Новости по-русски

«Կադանս»․խումբ, որը ստեղծվեց մի համերգի համար, բայց բեմում է արդեն 20 տարի

20 տարի առաջ 3 ընկեր՝ երաժշտական պրոդյուսեր Նիկա Բաբայանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը եւ կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, որոշեցին դաշնամուրով եւ կիթառով արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները կատարել։

«Արմենը մեկնել էր Բուենոս Այրես, խնդրեցի, որ նոտաներ բերի, սկսենք ծրագիրը։ Բերեց լիքը նոտաներ, բայց բոլորը՝ 5 երաժշտի համար։ Պիացոլլան ամբողջ կյանքում պրպտել, տարբեր նվագախմբերի հետ է աշխատել, տարբեր խմբեր ստեղծել, բայց կյանքի վերջին փուլում հասել է այն գաղափարին, որ գործիքների միակ մինիմալ կազմը, որը կարող է նվագախմբի էֆեկտ տալ, կիթառի, դաշնամուրի, ջութակի, կոնտրաբասի եւ բանդոնեոնի համադրությունն է»,- պատմում է Նիկա Բաբայանը։

Քանի որ Պիացոլլա նվագելու որոշումը հաստատ էր, սկսեցին 5-հոգանոց խումբ հավաքել՝ ներգրավվելով ջութակահար, կոնտրաբասահար եւ ակորդեոնահար։ Ակորդեոնը Պրացոլլայի առաջարկած գործիքների կազմից միակ «շեղումն» էր․ բանդոնեոն չկար, ստիպված էին փոխարինել։

2004-ի ապրիլին Երեւանում տեղի ունեցավ կվինտետի առաջին մենահամերգը՝ Աստոր Պրացոլլայի ստեղծագործություններից կազմված ծրագրով։

«Առաջին համերգը, որն Արամ Խաչատրայն համերգասրահում էր, աննկարագրելի հաջողություն ունեցավ։ Ապշեցուցիչ էր, ազատ տեղ չկար, մարդիկ աստիճաններին էին նստած»- հիշում է պրոդյուսերը։

Համերգից հետո 5 երաժիշտները որոշեցին անսամբլ կազմել՝ «Կադանս» անվանումով։ Երեւանյան մի քանի համերգներին հայ ունկնդրին ներկայացրին տանգոն՝ մինչ այդ Հայաստանում քիչ կատարված ու մեծ տարածում չունեցող երաժշտություն։

«Հայաստանում չկար ժանրային այդ ուղղությունը։ Բոլորս անցանք գործի, սկսեցինք աշխատել։ Կարեւորը՝ յուրացրինք, սիրեցինք տանգոն, որովհետեւ եթե չսիրես, չես կարող նվագել, մտնել այդ աշխարհ։ Տանգոն միայն նոտա չէ․ ով ասես՝ կարող է նոտան կարդալ ու նվագել, իսկ տանգոն պետք է զգալ»,- անսամբլի առաջին քայլերն  է հիշում ջութակահար Վարազդատ Խաչումյանը։

Մեկ տարի անց «Կադանս»-ը մեկնեց Արգենտինա՝ տանգոյի հայրենիք։ Բուենոս Այրեսում Պիացոլլա կատարելը մեծ համարձակություն էր, հատկապես՝ ակորդեոնով։

«Երբ իմացան, որ բանդոնեոնի փոխարեն ակորդեոն ենք նվագելու, ասացին՝ հանկարծ էդպիսի հիմարություն չանեք, արգենտինական երաժշտություն չնվագեք․ ակորդեոնը ոնց որ իրենց թշնամին լինի։ Ես ասացի՝ կներեք, եկել-հասել ենք Արգենտինա ու չենք կարող Բուենսո Այրեսի աշխարհահռչակ օպերային թատրոնում՝ Teatro Colón-ում Պիացոլլա չնվագել։ Ասացին՝ ուրեմն 1-2 կատարում։  

Մենք անտեսեցինք իրենց խորհուրդը ու նվագեցինք այն, ինչ նախապատրաստել էինք։ Դահլիճը գիտե՞ք ոնց էր ծափահարում․ ոտքերով խփում էր գետնին, տպավորություն էր, որ շենքը քանդվելու է։ Համերգից հետո 3 մարդ մոտեցավ, պարզվեց՝ մեկը Պիացոլլայի ամենամոտ ընկերն էր։ Ասաց՝ գիտե՞ք՝ այն, ինչ նվագեցիք ու ինչից ժողովուրդը ոգեւորվեց, Պիացոլլա չէր։ Դա մեզ անծանոթ այն երաժշտությունն էր, որը, եթե Պիացոլլան լսեր, երեւի ուրախությունից կգժվեր, որովհետեւ դուք այնպիսի մեկնաբանություն տվեցիք իր գործերին։ Դուք մի նոր խոսք եք ասում տանգոյի աշխարհում»,-պատմում է Նիկա Բաբայանը։

2010-ին «Կադանս» երաժշտական կենտրոնի եւ Հայաստանի մշակույթի նախարարության ջանքերով հիմնադրվեց Տանգոյի երեւանյան միջազգային փառատոնը, որը մեկնարկեց «Կադանս»-ի եւ ֆրանսիացի ճանաչված կոմպոզիտոր ու ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի համերգով։

Թեեւ տանգոն անսամբլին մեծ ճանաչում բերեց, բայց, ինչպես նշում է մենեջերը, «Կադանս»-ը չէր կարող աշխարհին ներկայանալ որպես տանգո նվագող հայկական խումբ։ Հավատարիմ մնալով Պիացոլլայի 5 գործիքների համադրությանը՝ ընդլայնեցին երգացանկը՝ ներառելով դասական եւ ժամանակակից հայ, եվրոպացի, ամերիկացի, ռուս կոմպոզիտորների գործեր։

«Մենք հայ ունկնդրին ներկայացրեցինք դասական ու արգենտինյան նոր տանգո ոճը, բայց արտերկրում դրանով չէինք կարող ցույց տալ հայկական կատարողական արվեստը։ Տանգոյին զուգահեռ սկսեցինք նվագել հայ երաժշտություն՝ Շնորհալի, Սայաթ-Նովա, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Գործիքավորումն անում է մեր դաշնակահար Սոֆի Միքայելյանը, որն այնպիսի նրբություններ է մտցնում, որ նույնիսկ Կոմիտասի գործերն անգիր իմացող մարդիկ զարմանում են, թե ինչ անսովոր, սիրուն ձեւով է ներկայացված։

Փաստորեն, մենք սկսեցին Պիացոլլայից, անցանք հայկական մեղեդիների յուրօրինակ մեկնաբանությունների, իսկ այսօր «ամենագնաց»՝ crossover ժանրում շատ բարձր դիրք ունենք»,-ասում է Նիկա Բաբայանը։

«Թվում է, թե դժվար է արգենտինյան դասական հնգյակի փոխակերպումը հայկական մեղեդիների։ Սակայն օրեր առաջ Երեւանում կայացած «Կադանս» համույթի համերգը վստահեցրեց, որ հիշյալ գործիքների համադրությամբ նույնքան ներդաշնակ կարելի է հնչեցնել Կոմիտասի «Կռունկը», Արամ Խաչատրյանի «Սուսերով պարն» ու Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ»-ը»,- գրել էր «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։

Լիտվա, Իրան, Եգիպտոս, Լիբանան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Բելգիա, Չինաստան, Կանադա, Հունաստան, Ամերիկա․․․ Արտագնա համերգների թիվը «Կադանս»-ում արդեն չեն հիշում։

Անդրադառնալով 2017 թվականին առաջին անգամ Թուրքիայում կայացած համերգին՝ Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթն այն բնորոշել էր որպես «պատմական»։

«Այս համերգը ձոնված է Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձին։ Այսպիսով, Ստամբուլի մեջ առաջին անգամ պիտի նշվի Հայաստանի անկախության տարեդարձը, հետեւաբար համերգը պիտի ունենա պատմական բնույթ»։

Անսամբլը 100-ից ավելի ձայներիզներ ու տեսաերիզներ է թողարկել։ «Էքսպրեսիա․ հայկական կերպարանափոխումներ» ձայներիզը 2008-ին արժանացել է Լյուքսեմբուրգի «Պիցցիկատո» երաժշտական հանդեսի «Սուպերսոնիկ» մրցանակին։ «Կադանս»-ը պարգեւատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով, Սալոնիկի միջազգային երաժշտական փառատոնի եւ շատ այլ մեդալներով, դիպլոմներ ու շնորհակալագրեր է ստացել Թուրքիայի, Ուկրաինայի հայ համայնքներից, Ոսկե ծիրան փառատոնից։

««Կադանս» համույթի համերգը մեծ ուրախություն էր ոչ միայն տեղի հայ համայնքի, այլեւ՝ ամբողջ մշակութային հանրության համար։ Մենք գնահատում ենք երաժիշտների մեծ տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը՝ ինչի մասին վկայում են ծափերն ու համերգի վերջում «բիս» հնչած մի քանի կատարումները»,- գրել էր Լաս Վեգասում Հայաստանի պատվո հյուպատոս Էնդի (Ատրուշան) Արմենյանը։

Հայկական կվինտետը 2 տասնյակից ավելի փառատոնների է մասնակցել։ Վարազդատ Խաչումյանը հիշում է 2017 թվականի Բուենոս Այրեսի աշխարհահռչակ տանգոյի փառատոնը, որի ժամանակ լավագույն 5-յակում հայտնվեցին։ «Համերգից հետո մարդիկ մոտենում եւ մեզ հետ իսպաներեն էին խոսում՝ կարծելով, որ արգենտինացի ենք։ Ասում էին՝ հնարավոր չէ արգենտինացի չլինել, ու էսպես նվագել տանգո, էսպես զգալ մեր երաժշտությունը»։

«Այս անսամբլն ունի գերազանց ակադեմիական պատրաստվածություն, անգերազանցելի պրոֆեսիոնալիզմ, զգայունություն, ներքին մղում՝ մշտապես նորը փնտրելու, կատարելագործվելու նպատակով մարտահրավերներ հաղթահարելու, եւ որ ամենակարեւորն է, ունի սեր երաժշտության հանդեպ  եւ երաժշտի մասնագիտությամբ զբաղվելու հպարտություն»,- անսամբլի հետ համագործակցության մասին գրել է արգենտինացի բանդոնեոնահար Վալտեր Ռիոսը։

«Երգիչներին նվագակցելու բազմաթիվ եղանակներ կան, սակայն կա մեկը, որը բնորոշ է «Կադանս»-ին։ Դա կատարյալ ալքիմիա է, որը տեղի է ունենում, երբ տաղանդը փոխազդեցության մեջ է մտնում կյանքի, զգացմունքների, հայացքի հետ, որը թափանցում է յուրաքանչյուր գործիքի եւ սրբության խորը առեղծվածի մեջ»,- «Կադանս»-ի հետ բազմաթիվ համերգներն այսպես է բնորոշել արգենտինացի երգչուհի Մարիել Դյուպետին։

«Անսամբլը, որը զբաղվում է տանգոյի եւ հատկապես Աստոր Պիացոլլայի գրած երաժշտության մեկնաբանմամբ, օրինակ է բարձր երաժշտական որակի՝ համակցված տանգոյի արժեքների ուսումնասիրությամբ եւ խորը իմացությամբ՝ որպես քսաներորդ դարի եւ ներկայի համաշխարհային արվեստ»,- օրեր առաջ գրել է Արգենտինայի Տանգոյի ազգային ակադեմիայի նախագահ Գաբրիել Սորիան։

2024 թվականին «Կադանս»-ը տոնելու է իր 20-ամյակը։ Երեւանյան մի քանի համերգից հետո մեկնելու են Ամերիկա՝ համերգային շրջագայության։ «Անսամբլի համար հասուն կյանքի ամենահետաքրքիր փուլն է սկսվում»,- ասում է Նիկա Բաբայանը։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Читайте на 123ru.net