Փաշինյան. Արմատացած պատկերացումներն «աղետալի խաղ խաղացին մեր գլխին»
«Առաջարկել ենք նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաեւ՝ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- հունվարի 28-ին ՀՀ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ «անվտանգության եւ անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձեւերի մասին արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին»:
«Հայաստանի համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը: Մենք գնում ենք այդ ճանապարհով: Նոր եւ ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, եւ վերջին տարիներին կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել:
Բանակը բարեփոխելը, ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է: Մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով: Ուժեղ եւ մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ապահովող կարեւորագույն գործոններից է, բայց ոչ միակը»,- նշել է Փաշինյանը:
Նա ասել է, որ անվտանգության ապահովման տեսակետից առանցքային գործեն են արտաքին հարաբերությունները եւ վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝ միջազգային իրավունքի տեսակետից.
«Լեգիտիմությունն, ըստ այդմ, Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարեւորագույն գործոն պիտի լինի: Այն, որ ՀՀ ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա եւ ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է ՀՀ ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ եւ աներկբա արձանագրենք, որ որեւէ այլ տարածքի նկատմամբ որեւէ հավակնություն չունենք եւ չենք ունենալու, եւ սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»: