Новости по-русски

Գուրգեն Ենգոյան. Իմ աղջիկը

Հիշում եմ, տասը տարի առաջ սրտի ինչպիսի տրոփյունով էի սպասում քո ծնվելուն: Հակառակ հայ ընտանիքներում ընդունված իրողության` որտեղ, մեղմ ասած, այնքան էլ ուրախ չեն աղջիկ երեխայի ծննդին, ես անասելի երջանիկ էի, որ աստված ինձ հնարավորություն տվեց լինելու հայր դառնալ մի բացառիկ հրաշքի համար: Անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ նույնիսկ այն օրերին, երբ թվացել է, թե կորցրել եմ կյանքի նկատմամբ ամեն մի հետաքրքրություն, եւ դժվարությունները կարողացել են ճկել իմ կամքը, տուն վերադառնալով` տեսել եմ քեզ ինձ ընդառաջ վազելիս եւ հասկացել, թե մի քանի րոպե առաջ ինչքան հիմար եմ եղել: Կյանքի նկատմամբ քո բացառիկ վերաբերմունքը, զարմանալի, տարիքին ոչ բնորոշ մտքերի ու հարցերի հեղեղը, որ հիմա էլ հաճախակի թափվում է իմ գլխին, ստիպում են ինձ ամեն անգամ փոխել կարծիքս այն մասին, որ արդեն բավականին բան գիտեմ եւ ունեմ փորձառություն` դիմանալու քո «անսպասելի հարձակումներին»…

…Հիշում եմ երեք տարի առաջ աղջկաս մատուցած հերթական անակնկալը: Բաթումի քաղաքում անցկացվող շախմատի պատանեկան միջազգային մրցաշարի օրերին, որին մասնակցում էր նաեւ արդեն յոթամյա պայքարի փորձ ունեցող եւ իր տարիքային խմբի մեջ կայուն խաղ եւ հաղթանակներ արձանագրող որդիս, ընթանում էր շախմատի սիրողական բացօթյա խաղ` գետնի վրա գծված մեծ խաղատախտակի վրա` հսկա խաղաքարերով: Մասակիցների խաղային որակներին հետեւելով մենք արդեն կորցրել էինք հետաքրքրությունը մրցաշարի նկատմամբ եւ ուզում էինք հեռանալ, երբ աղջիկս անսպասելի ցանկություն հայտնեց մտնել խաղի մեջ: Մինչ այդ պահը, ոչ մի անգամ նա շախմատ չէր խաղացել, ավելին, շատ հազվադեպ էր հետաքրքրություն ցուցաբերել տանը եւ մրցաշարերի օրերին հոր եւ եղբոր միջեւ ընթացող «շախմատային հակամարտություններին» եւ ինչու չէ նաեւ որոշ խաղադիրքերի հետ կապված անզիջում վեճերին: Իմ բոլոր փորձերը համոզել աղջկաս, որ անիմաստ է շախմատ խաղալ, թեկուզ սիրողական մակարդակով, երբ քեզ ոչ ոք չի սովորեցրել այդ խաղի կանոններին, անցան ապարդյուն եւ եղբոր հեգնական հայացքի ներքո նա իջավ դիտորդների համար նախատեսված հարթակից ու մոտեցավ խաղացողների խմբին: Այն ինչ կատարվեց աղջկաս խաղի մեջ մտնելուց հետո` անպատմելի զարմանք ու հետո նաեւ աննկարագրելի հիացմունք պատճառեց ոչ միայն մեզ երկուսիս, այլ նաեւ բոլոր հավաքվածներին: Խաղասկզբում կորցնելով երկու-երեք զինվոր, անզգուշաբար տալով փիղն ու նավակը, աղջիկս,  երբ բոլորը կարծում էին, որ խաղը կարելի է ավարտված համարել, ոչ միայն հրաժարվեց հանձնվել, այլ  թագուհով ու մնացած ֆիգուրներով այնպիսի հարձակում սկսեց հակառակորդի արքայի վրա, որ շուտով վերջինս ստիպված էր ընդունել իր պարտությունն ու գլխիկոր հեռանալ: Միայն տեսնել էր պետք, թե ինչպիսի հանգստությամբ աղջիկս ընդունեց «անսպասելի փառքի եւ հանաճանաչության» առաջին դրսեւորումները, որ անծանոթ մարդիկ ցուցաբերում էին նրա նկատմամբ` ծափերի ու բացականչությունների տեսքով, կարծես դա սովորական բան էր եւ տարած հաղթանակը հերթականներից մեկն էր: Սակայն երբ երեկոյան ես առաջարկեցի նրան առաջիկայում եղբոր հետ միասին հաճախել շախմատի պարապմունքների, աղջիկս զարմացած նայեց ինձ եւ ամենայն լրջությամբ պատասխանեց` հավանաբար կրկնելով եղբոր, ինչ-որ ժամանակ նրան ասված խոսքերը, որ աղջիկները լավ շախմատիստ չեն կարող լինել եւ քանի որ ինքը երբեք չի կարողանա հաղթել եղբորը, անիմաստ է համարում շախմատի գնալը…

…Բացառիկ երաժշտականությունը աղջկաս մատուցած գլխավոր անակնկալն էր իմ կյանքում: Հինգ տարեկան հասակից հաճախելով պարի պարապմունքների, աղջիկս շուտով ցանկություն հայտնեց սովորել նվագել ջութակի վրա եւ չնայած գործիքի արագ յուրացման անհնարինության մանկական որոշակի հիասթափությանը, կարողացավ երաժշտական դպրոցի եռամյա ծրագիրը յուրացնել երկու տարում եւ հիմա քնելուց առաջ չի մոռանում ջութակը դնել այն աթոռին, որի վրա պիտի շորերը լինեն` հուսալով, որ դժվարամարս երաժշտական հատվածների յուրացումը «կավարտի» մինչեւ առավոտ` քնի մեջ երբեմն նոտաները «մռռացնելով»:

Դու արդեն «գիտակ երաժշտի» պես կարող ես ինձ բացատրել ոչ պրոֆեսիոնալ ջութակի հնչողության շատ տարբերություններ` այն ջութակից, անպայման սպիտակ, «աղջկական» ջութակից, որը մի անգամ տեսել էիր հեռուստացույցով, լսել անհայտ երաժշտի մի կատարում եւ հիացմունքով պատմում էիր ինձ այդ մասին` երազելով արագ հասնել վարպետության այն աստիճանին, երբ կկարողանաս հայրիկից խնդրել գնել այդ նույն ջութակից քեզ համար:

Քո ոչ աղջկական համարձակությունը երբեմն անասելի զարմանալի է ոչ միայն ինձ համար, մարդու` ով արդեն բավականաչափ ծանոթ է քո անակնկալների բնույթին: Սովորական, անծանոթ երեւույթի նկատմամբ բնական համարվող վախը հեռու է քեզանից, ու բնությունը եւ քեզ շրջապատող մարդիկ ու կենդանիները «ստիպված են հաշվի նստել» այդ իրողության հետ: Դու կարող ես անվարան փորձել բարձրանալ ձիու վրա եւ նեղանալ, երբ քեզ օգնում են, ընդառաջ վազել այգում վազվզող կամ տիրոջ հետ զբոսանքի ելած անծանոթ շներին ընդառաջ, հետ չկանգնելով նույնիսկ, երբ նրանք այնքան էլ «բարյացակամ» չեն դիմավորում քեզ:

Համոզված եմ, որ սիրած զբաղմունքի մեջ կատարելության հասնելու քո մանկական ձգտումը տարիների հետ կդառնա նպատակ եւ անպայման   կիրականանա ու դու կդառնաս իմ երազանքի արքայադուստրը` ավելի հմայիչ, տաղանդավոր ու անփոխարինելի: 

Читайте на 123ru.net