Новости по-русски

Վահրամ Թադևոսյան. Իմ աղջիկը

Վահրամ Թադևոսյան. Իմ աղջիկը

Լռել էին ամռան վերջին ղողանջները: Աշնանային թխպամած օր էր: Հոգիս էլ էր տխուր: Երևի նրանից էր, որ հրաժեշտ էի տալու ուսանողական կյանքիս: Այդ խոհերով տարված` հեռուստացույց էի դիտում: «Պոեզիայի ժամ» հաղորդումն էր: Ներկայացնում էին Շիրազ բանաստեղծին: Հանկարծ ականջս շոյեց նրա խոսքերից մեկը.

Այն տունը, սի´րտ իմ, որ մանուկ չունի,
Լեզվակը պոկած զանգի է նման:

Լսեցի, մտքում հավանություն տվեցի, բայց խորությամբ կարծես չընկալեցի դրա իմաստը:

Անցան տարիներ: Ես էլ շատերի նման ընտանիք կազմեցի: Շուտով եկավ այն բաղձալի օրը, երբ կինս առավոտյան ականջիս շշնջաց. «Հայր ես դառնալու»: Չհասկացա` ինչ կատարվեց ինձ հետ: Սիրտս սկսեց արագ բաբախել ուրախությունի՞ց, թե՞ հուզմունքից` չգիտեմ: Թևեր առած քայլում էի` ինքս ինձ շարունակ կրկնելով, թե երբ է լույս աշխարհ գալու որդիս: Ինչպես բոլոր հայ տղամարդիկ, ես էլ մտածում էի, որ միայն արու զավակ պիտի ունենամ:

Հասավ սեռը իմանալու օրը: Սիրտս թպրտում էր: Մի քանի րոպե ևս, և հնչեց բժշկի ձայնը. «Աչքներդ լույս լինի. աղջիկ եք ունենալու»: Աչքերիս առաջ մթնեց: Աղջի՞կ… Երկար ժամանակ չէի խոսում: Ինձ թվում էր, թե մի արտառոց բան է պատահել, որն ամիսների ուրախությունս փոխեց  անորոշ մի զգացմամբ: Բոլորն ինձ շնորհավորում էին, իսկ ինձ թվում էր` ծաղրում են:

2015 թվական: Փետրվարի յոթ: Բաղձալի օր ընտանիքիս համար: Խինդ, ցնծություն: Օջախս լցվեց մանկան ճիչով: Հոգիս թնդում էր ուրախությունից, որն օրըստօրե ավելանում ու ավելանում էր: Գրկում էի օրորոցը և մոռանում թե´ աշխատանքը, թե´ հոգսերս: Նայում էի նրա անմեղ աչուկներին, փափլիկ թաթիկներին և հասկանում, թե ինչ սխալ եմ եղել ես: Չէ՞ որ նա էլ Աստծու  պարգևն է: Աղջիկ թե՞ տղա, ինչ՞ տարբերություն:

Շուտով հրաշքս` Էլենս, կդառնա ինն ամսական: Թոթովում է, փորձում քայլել… Նրա հետ անցկացրած ամեն մի վայրկյանը տոն է ինձ համար, մի նոր գարուն: Իմաստավորվել է կյանքս:

Հպարտ եմ, որ աղջիկ ունեմ և կոչ եմ անում բոլոր ծնողների զերծ մնալ սեռով պայմանավորված երեխա ունենալուց:

Աստված պահապան բոլոր երեխաներին:

Читайте на 123ru.net