Վրացական երազանքներն ու վախերը կամ Իվանիշվիլիի երրորդ գալուստը
Ներկայացնում ենք Carnegie Endowment կայքում հրապարակված Ալեքսանդր Ատասունցեւի Грузинские мечты и страхи. Зачем олигарх Иванишвили вернулся в политику и сменил правительство հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ալեքսանդր Ատասունցեւ
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը իշխանության ղեկին է ավելի քան 10 տարի, իսկ 2024 թվականը խոստանում է դառնալ նրա հաջորդ վերընտրության տարի՝ չորրորդ անգամ անընդմեջ։ Բուռն տնտեսական աճ, մասնատված ընդդիմություն, վերջերս Եվրամիության թեկնածու երկրի ձեռքբերված կարգավիճակ. թվում է, որ այս պայմանների առկայության դեպքում Վրաստանի ներկայիս ղեկավարությունը պարզապես պետք է ոչինչ չփչացնի, որպեսզի երաշխավորի իր հաղթանակը աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Սակայն «Վրացական երազանք»-ը տարին սկսեց լայնածավալ կադրային փոփոխություններով։ Բավականին մեծ ժողովրդականության վայելող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով պաշտոնը զբաղեցնում էր վերջին երեք տարիների ընթացքում, հրաժարական է տվել։ Իսկ կուսակցության առաջատար դերին վերադարձավ նրա հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին՝ ստանձնելով հատուկ իր համար ստեղծված պատվավոր նախագահի պաշտոնը՝ ընդլայնված լիազորություններով, այդ թվում՝ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքով։
Կադրային վերադասավորումների պաշտոնական բացատրությունը ներկուսակցական հակամարտությունները դադարեցնելու անհրաժեշտությունն է։ Բայց ավելի հավանական է թվում, որ Իվանիշվիլիի վերադարձի հետեւում կուսակցության հանդեպ վերահսկողությունը կորցնելու նրա վախերն են :
Հերթական գալուստը
Իվանիշվիլին առաջին անգամ չե հանրային քաղաքականություն վերադառնում։ Առաջին անգամ նա հեռացավ 2013 թվականին, թողնելով վարչապետի պաշտոնը ընտրություններում «Վրացական երազանքի» առաջին հաղթանակից ընդամենը մի քանի ամիս անց: Այդ հաղթանակով Իվանիշվիլին իշխանությունից հեռացրել էր Միխեիլ Սաակաշվիլիին եւ վերջինիս «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ):
Միլիարդատերը վերադարձավ 2018 թվականին՝ որպես իշխող կուսակցության նախագահ։ Եվ նորից հեռացավ քաղաքականությունից 2021-ին՝ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» տարած երրորդ հաղթանակից հետո:
Իվանիշվիլիի երրորդ գալուստը հաստատում է այն, ինչի մասին ընդդիմությունն անընդհատ խոսում է. միլիարդատերը Վրաստանի ստվերային առաջնորդն է: Հայտարարելով իր վերադարձի մասին՝ Իվանիշվիլին փաստացի հաստատել է այն ենթադրությունները, որ ինքը որոշիչ ազդեցություն ունի այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում իշխող կուսակցությունում։ Նա ինքն է խոստովանել, որ վերջին տարիներին կապի մեջ է եղել դրա ղեկավարների հետ, ինչը «օգնել է թիմում առողջ միջավայր պահպանել»։
Չի բացառվում, որ Իվանիշվիլիի ծրագրերի համաձայն, նրա վերադարձը պետք է օգնի համոզել վրաց հասարակությանը եւ արեւմտյան գործընկերներին, որ երկրում ոչ պաշտոնական կառավարման խնդիր չկա: Ի վերջո, «ապաօլիգարխացումը» ուղղակիորեն նշված է այն խնդիրների ցանկում, որոնք Վրաստանը պետք է լուծի Եվրամիություն անդամակցելու ճանապարհով առաջ շարժվելու համար:
Սակայն Իվանիշվիլին դժվար թե կարողանա ամբողջությամբ ազատվել օլիգարխի պիտակից։ Չէ՞ որ նա վերադարձավ ոչ հաշվետու կուսակցական պաշտոնի` սահմանադրական անհասկանալի կարգավիճակով եւ ոչ հստակ քաղաքական պատասխանատվությամբ: Իշխող կուսակցության խորհրդական, որը խորհրդարանական հանրապետությունում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունի. նման կառուցվածքը հեշտ չի լինի տեղավորվել ժողովրդավարական ինստիտուտների մասին եվրոպական պատկերացումներում:
Նախընտրական վստահությամբ
Թվում է, թե նման բարդ քայլեր կատարելու կարիք չկար։ «Վրացական երազանքն» հաջողությամբ պահպանում էր համեմատաբար բարձր վարկանիշները՝ չնայած վերջին դժվարին տարիներին, երբ COVID-19 համաճարակին հաջորդեց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։
2022 թվականին երկրի ՀՆԱ-ն աճել էր ռեկորդային 10,1%-ով։ Մեծամասամբ այն պայմանավորված էր ռուսաստանցի ռելոկանտների փողերի ներհոսքով: 2023 թվականին աճի տեմպերը դանդաղեցին, սակայն միեւնույն է գերազանցեցին սպասելիքները՝ կազմելով մոտ 7%։ 2024 եւ 2025 թվականներին նույնպես աճ է կանխատեսվում ՝ 4-5 % սահմաններում։
Զգալի հաջողություններ եղան նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում։ Անցյալ տարի «Վրացական երազանքը» բարելավեց հարաբերությունները Բրյուսելի հետ եւ լուծեց արտաքին քաղաքական կարեւոր խնդիր. թեեւ երկրորդ փորձից, բայց Վրաստանը ստացավ Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակը։
Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր հակառակորդները մեղադրում են «Վրացական երազանքին», որ վերջինս սաբոտաժի է ենթարկում եվրոպամետ կուրսը Ռուսաստանի հետ սիրախաղի եւ «երազողների» ավտորիտար սովորությունների պատճառով։ Ընդդիմության ճնշումն այս ցավոտ կետերի վրա միանգամայն տրամաբանական էր՝ հաշվի առնելով, որ վրացիների ավելի քան 80%-ը (անկախ կուսակցական նախապատվություններից) կցանկանար իր երկիրը տեսնել ԵՄ կազմում։ Սակայն այժմ այս փաստարկը կորցրել է իր ուժը. եվրոպացի առաջնորդներն իրենք հաստատեցին, որ Բրյուսելի եւ Թբիլիսիի միջեւ անհաղթահարելի հակասություններ չկան։
Այս ամենը «Վրացական երազանքին» լավ հնարավորություն է տալիս աշնանը չորրորդ անգամ անընդմեջ հաղթել ընտրություններում։ Դեկտեմբերյան հարցումների համաձայն՝ իշխող կուսակցությունը կարող է ստանալ ձայների 36%-ը։ Ընդդիմությունը կարող է հավաքել մոտ 21%։
Իվանիշվիլին ինքն էր խոստովանում, որ առաջիկա քվեարկությունն իրեն առանձնապես չի անհանգստացնում։ Նա վստահ է, որ նույնիսկ առանց ակտիվ նախընտրական քարոզարշավի իր կուսակցությունը 90-100 մանդատ կստանա 150-տեղանոց խորհրդարանում:
Այդ դեպքում ի՞նչն է նրան ստիպել վերադառնալ: Դեկտեմբերի 30-ին, հայտարարելով վերադարձի մասին, Իվանիշվիլին խոսել էր կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի, «ազգային ինքնության» պաշտպանության, «երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության» վերականգնման, ինչպես նաեւ մինչեւ 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու ցանկության եւ «Վրաստանը բարձր եկամուտ ունեցող երկրների ցանկում ներգրավելու մասին»։
Սակայն առայժմ ապացույցներ չկան, որ տեղի ունեցած կադրային փոփոխություններն առաջին քայլն են դեպի այդ նպատակները։ Նախ՝ կառավարությունում փոփոխությունները հիմնականում սահմանափակվեցին վարչապետի հրաժարականով։ Մնացած նախարարները պահպանել են իրենց պորտֆելները, բացառությամբ ՊՆ ղեկավարի, ով հեռացավ սեփական նախաձեռնությամբ։ Երկրորդը՝ նոր կառավարության ծրագիրը ոչնչով չի տարբերվում նախորդից։ Դրա էությունն է՝ նպատակաուղղված շարժում դեպի ԵՄ եւ եվրատլանտյան կառույցներ, բայց առանց այնպիսի քայլերի, որոնք կարող են Ռուսաստանին կոշտ գործողությունների դրդել։
