Երեւանում պնդում են, որ «գնդակն Ադրբեջանի դաշտում է»
Արմենպրեսին տված հարցազրույցում նա ասել է, «անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից եւ մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները եւ դրանց հիմնավորումները, բայց դեռեւս արձագանք չենք ստացել»:
«Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է», - նշել է նախարարը:
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածը, որը կարգավորում է Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը, միջանցքի անխափան գործունեության ապահովման հետ կապված Հայաստանի որեւէ գործառույթ չի նախատեսում: Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, եւ այստեղ եւս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի:
Հավելեմ միայն, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն արդեն մոտենում է հումանիտար աղետի եւ միջանցքի անհապաղ չվերագործարկման պարագայում այստեղ միջազգային հանրության, այդ թվում եւ առաջին հերթին ՄԱԿ-ի մարդասիրական միջամտության ծայրահեղ անհրաժեշտություն կա», - ասել է Արարատ Միրզոյանը:
«Ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում: Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները եւ մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը եւ ահաբեկեցին երեխաներին: Այժմ այդ գործողությունները պատճառաբանվում են ականների մտացածին տեղափոխմամբ:
Հերթական անգամ ընդգծեմ՝ Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում եւ դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին եւ 2022թ. սեպտեմբերին: Ներկայումս նույնպես, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր:
Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը եւ հայտարարում թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով օկուպացված ՀՀ տարածքից», - ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Արարատ Միրզոյանը հավելել է, «մենք առաջարկում ենք Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ որեւէ այլ միջազգային կազմակերպության փաստահավաք խումբ ուղարկել եւ շարունակելու ենք առաջ մղել այս գաղափարը»: