Новости по-русски

Արմեն Սարգսյան. Իսրայելը պետք է պաշտպանի Երուսաղեմի հայերին

Ներկայացնում ենք իսրայելական Haaretz թերթում հրապարակված ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի Israel Must Protect Armenian Christians From Attacks in Jerusalem հոդվածի հայերեն թարգմանությունը:

Արմեն Սարգսյան

Երուսաղեմի հայ համայնքի անդամների դեմ վերջերս իրականացված խոշոր համակարգված հարձակումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Եթե նախկինում գործ ունեինք վանդալիզմի եւ ունեցվածքի ոչնչացման հետ, հիմա ականատես ենք լինում ֆիզիկական բռնության անմեղ քաղաքացիական անձանց նկատմամբ:

Իրավիճակի լրջությունն ընդգծում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ հայ հոգեւորականները «պայքարում են իրենց կյանքի համար», իսկ Հայկական թաղամասը՝ հին Երուսաղեմի չորս հատվածներից մեկը, կանգնած է «բռնի ոչնչացման» սպառնալիքի առջեւ։

Այս իրադարձությունները ցնցել են հայ համայնքը։ Ոչ պակաս պետք է անհանգստանա նաեւ Իսրայելը: Հայերը հազարամյակներ շարունակ խաղաղ ապրել են Սուրբ երկրում։ Իսրայելում է ապրում աշխարհի ամենահին հայկական սփյուռքը: Հայ վանականները ճանապարհ ընկան դեպի Երուսաղեմ մ. թ. ա. 301 թվականին Հայաստանի քրիստոնեությունն ընդունելուց մի քանի տարի անց, սակայն Երուսաղեմում հայկական ներկայություն եղել է արդեն մ. թ. ա. 55 թվականին: 12-րդ դարում Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հաստատվեց քաղաքի հայկական թաղամասի Սուրբ Հակոբ տաճարում։

Հայկական եկեղեցուն՝ հնությունների իր առասպելական գանձերով, պատկանում է Երուսաղեմի քրիստոնեական սրբավայրերի մեկ երրորդը, իսկ քաղաքի հայկական թաղամասը հազարամյակների պատմություն ունի: Բռնության հիմքում Հայկական թաղամասի մոտավորապես 25 տոկոսի 99-ամյա վարձակալությունն է ավստրալիա-իսրայելցի գործարարի եւ նրա տեղացի գործընկերոջ կողմից, որոնք ծրագրել են այդտեղ շքեղ հյուրանոց կառուցել:

Այսպես կոչված «Կովերի այգու գործարքը» վրդովմունք առաջացրեց հայ համայնքում, քանի որ այն հանգեցնելու է բնակիչների տեղահանմանը, տների եւ ճեմարանի քանդմանը եւ նրանց մշակութային ժառանգության կորստին:

Երկու ամիս առաջ, ի պատասխան հայ համայնքի անհանգստության, Հայոց պատրիարքարանը որոշեց դուրս գալ պայմանագրից։ Բանակցությունների փոխարեն, սակայն, կառուցապատողները մոբիլիզացրին շինարարական տեխնիկան եւ սկսեցին նախապատրաստական աշխատանքները: Հայոց պատրիարքարանը դատական գործընթաց սկսեց՝ չեղյալ համարելու կնքված պայմանագիրը։ Հերթական անգամ, օրինական ճանապարհին հետեւելու փոխարեն, դժգոհ կողմը, ըստ Հայոց պատրիարքարանի, պատասխանեց բռնությամբ:

Անցած շաբաթ ողջ աշխարհի իմ հրեա ընկերներն ու քրիստոնեական կազմակերպությունները դիմում էին ինձ՝ հայտնելու Իսրայելի հին հայկական համայնքին իրենց աջակցությունն ու համերաշխությունը, ինչպես նաեւ իրենց խոր մտահոգությունը Գազայում պատերազմի վերաբերյալ: Հայ համայնքին ահաբեկելու փորձերը արատավոր նահանջ են Հայաստանի եւ Իսրայելի բնականոն հարաբերություններից՝ չնայած տարաձայնություններին, որոնք բխում են այն փաստից, որ Իսրայելը, հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ադրբեջանին վաճառել է զենքեր, որոնք օգտագործվել են Հայաստանի դեմ։

Ես տեսել եմ Իսրայելի սատարող բնույթը 1990-ականների սկզբին Սուրբ երկիր իմ առաջին այցելության ժամանակ՝ որպես անփորձ հայ դիվանագետ: Ինձ ընդունեց Իցհակ Ռաբինը, որն այն ժամանակ Իսրայելի վարչապետն էր: Ռաբինը նշանակալի կերպար էր. մարդ, որը վայելում էր իր ժողովրդի սերն ու հիացմունք (եւ նույնիսկ ատելությունը): Բայց ինձ ընդունողը բարեհոգի ուսուցիչ էր։ Նա զարմանալիորեն խորը գիտելիքներ ուներ Հայաստանի անցյալի մասին եւ ցանկանում էր տեղեկանալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նա հիշեցրեց ինձ, որ երկուսս էլ հին քաղաքակրթությունների ներկայացուցիչներ ենք, որոնք վերապրել են իրենց վերացնելու բոլոր փորձերը:

«Մենք վերապրողներ ենք, - ասաց Ռաբինը, - երբեք չպետք է մոռանանք դա»: Մեծ մարդու առատասրտությունը որքան զարմանալի էր, նույնքան եւ հուզիչ։ Բայց նա դեռ չէր ավարտել: Նա ինձ ցանկացած եւ ամենայն օգնություն առաջարկեց: Քանի որ գոյատեւումն ու պետականաշինությունը այն ժամանակ Հայաստանի առաջնային նպատակներն էին, ես հարցրի, թե արդյոք կարող եմ այցելել Հրեական գործակալություն եւ այլ պետական ու հասարակական կազմակերպություններ: Ես ուզում էի տեսնել, թե ինչպես են նրանք աշխատում, եւ այդ գիտելիքը կիրառել նորանկախ Հայաստանում։ Ռաբինն անմիջապես վերցրեց հեռախոսը եւ ամեն ինչ կազմակերպեց:

2020 թվականին, նախքան Ադրբեջանը պատերազմ կսկսեր Հայաստանի դեմ, ես վերադարձա Իսրայել՝ որպես Հայաստանի նախագահ, եւ դարձա իմ երկրի առաջին ղեկավարը, որը պաշտոնական այց է կատարել հրեական պետություն։ Այցի առիթը Օսվենցիմի ազատագրման 75-ամյակն էր: Մոտ հիսուն այլ պետությունների ղեկավարներ էին եկել Յադ Վաշեմ` Հոլոքոստի հուշահամալիրի թանգարան։ Բայց, ինչպես հիշեցրեց ինձ իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա, հայերը «այլ կերպ» են վերաբերվում այդ վայրին եւ այն ամենին, ինչ այն հավերժացնում էր:

Երբ մյուս առաջնորդները մեկնեցին, ինձ առաջարկեցին ավելի երկար մնալ: Ընդունեցի հրավերը եւ ժամանակն անցկացրի սուրբ վայրերը շրջելով, Ռամալլաhն եւ Իսրայելի համալսարաններն այցելելով: Բայց իմ ճանապարհորդության ամենահիշարժան հատվածը Երուսաղեմի Հայկական թաղամասի բացահայտումն էր, որտեղ ես հանդիպեցի վանականներին, ուսումնասիրեցի ձեռագրերը եւ ծանոթացա տեղի համայնքին: Քաղաքի հայկական ժառանգությունն ինձ հպարտությամբ լցրեց։

Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո ժամանած փախստական հայերը ոչ միայն ընդլայնեցին Երուսաղեմի հինավուրց հայկական համայնքը, այլեւ հարստացրին Իսրայելի արհեստները՝ Իսրայելում վերսկսելով հմուտ խեցեգործության արհեստը, որը ոչնչացվել էր Օսմանյան կայսրության կողմից: Հայ փախստականների կողմից պատրաստված սալիկները զարդարում են Երուսաղեմի ամենաշքեղ շինությունները՝ ներառյալ ամերիկյան «Քոլոնի» հյուրանոցը եւ Իսրայելի նախագահի նստավայրը:

Ցավոք, այն, ինչ կատարվում է հայկական թաղամասում եւ դրա հետ, վտանգում է հենց Երուսաղեմի յուրահատուկ բնույթը: Եվ անհրաժեշտ է իշխանությունների անհապաղ միջամտությունը։ Իսրայելը, որպես օրենքի գերակայության երկիր, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի հայ համայնքը, իր պատմական ժառանգությունը եւ Երուսաղեմի ուրույնությունը պաշտպանելու համար:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net