Նոր «թիվ մեկը»
Իվանիշվիլին նշել է իր վերադարձի նաեւ այս նպատակը՝ ուժեղ ընդդիմության բացակայության ֆոնին «չափազանց ուժեղացված թիմին պաշտպանել մարդկային գայթակղություններից»։ «Երբ դրսում մարտահրավեր նետող չկա, գայթակղիչ է թիմի ներսում կոնֆլիկտ ստեղծելը», - ասել է նա: Դա ստիպում է մտածել իշխող կուսակցության ներսում լուրջ հակասությունների առկայության մասին։
Ներկայում «Վրացական երազանք»-ի հնարավոր պառակտման արտաքին նշաններ չկան։ Վարչապետ Ղարիբաշվիլիի հեռանալը եւ նրան նախկինում իշխող կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Կոբախիձեով փոխարինելը հասարակական սկանդալ կամ փոխադարձ մեղադրանքներ չառաջացրեց։ Սակայն դա դժվար թե կարելի է կուսակցական միասնության վստահելի ցուցիչ համարել. «Վրացական երազանք»-ում ներքին հակասությունները հազվադեպ են ի հայտ գալիս:
Առավել հատկանշականն այն է, որ Ղարիբաշվիլին վրացի ամենաժողովրդական քաղաքական գործիչներից էր։ Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է կառավարական, ոչ թե կուսակցական պաշտոններում, երկու անգամ ղեկավարել է կառավարությունը (2013-2015 եւ 2021-2024 թվականներին) եւ հեղինակություն է վայելում կուսակցությունում։ Նա ընդամենը 41 տարեկան է՝ ավելի քան մեկ սերունդ երիտասարդ, քան «Վրացական երազանքի» 67-ամյա հիմնադիր Իվանիշվիլին։
Տրամաբանական կլիներ ակնկալել, որ Իվանիշվիլիի երիտասարդ զինակիցը կարող է սկսել մտածել անկախ կարիերայի մասին։ Ընդ որում, իշխող կուսակցության պատմության մեջ նման նախադեպ եղել է։ 2021 թվականին «Վրացական երազանք»-ից մեկ այլ երիտասարդ նախկին վարչապետ Գիորգի Գախարիան ընդդիմադիր դարձավ եւ հիմնեց իր կուսակցությունը: Այն ժամանակ ժողովրդականության վարկանիշով նա երկրում երկրորդն էր կաթողիկոս Իլիա Երկրորդից հետո։ Ճիշտ է, Իվանիշվիլիի կազմակերպած քարոզարշավը արագորեն ոչնչացրեց նախկին վարչապետի ազդեցությունը եւ նրա քաղաքական նախագիծը դժվար թե կարողանա լուրջ հաջողություններ ունենալ աշնանը կայանալիք ընտրություններում։
Հետաքրքական է նաեւ նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի կենսագրությունը։ Վրաստանում նա առավել հայտնի է 2019 թվականին խորհրդարանի նախագահի պաշտոնը կորցնելու համար նրանից հետո, երբ ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի նիստի ժամանակ խոսնակի աթոռին նստեցրել էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովին: Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերն այնքան բուռն էին, որ Մոսկվան հերթական անգամ դադարեցրեց օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ։
Կոբախիձեն պարբերաբար սկանդալային հայտարարություններով պահպանում է իր իմիջը։ Նա առաջ էր քաշում օտարերկրյա գործակալների մասին օրենքը, մեղադրել էր Ուկրաինային Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ եւ խոսել ԼԳԲՏ քարոզչության անընդունելիության մասին։ Նրա հայտարարությունները հաճախ զայրացնում էին ոչ միայն հենց վրացիներին, այլեւ սադրում էին Թբիլիսիի կոնֆլիկտները արեւմտյան գործընկերների հետ։
Այնուամենայնիվ, պարզվեց, որ այսօր կառավարության ղեկավարի պաշտոնում Իվանիշվիլիին պետք է հենց այդպիսի քաղաքական գործիչ։ Ընտրություններում հաղթանակը միեւնույն է փաստացի նրա գրպանում է, իսկ օլիգարխի անձնական իշխանությանը սպառնացող հնարավոր վտանգը այս փոխատեղումը, հավանաբար, կչեզոքացնի։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: