Новости по-русски

«Մենք բոլորս հայ ենք». սփյուռքի ինքնության խնդիրները 18 հեղինակների աչքերով

2023թ. մարտի 14-ին ամերիկյան University of Texas Press հրատարակչությունը լույս է ընծայել «Մենք բոլորս հայ ենք. ձայներ Սփյուռքից» (We Are All Armenian: Voices from the Diaspora) գիրքը:

«Ժողովածում ներկայացնում է կայացած եւ սկսնակ հայ հեղինակներին, որոնք մտորում են հայկական ինքնության այսօրվա բարդությունների մասին: Այս անձնական պատմությունները ներկայացնում են սփյուռքի ձայները, որոնք պատմականորեն լռեցվել են իրենց համայնքների ներսում: Այս ժամանակակից անթոլոգիայի 18 մասնակիցները ուսումնասիրում են տեղահանման, ձուլման, ժառանգության եւ տան ավելի լայն սահմանումների խնդիրները: Նրանցից շատերը հարց են տալիս՝ ինչ է նշանակում հայ լինելը հաճախ չճանաչված համայնքում», - ասվում է ժողովածուի պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Մենք բոլորս հայ ենք. ձայներ Սփյուռքից» գիրքը խմբագրել է գրող Արամ Մրջոյանը։

Գիրքը բարձրաձայնում է լռության մատնված համայնքների պատմությունները, որոնցում խոսվում է տեղահանման, ձուլման ու «տուն» հասկացության մասին:

«Հայոց ցեղասպանությունից մեկ դար հետո այն վերապրած հայերն ու նրանց սերունդները ներկայացրել են իրենց անցած ճանապարհը՝ օգտագործելով գրականությունն ու ակտիվիզմը՝ հայկական մշակույթի երկու կարեւորագույն բնագավառները: Տան եւ ինքնության հետ կապված խնդիրներին բախվելով՝ սփյուռքահայ գրողները ստիպված են նորից ու նորից ներկայացնել իրենց հետ տեղի ունեցածը, քանի որ այս պատմությունը շարունակվում է լայնորեն «ջնջված» մնալ: Այս պատմությունը պատմելու համար պետք է հավասարակշռություն պահել անցյալի համատեքստի ու ներկայի լուսաբանման միջեւ, ինչպես նաեւ հարգել մշակույթը, նույնիսկ եթե ինքներդ ձեզ կորած եք համարում դրանում»,- ասված է գրքի նախաբանում։

Մեդիամաքսը զրուցել է Արամ Մրջոյանի հետ։

- Սկսենք վերնագրից. ինչպե՞ս որոշվեց գիրքն անվանել «Մենք բոլորս հայ ենք. ձայներ Սփյուռքից»:

- Անթոլոգիայի անվանումը զարգացավ նախագծի հետ։ Երբ հեղինակներից ստանում էի առաջին ձեռագրերը, դրանք անվերնագիր էին: Ընթացքում սկսեցի ինքս անվանում փնտրել դրանցում:

Սկզբում այն կոչվում էր «Պատկերացնել եւ տեսնել. ձայներ Սփյուռքից» (Imagining And Seeing։ Voices From Diaspora), ինչը վկայակոչում էր Քրիս Մաքքորմիքի նյութը: Խմբագրի եւ մամուլի թիմի հետ քննարկման արդյունքում, սակայն, որոշվեց գիրքն անվանել «Մենք բոլորս հայ ենք. Ձայներ Սփյուռքից», որն իսկապես փոխանցում է հավաքածուի ոգին։  

- Ինչպե՞ս առաջացավ գրքի գաղափարը, ի՞նչ նպատակ ունի այն:

- Գիրքն անձնական հետաքրքրվածության ու համայնքի կարիքների միախառնում է: Շատ էի կարդում հայ գրողների ու ցանկանում էի որեւէ համատեղ նախագիծ ստեղծել: Երբ Թեքսասի համալսարանից ինձ ուղարկեցին իրանական սփյուռքի ձայների անթոլոգիան, շատ ոգեշնչվեցի եւ ցանկացա նման նախագիծ առաջարկել: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էի, եւ զուգահեռ աշխատում էի նաեւ թեզիս վրա:

