Մեկնարկել է Հայբիզնեսբանկի եւ ՀՊՏՀ-ի համատեղ ուսումնական ծրագիրը
Հոկտեմբերի 19-ին մեկնարկել է Հայբիզնեսբանկի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) համատեղ ուսումնական ծրագիրը:
Բանկում նշել են, որ ծրագրի շրջանակում համալսարանի «Բանկային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի 57 ուսանողներ կմասնակցեն վարպետության դասընթացների Հայբիզնեսբանկում:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայբիզնեսբանկի Աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը, որն արդյունավետ համագործակցության համար իր շնորհակալությունն է հայտնել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին եւ «Բանկային գործի եւ ապահովագրության» ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանին:
Մարի Ստեփանյանի խոսքով՝ Հայբիզնեսբանկի կողմից մշակվել է հատուկ ծրագիր ուսանողների համար, որպեսզի նրանք կարողանան ավելի հստակ պատկերացնել բանկային գործը:
Ապագա կադրերի համար վարպետության դասերն անցկացվելու են Հայբիզնեսբանկի լավագույն մասնագետների կողմից, որոնք հանդիսանում են բանկի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ելույթով հանդես է եկել նաեւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասլանյանը, որը վստահեցրել է, որ դասընթացների ընթացքում ուսանողները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ, ինչպես նաեւ կծանոթանան գործատուի պահանջներին:
Ծրագրով նախատեսված թեմաների շրջանակում առաջին հանդիպման ընթացքում Հայբիզնեսբանկի աշխատակիցները դասընթացավարի կարգավիճակում ուսանողներին ներկայացրել են բանկի կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները, ՀՀ բանկային համակարգի կարգավորման իրավական ասպեկտները եւ ներքին վերահսկողության ընթացակարգերը:
Վարպետության դասերը կավարտվեն այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերջում, իսկ մասնակից ուսանողներին կտրվեն մասնակցության հավաստագրեր: