Новости по-русски

Սարգիս Առաքելյան. Իմ աղջիկը

Շուտով երեսուն տարեկանս կլրանա ու չգիտեմ, թե էլ ինչ փոփոխություններ են սպասվում գիտակցությանս մեջ հայր եւ աղջիկ փոխհարաբերությունների վերաբերյալ: Տարիների ընթացքում պատկերացումներս տարբեր են եղել իրարից եւ այն էլ՝ շեշտակի:

Դեռ երեխա էի, երբ առնչվում էի հայր եւ աղջիկ հարաբերությունների գիտակցման էվոլուցիայի առաջին փուլին: Դա մորս ու պապիկիս էի վերաբերվում: Մայրս պապիկիս միակ աղջիկն էր վեց որդիների կողքին: Չգիտեմ միակը լինելը ինչքանով էր ինչ-որ բան պայմանավորում, բայց մորս առանձնակի սիրով էր սիրում: Սիրում էր ու հպարտանում: Անգամ ինչ-որ տեղ կարելի էր դիտել ծնողական խտրականություն: Ես իմ երեխա գիտակցության մեջ չէի կարողանում տեղավորել այդ առեղծվածը. Ախր  ինչպե՞ս: Երբեմն նույնիսկ սեփականատիրոջ իրավունքով մորս ասում էի, որ նա արդեն իր հայրական ընտանիքի անդամ չէ, արդեն իր ընտանիքն է ստեղծել, էլ ի՞նչն է այդպես ձգում հայրական տանը: Հավատացեք, փոշմանել եմ մտածածիս ու արտահայտվածիս համար. ախր երեխա էի:

Տարիներ անցան, հասակ առա: Ամուսնացա սիրածս աղջկա հետ: Հերթական անգամ ծաղիկն իր մայր հողից կտրվեց ու օտար հողի մեջ դրվեց՝ խորը արմատներ տալու ակնկալիքով: Գիտակցությանս մեջ հայր ու աղջիկ հարաբերությունների գիտակցման էվոլուցիայի երկրորդ փուլը սկսվեց: Անգամ կարող եմ հստակ ասել, թե որ պահին դա եղավ: Հարսանիքիս օրն էր: Ու երբ արդեն եկավ այն պահը, որ հարսին պետք է հանեն հայրական տանից, ու  հարսի հոր խոսելու ու շնորհավորելու ժամանակն էր, բոլորը հուզված էին՝ իրենց կամքից անկախ: Հասկանում էի, ծնողի համար դժվար է, բայց այդքա՞ն: Մեջբերեմ այդ պահին հնչած ծնողական օրհնանքի մի քանի խոսք. «Մեր առավոտները սկսվում էին Մոնայիս ծիծաղով, բայց պիտի հաշտվենք, կարգն է այդպես: Քեզ մի ծաղիկ եմ հանձնում, լավ կնայես իմ ծաղիկին, որ օր օրի փթթի, ծաղկի, կյանքդ  իր բույրով զարդարի… երջանկություն ձեզ»: Անկեղծ ասած չէի կարող պատկերացնել, որ այդքան լուրջ տղամարդը այդպիսի իրավիճակում կարող է կորցնել ինքնատիրապետումը եւ հուզվել: Հիմա հասկանում եմ՝ հայր էր ու հայր-աղջիկ առեղծվածը իրեն օտար չէր:

Որոշ ժամանակ անցավ: Ականջիս հասավ այն բարի լուրը, որ շուտով հայրանալու եմ: Հավատացեք, ինքս ինձանից գաղտնի տղա էի ուզում ու երազում, բայց՝ աղջիկ էր: Մի հրաշք աղջիկ՝ Մանես, իմ ժպիտն ու ուրախությունը: Երբ հիվանդանոցում առաջին անգամ գիրկս առա այդ հրաշամանուկիս, մարմնովս սարսուռ անցավ: Այդ առեղծվածը ինձ էլ պատեց: Ու հենց այդ պահից հայր-աղջիկ փոխհարաբերությունների ընկալման երրորդ փուլին սկիզբ դրվեց: Հիմա նոր եմ հասկանում այն հայրական զգացումների խորությունն ու վեհությունը, որ կյանքիս տարբեր ժամանակներում ինձ հուշում էին այդ առեղծվածը: Օրեր անց աղջիկս կդառնա մեկ տարեկան, բայց արդեն հասցրել եմ այնքան կապվել նրա հետ, որ երբեմն ինքս ինձանից թաքուն վախենում եմ պատկերացնել, որ մեծացնելու եմ ու… Ինչեւէ, ինչպես հայ երիտասարդ գրողներից մեկի գործերում է ասվում՝ աղջիկներն ուրիշ երամից են, վերջիվերջո չվում գնում են:

Տե'ր Aստված, պահիր ու փայփայիր իմ եւ մնացած բոլոր աղջիկներին: Ամեն:

Читайте на 123ru.net