Новости по-русски

Արթուր Դավթյան. Իմ աղջիկ. խոստովանություն:

Իմ աղջիկ… ես… քեզ… սիրում եմ: Անչափ, անսահման: Առավել խոսքեր չկան իմ զգացմունքները արտահայտելու համար: Ոչինչ առավել… Ամեն օր կրկնում եմ այս խոսքերը քեզ, եւ ուզում եմ հավատալ, որ դրանք կլինեն քո կյանքում հենասյուն, ուժ կտան քեզ, եւ միգուցե չեն թողնի, որ ընկճվես կյանքի խառնաշփոթ խաչմերուկներում: Ուզում եմ հավատալ, որ հիշելով դրանք հեռու ապագայում, կլուսավորվի դեմքդ, հոգիդ, կզգաս դրանց տիեզերական ջերմությունը եւ մոգական ուժը:

Ես քեզ սիրում եմ, իմ առաջնեկ բալիկ` քնքուշ, նուրբ էակ: Փոքր եղբորդ խիզախ պաշտպան, մորդ անուշ շարունակություն, եւ իմ փոքրիկ կապուտաչյա աշխարհ, մոլորակ, տիեզերք:

Գիտես, ծնվելով տակնուվրա արեցիր կյանքս, աշխարհընկալումս: Ամեն ինչ փոխվեց. անսահման բերկրանքից հետո, հանկարծ, զգացի տագնապ, որը հետապնդում էր ինձ տեւական ժամանակ: Տագնապս անբացատրելի էր. մտահոգ էի, հուզված: Եվ միայն դու կարողացար աստիճանաբար հանգստացնել ինձ քո մեղմիկ ժպիտով, որ լուսավորում էր դեմքդ` ինձ տեսնելով, ու ստիպում ինձ թմրամոլի նման երեկոյան տուն շտապել քեզ գրկելու եւ շնչելու քո անուշ բույրը:

Դեռ պետք է այնքան սովորես, հասկանաս, զգաս, եւ ես նույնպես քեզ զուգահեռ պիտի բացահայտեմ այս աշխարհը` նորովի քո աչքերով: Այսուհետ այն փոխվել է ինձ համար, ընդմիշտ: Կհարցնեք` ինչու, ինչպես: Չգիտեմ, փոխվել է, սրտիցս մի կտոր, մի մեծ կտոր ինձնից անկախ իր կյանքով է ապրում, շնչում, զգում… Պիտի լինեմ դրա մասնկիցը անպայման, միշտ: Կարծես մի գերբնական կապ կա մեր միջեւ, բոլոր հույզերդ եւ ապրումներդ զգում եմ նաեւ ես` էլ ավելի ցայտուն եւ արտահայտված:

Ես քեզ սիրում եմ եւ հուսով եմ, որ հենց սերը կլինի քո կյանքի ամենահավատարիմ ընկերը, շրջապատված կլինես քո սիրելիներով, կզբաղվես քո սիրելի գործով, որոշումներիդ եւ արարքներիդ չափորոշիչը կլինի սերը:

Չեմ ուզում խոսել ապագայի մասին, անիմաստ է, անմիտ: Սակայն հիմա, այսօր իմ փոքրիկ արեւգակն ես, իմ կողքին ես, իմ հովանու տակ: Երբ կգա ժամանակը, ուժ կգտնեմ բաց թողնելու քեզ, կարծում եմ` կյանքիս դժվարին պահերից է լինելու: Եղիր երջանիկ, իմ լուսավոր աղջիկ, ես քեզ սիրում եմ:

Читайте на 123ru.net