Новости по-русски

Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս. Արցախում ցեղասպանության վտանգ կա

Ներկայացնում ենք Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս Ռոուեն Վիլյամսի Armenians are facing genocide in Nagorno Karabakh. The world must not sit idly by հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ռոուեն Վիլյամս

Հայաստանը ծանրակշիռ հավակնություն ունի աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդը համարվելու համար: Այն ժամանակվանից, երբ չորրորդ դարի սկզբին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դուրս եկավ իր հավատքի համար կրած տեւական բանտարկությունից, հայ ժողովուրդը բռնության ու վայրագության է առերեսվում: Թշնամական հարեւաններով շրջապատված եւ հաճախ (իրենց սահմանների ներսում եւ դուրսը) հավատքի համար հալածված՝ նրանք անսասան պահպանել են նվիրվածությունը: Շատերի համար սա ոգեշնչման աղբյուր է ծառայել, իսկ հայերի տառապանքը՝ ցնցել եւ վրդովեցրել: Այժմ նրանք կրկին մեր հրատապ օգնության կարիքն ունեն։

Անցյալ տարվա դեկտեմբերից ավելի քան 120,000 քրիստոնյա հայեր, այդ թվում՝ տարեցներ, կանայք եւ 30,000-ից ավել երեխաներ, շրջափակման մեջ են։ Ադրբեջանի հետ երկարատեւ տարածքային հակամարտությունը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Հայաստանն Արցախի/Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայ համայնքների հետ, եւ դադարեցրել սննդի, դեղորայքի, վառելիքի եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն վերջերս ամփոփել է իրավիճակը. «Սովը ցեղասպանության անտեսանելի զենք է։ Եթե իրավիճակն անհապաղ եւ կտրուկ չփոխվի, հայերի այս խումբը մի քանի շաբաթից կկործանվի»։

Սա հռետորական չափազանցություն չէ: Պաշարված տարածաշրջանի հիվանդանոցները գործում են խիստ սահմանափակ հզորությամբ՝ չկարողանալով կատարել կենսականորեն անհրաժեշտ գործողություններ: Վիժումների եւ մեռելածինների թիվն աճել է 30 տոկոսով: Լայնորեն տարածված է թերսնուցումը, պարբերաբար սովից մահվան դեպքեր են գրանցվում։ Եվ իրավիճակը միայն վատթարանում է:

«Լեռնային Ղարաբաղում դիակիզարաններ չեք գտնի, ոչ էլ մաչետեներ, բայց ցեղասպանությունը սովի միջոցով պակաս կործանարար չէ, թեեւ լռելյայն է», - գրել է Օկամպոն: «Դա նույն մահացու մեթոդն է, որը կիրառվել է հայերի դեմ 1915-ին, լեհերի եւ հրեաների դեմ՝ 1939-ին եւ Սրեբրենիցայի ժողովրդի դեմ՝ 1993-ին»: Սովը որպես պատերազմի գործիք դատապարտված է միջազգային իրավունքի եւ բնական արդարության բոլոր սկզբունքներով։ Սրանից երես թեքելն անընդունելի է։

Այնուամենայնիվ, շրջափակումը շարունակվում է՝ անդադար եւ անվերահսկելի: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստից մենք իմացանք, որ Ադրբեջանը խոչընդոտում է Միջազգային Կարմիր խաչի այցելությանը Լեռնային Ղարաբաղ, իսկ Բաքվի կառավարությունը շարունակում է անտեսել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) եւ Արդարադատության միջազգային դատարանի կոչերը՝ վերականգնել տեղաշարժման ազատությունը եւ միջանցքով կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը:

Բազմաթիվ կրոնական առաջնորդներ արդեն բարձրացրել են իրենց ձայնը՝ պահանջելով արձագանքել այս հումանիտար ճգնաժամին, նախքան այն կահագնանա: Բոլոր նման ճգնաժամերը ձմեռնամուտին սաստկանում են։ Բայց իրավիճակը խիստ հրատապ է. արդեն կյանքեր են կործանվում եւ խեղվում, մենք ականատես ենք դառնում խոցելի քաղաքացիական բնակչության վրա բացահայտ հարձակման:

Եթե մեր կառավարությունը, Միացյալ Նահանգները եւ ժողովրդավարությանը հավատարիմ աշխարհի բոլոր այլ երկրները լրջորեն են վերաբերվում խաղաղ բնակչությանը պաշտպանելու բացարձակ պարտականությանը, նրանք ձեռքի տակ դիվանագիտական եւ տնտեսական գործիքներ ունեն, որպեսզի կյանքեր փրկելու համար ճնշում գործադրեն:

Պահը հարմար է. Ռուսաստանը, որը տեխնիկապես Լաչինի միջանցքի երաշխավորն է, զգալիորեն թուլացել է Ուկրաինա իր դաժան ներխուժման պատճառով: Նրա դերը, որպես տարածաշրջանի ավանդաբար ամենածանրակշիռ խաղացողի, նվազում է՝ բաց թողնելով դուռը Թուրքիայի համար: Վերջինս տնտեսական եւ քաղաքական լարվածության իր խնդիրներն ունի, եւ այդ իսկ պատճառով ավելի ընկալունակ է դիվանագիտական ճնշումների նկատմամբ եւ կարող է որոշակիորեն ազդել ագրեսիվ հարեւանի վրա:

Սեպտեմբերին Նյու Յորքում տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը։ Նման իրադարձությունները սովորաբար ավելի շատ քաղաքական թատրոն են, տարբեր հրապարակային ելույթների առիթ, քան քաղաքական փոփոխություն: Բայց Արցախում տիրող իրավիճակը հստակ ճանաչելի խնդիր է, որին հնարավոր է լուծում գտնել։ Ժողովրդավարական երկրների ղեկավարները, ներառյալ մեր (Մեծ Բրիտանիայի-խմբ.) կառավարությունը, հնարավորություն ունեն միանշանակ ուղերձ հղելու, որ ցեղասպանական մարտավարությունն անընդունելի է, եւ շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի:

Ժամանակը սպառվում է՝ ոչ միայն կյանքեր փրկելու, այլեւ հարգելու միջազգային հարցերում հուսալի բարոյական հանձնառության հնարավորությունը: Լաչինի միջանցքի ճգնաժամը նման հնարավորության միակ սպառնալիքը չէ, ինչպես շատ լավ գիտենք: Բայց այն ճգնաժամ է, որը կարող է եւ պետք է շուտափույթ լուծվի: Խաղաքարտի վրա են ոչ միայն կյանքեր, այլեւ խոցելի բնակչության արդարության եւ անվտանգության սկզբունքը:

Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից մնում է անվերահսկելի, եւ տարածաշրջանին ցեղասպանություն է սպառնում։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net