Новости по-русски

Արցախյան երեք պատերազմները «Հակամարտության լրագրության դրվագներում»

«Դաժան մարտեր ճակատի ողջ երկայնքով», «Ռուսաստանը զենք է հանձնում Ադրբեջանին», «Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին», «Հայաստանը խաղում է միայնակ». այս գլխագրերն ավելի քան ծանոթ են նաեւ անկախության սերնդին, մինչդեռ վերցված են Արցախյան առաջին ազատամարտի տարիների մամուլից: Մի գլխագիր էլ հարցնում է՝ «Վերջ կունենա՞ արդյոք այս պատերազմը»: 30 տարի անց պատերազմի իրադարձային լրատվությունը դեռեւս չի հնացել:

2022թ. հունվարի 20-ին Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյան սրահում տեղի ունեցավ «Լրատուն» մեդիա թանգարանի «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրության բացումը:

«Լրատուն» մեդիա թանգարան նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Այն հանրությանն է ներկայացնում լրագրողների աշխատանքը վերջին տասնամյակների նշանակալի իրադարձություններն ու երեւույթներ լուսաբանելիս։

Մեդիա թանգարանի «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրությունը ներկայացնում է վերջին 30 տարիների ընթացքում հայկական մեդիայում Արցախյան հակամարտության լուսաբանման դրվագներ:

«Երբ մենք պատրաստում էինք այս ամենը, այլ ժամանակ էր, այլ տրամադրություն էր, այլ նպատակներ էին, ու մտածում էինք՝ արդյո՞ք հանրությանը հետաքրքիր կլինի այս ցուցադրությունը, քանի որ տարբեր հարցումներ ցույց էին տալիս, որ մարդիկ ամենակարեւորներից չէին համարում Ղարաբաղյան հիմնախնդիրը: Եվ հանկարծ  գալիս հասնում ենք մի իրավիճակի, երբ այս ամենը նորից դառնում է շատ եւ շատ կարեւոր»,- ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը:

Ցուցադրությունում կողք կողքի կարելի է տեսնել ինչպես Արցախյան առաջին պատերազմից, այնպես էլ 2016 եւ 2022 թվականների պատերազմներից լուսանկարներ: Թեեւ դրանց որակային որոշակի տարբերությունները հուշում են տարեթիվը, սակայն բովանդակային առումով տարբերությունները շատ չեն:

Media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանի խոսքով՝ այն ինչ-որ տեսնում են այցելուները սրահի պատերին, ցուցադրության շատ փոքր մասն է:

«Սա մուլտիմեդիա թանգարան է, գլխավոր բովանդակությունը հպէկրանների (touchscreen) մեջ է: Ունենք 4 հպէկրան, որից երկուսի մեջ հիմնական ցուցադրությունն է, երրորդում՝ մուլտիմեդիա մասն է, իսկ չորրորդում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության խաղերն են, քանի որ պատրաստվում ենք հյուրընկալել նաեւ դպրոցականների:

Հպէկրաններում մեր հիմնական բովանդակության մեջ կարող եք գտնել արխիվային լուսանկարներ, հոդվածներ, 90-ականների թերթերի ծաղրանկարներ, քարտեզների էվոլուցիա, բառապաշար: Ուսումնասիրողի տեսանկյունից շատ հետաքրքիր էր տեսնել, որ 90-ականների թերթերի եւ ներկայիս մամուլի հրապարակումները բառապաշարում գրեթե բան չի փոխվել»,- մանրամասնում է նա:

Ցուցադրության օրերին կազմակերպիչները նախատեսում են նաեւ հանդիպում-քննարկումներ ունենալ լուսանկարիչների, մուլտիմեդիա նյութերի հեղինակների հետ, հյուրընկալել դպրոցականների եւ ուսանողների:

Հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ ոլորտում մի կոնֆլիկտ կա. ոլորտի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ պատերազմը լուսաբանելիս լրագրողը պետք է կարողանա պահպանել իր չեզոքությունը եւ չդառնալ կոնֆլիկտի կողմ:

«Լրատուն» մեդիա թանգարանի հիմնադիր պրոդյուսեր Վահրամ Մարտիրոսյանն այս կարծիքը չի կիսում.

«Լրագրողը չի կարող չլինել հակամարտության կողմ: Հակամարտության ժամանակ հազարավոր մարդկանց արյուն է հոսում, միլիոնավորները տնանկ են դառնում: Չի կարող լրագրողը կողմ չլինել: Լրագրողը պետք է կողմ լինի, որպեսզի արդարությունը հաղթի եւ հակամարտությունը հարթվի: Բայց միեւնույն ժամանակ պետք է լինի արհեստավարժ, եւ իր լուսաբանումը չպետք է լինի միակողմանի»,- ասում է նա:

«Լրատուն․ հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրությունը բաց կլինի հունվարի 20-ից 29-ը, ամեն օր՝ ժամը 12:00-18:00-ը, բացի երկուշաբթի օրվանից։

«Հակամարտության լրագրության դրվագներ ցուցադրությունը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շվեյցարական «HEKS/EPER» եւ գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների եւ հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Գայանե Ենոքյան

Читайте на 123ru.net