Դժվարանում եմ ասել, որ գիրքն ունի կոնկրետ որեւէ նպատակ, քանի որ սիրում եմ տեսնել, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոփոխվում արվեստը, տարիների հետ այն կարող է տարբեր իմաստներ ձեռք բերել: Այս պահին, սակայն, ինձ հիմնականում հետաքրքրում է, թե այս գիրքն ինչ երկխոսություններ կստեղծի հայկական համայնքների միջեւ ու դրանցից դուրս:

- Ի՞նչ սկզբունքով են ընտրվել գրքի հեղինակները։

- Հեղինակները նոր ձեւավորվող ու արդեն կայացած ժամանակակից սփյուռքահայ արվեստագետներ են: Ինձ համար կարեւոր էր կապ հաստատել երկու գրողի հետ, որոնցով հիանում էի, ինչպես նաեւ՝ ընդգրկել սկսնակ հեղինակների: Ընտրության փուլը մեծ գործընթացի մի մասն էր միայն եւ ինձ անհրաժեշտ էր որոշել՝ ովքեր են ընդգրկվելու գրքում, մինչեւ հրատարակչի հետ պայմանագրի կնքումը: Սա նշանակում էր, որ պետք է շատ ընթերցեի ու ուսումնասիրեի:

Գիրքն ամբողջությամբ կազմելու համար պահանջվեց մոտ 3 տարի: Գրելը գործընթացի ընդամենը մի փոքր մասն էր, որից հետո եղել է նյութը վերանայելու մի քանի փուլ: Բավականին ժամանակ պահանջվեց, որ անթոլոգիան պատրաստ լինի հրապարակման: Չեմ կարող մանրամասն խոսել էսսեների բովանդակության մասին, քանի որ ես չեմ դրանց հեղինակը, բայց էսսեներում ընդգծված է մի քանի թեմա, այդ թվում՝ «ինքնակոչի համախտանիշը» եւ «տուն» հասկացությունը: Կարող եմ ասել, որ այս թեմաները երկխոսություն են ստեղծում նաեւ հեղինակների միջեւ ու նախագիծն ավելի ընդգրկուն են դարձնում:

- Ո՞րն է նման անթոլոգիայի կարեւորությունը: Արդյոք միտք ունեիք համախմբել Սփյուռքում ստեղծագործող հայ հեղինակներին:

- Հուսով եմ՝ գիրքը քննարկումների ու երկխոսությունների կբերի ու կոգեշնչի ոչ միայն հայ, այլեւ՝ օտարազգի արվեստագետների: Չէի ակնկալում, որ անթոլոգիան շատ ընդգրկուն կլինի, քանի որ, ցավոք, չէի կարող ընդունել ու մշակել մեծ թվով ստեղծագործություններ: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ գիրքն ընդգրկուն է ստացվել ու ընթերցողներին լսելի են տեսակետներ, որոնք ոչ մի այլ տեղում նրանք չեն կարող գտնել:

- Ի՞նչ էթնիկ նրբերանգներ կան գրքում, այս առումով ի՞նչ է բացահայտում ընթերցողը գրքում։

- Հուսով եմ՝ կարողացել ենք բացահայտել հիմնական նրբերանգը, որ յուրաքանչյուր փորձ յուրահատուկ է, նույնիսկ եթե ձեր պատմություններում կան նմանություններ:

Գրքի ներածության մեջ նշում եմ.

«Սփյուռքահայերին հնարավոր չէ կապել ու նկարագրել էսսեներով, որոնց թիվը հայկական Սփյուռքի բնակչության թվից շատ ավելի փոքր է: Սա պարզապես յուրաքանչյուր մարդու ու համայնքի հակիրճ նկարագրություն է»: Ինձ համար կարեւոր է խուսափել սխալ ընդհանրացումներից ու հուսով եմ՝ սա փոխանցվում է ընթերցողին՝ ներածությունից մինչեւ գրքի ավարտ:

- Գրքի որոշ հատվածներում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: Սա միտումնավո՞ր եք արել, որպեսզի գրավեք ընթերցողի ուշադրությունն այս հարցի ուղղությամբ:

