննարկումներ, որոնց նպատակ էր ուրվագծել կողմերի միջեւ համագործակցության այն շրջանակը, որը հնարավոր կլինի ներառել է նոր ստորագրվելիք իրավապայմանագրային փաթեթում:
«Այդ աշխատանքների նպատակն էր քննարկել, հասկանալ, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ինչպիսի՞ օրակարգ է հնարավոր ձեւավորել: Բանակցային տեսանկյունից այդ քննարկումներն օգտակար էին, քանի որ հիմա մենք ունենք այն ընկալումը, թե ինչի շուրջ ենք խոսելու եւ նոր համաձայնագրում ինչ կարող ենք ներառել»,- ասել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակն է լայն պահել ԵՄ-ի հետ համագործակցության ձեւաչափը, բայց ուշադիր լինել, որպեսզի նոր համաձայնագրում տեղ չգտնեն ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին հակասող ձեւակերպումներ:
Հոկտեմբերի 12-ին Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը թույլատրել էր Եվրոպական հանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ իրավական նոր համաձայնագրի շուրջ:
«Հիմնվելով նախկինում բանակցված փաթեթի վրա՝ այսօր ունենք լավ նախադրյալներ այս բանակցություններն արագ տեմպերով առաջ տանելու համար: Հուսով եմ` մինչեւ տարեվերջ կտվի բանակցությունների մեկնարկը: Կարեւորը բանակցությունների բովանդակությունն է»,- հավելել է Գարեգին Մելքոնյանը: