Новости по-русски

Մերուժան Հովակիմյան. Իմ աղջիկը

Մերուժան Հովակիմյան. Իմ աղջիկը

Իմ աղջիկ… իմ աղջիկներ.. իմ հարստությունները, որոնց մասին գրեթե երբեք չեմ բարձրաձայնում, միայն այն ժամանակ եմ խոսում, երբ գինովցած եմ լինում  ու արտահայտում եմ գուցե գիտակցված կամ չգիտակցված այն ամենը, ինչը իրականում ու սթափ վիճակում երեւի թե երբեք էլ չեմ ասի: Կյանքիս այս փուլում, երբ մահվան եւ կյանքի պայքարի մեջ էի, եւ Աստծո կամքով հաղթեց կյանքը՝ ինձ գամելով հաշմանդամության սայլակին,  աղջիկներս իմ թեւ ու թիկունքը դարձան հերթական անգամ:  Ու այս մրցույթը գուցե այն հրաշալի առիթն էր,  որի օգնությամբ  պետք է բարձրաձայնեի, հուզմունքով պատմեի իմ  չորս օրհնությունների մասին: Վստահ եմ նաեւ, որ պատահական չի եղել, եւ Աստված է էդպես կամեցել, որ չորս աղջիկներս  տարվա չորս եղանակները լինեն. Սոնաս գարունն է՝ գարնանը բնորոշ տարօրինակ խենթություններով, հիասթափություներով ու հաղթանակներով միշտ առաջ քայլող, հավատով ու մարդկանց հանդեպ ունեցած վարակիչ սիրով,  Նոնաս ՝ երաժշտական աստվածային տաղանդով օժտված ու ամռան նման կենսախինդ, առատ, Սիրանուշս՝ իր լավատեսությամբ, առաջատարությամբ, կյանքի հանդեպ ունեցած անսահման մեծ սիրով պայքարի ելած,  Հռիփսիմես՝ ցուրտ ու մութ տարիների  ծնունդ, ձմռան ծնունդ, բայց պայծառ,  աշխույժ ու նվիրյալ հոգի, շարժիչ ուժ, ոգեւորող ու առաջ մղող: Գրում եմ անկեղծ  ու մեծ հայրական սիրով, սեր, որ գուցե հային բնորոշ խառնվածքով, երբեք չեմ արտահայտում, սեր, որ պահում եմ հոգուս խորքում, ու միայն այն ժամանակ եմ ցույց տալիս, երբ ծնողական պարծանքով խոսելու պահն է գալիս:

Իմ աղջիկներ… Հարուստ մարդ եմ, ինչ խոսք, հարուստ պապիկ, իմ  ընտանեկան ներկապնակի գույներն ավելանում են , ավելանում…. Ու ես ուզում եմ բարձրաձայն գոռալ. հայրե՜՜՜ր, աղջիկ ունենալն ամոթ չէ, աղջիկ ունենալը թանկագին նվեր է, անփոխարինելի արժեք, Աստծո կողմից արված հաճոյախոսություն  ձեր սիրելի կանանց: Հայրե՜՜ր , անսահման սիրեք ձեր երեխաներին անկախ սեռից, սիրեք եւ ամեն պահը բաց մի թողեք ասելու նրանց . “Ես սիրում եմ քեզ, ի՛մ հրաշք բալիկ , ի՛մ հրաշք աղջիկ …”

Читайте на 123ru.net