- Հայոց ցեղասպանությունը քննարկել-չքննարկելու որոշումը թողել եմ հեղինակներին, քանի որ որպես խմբագիր նպատակ ունեի նրանց ազատ ստեղծագործելու հնարավորություն տալ: Անկեղծ ասած՝ կարծում էի, որ գրքի ընթերցողներից շատերն արդեն իսկ ծանոթ կլինեն Հայոց ցեղասպանության պատմությանն ու դրա հիշատակումը ոչ այնքան ուշադրություն կգրավի, որքան կլինի ընդհանուր համատեքստի մաս:

Չեմ կարող վերահսկել, թե ընթերցողն ինչ կստանա այս գրքից, բայց հուսով եմ՝ նա կցանկանա առավել շատ ուսումնասիրել այս թեման:

- Գրքում գեղեցիկ մանրամասներով նկարագրված է Հայաստանն ու Երեւանը: Արդյո՞ք սա ուղերձ է Սփյուռքի հայերին, որ կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ լինեն իրենց հայրենիքում եւ ճանաչեն Հայաստանը։

- Հիանալի հարց է, բայց ես դժվարանում եմ պատասխանել դրան: Փորձում եմ հայերի մասին ընդհանրացումներով չխոսել ու չեմ ուզում ասել, որ մեկի փորձն անպայման դուր կգա բոլորին: Ինքս էլ երբեք չեմ եղել Հայաստանում, չնայած՝ միշտ ցանկացել եմ: Հուսամ՝ ապագայում նման առիթ կլինի, բայց սա իմ անձնական որոշումն է:

Ինչպես յուրաքանչյուր գրող ունի իր պատմությունն, այնպես էլ յուրաքանչյուր մարդ պետք է կայացնի ինքնուրույն որոշումներ. ինչպես վերաբերվել սեփական ժառանգությանն ու ինչպես ուսումնասիրել այն:

***

Էսսեներից մեկի հեղինակը Քրիս ՄքՔորմիկն է: Նրա մայրը հայուհի է, հայրը՝ ամերիկացի: 2020 թվականին լույս է տեսել Քրիսի The Gimmiks («Հնարքներ») վեպը, որը տեղ է գտել The New York Times-ի խմբագիրների ընտրանում:

Countries Real and Imagined: Chris McCormick on Creating His Own Armenia («Իրական եւ երեւակայված երկրներ. Քրիս ՄքՔորմիկն իր ուրույն Հայաստանը ստեղծելու մասին») էսսեում հեղինակը պատմում է Հայաստան կատարած ճանապարհորդության մասին:

Նա, մասնավորապես, գրում է.

«Հայաստան էի եկել իմ՝ արդեն իսկ գրված վեպի ուսումնասիրության համար, տեսնելու այն վայրը, որը պատկերացնում էի ողջ կյանքիս ընթացքում:

«Հնարքներ» գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մորս՝ Խորհրդային Հայաստանի հայրենի քաղաքի հորինված տարբերակում, որտեղ ընտանիքը պայքարում է ցեղասպանության հետեւանքների դեմ, նրանից հետո, երբ ընտանիքի անդամներից մեկը հավաքագրվում է Թուրքիայի  կառավարությանը պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Միայն գիրքն ավարտելուց եւ հրատարակչությանը վաճառելուց հետո՝ պայմանագրի ստորագրման եւ ձեռագրի ավարտի միջեւ ընկած այդ ժամանակահատվածում, երբ սիրո եւ ցավի բոլոր հնարավորությունները նույնքան շոշափելի/իրական էին, որքան գալիք գիրքը, պլանավորեցի ճամփորդությունս:

Երբ ինքնաթիռը սկսեց վայրէջք կատարել, հանկարծ ինձ վատ զգացի: Իսկ եթե իմ պատկերացրած յուրաքանչյուր մանրուք կեղծ է, եթե իմ նկարագրած յուրաքանչյուր տեսարան սխալ է: Ին՞չ էի մտածում, ո՞վ եմ ես, որ հորինում եմ մի տեղ, որը հորինման կարիք չունի: Ինքնաթիռն իջնելուն պես, խառնվեցի իրար։ Ես պետք է հրաժարվեի արդեն գրված գրքից եւ սկսեի զրոյից»։

Արամ Մրջոյանի հետ զրուցել է Դալար Քալլուկյանը

Читайте на 123ru.net