Новости по-русски

WASC-ը 10 տարով վերահաստատել է Ամերիկյան համալսարանի հավատարմագրումը

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարել է ԱՄՆ-ում գործող ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission (WSCUC)) կողմից հավատարմագրման վերահաստատման մասին: ՀԱՀ-ը ստացել է հնարավոր առավելագույն 10-ամյա հավատարմագրումը, որը հանձնաժողովի կողմից հազվադեպ է տրվում: Այս մասին հայտնել է ՀԱՀ-ի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը մարտի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Իր ելույթում դոկտոր Պողոսյանն ընդգծել է, որ 10 տարով վերահավատարմագրումը թույլ է տալիս Հայաստանի ամերիկյան համալսարանը դասել աշխարհի լավագույն համալսարանների շարքին, ինչպիսիք են Սթենֆորդի, Հարավային Կալիֆորնիայի, Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանները:

«Այս շնորհումը հռչակում եւ արտացոլում է մեր համալսարանի կարողությունը հետեւողականորեն պահպանելու միջազգային ամենաբարձր չափանիշները բարձրագույն կրթության ասպարեզում»,- ասել է նա:

WASC-ը մեկն է Ամերիկայի Միացյալ Նահանգների կրթության նախարարության կողմից ճանաչված ընդամենը վեց գործակալություններից, որոնք իրականացնում են ԱՄՆ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրումը: Կալիֆորնիայի բոլոր համալսարանների հավատարմագրումն իրականացնում է հենց WASC-ը:

Առաջին անգամ ՀԱՀ-ը նախաձեռնել է այս հավատարմագրման գործընթացը դեռեւս 1998 թվականին եւ թեկնածուի կարգավիճակ ստացել 2002-ին: Դրանից հետո համալսարանը պատմական հաջողություն է գրանցել, երբ 2006-ին հավատարմագրումն արդյունավետ է ճանաչվել: 2015 թվականի մարտին, WASC-ի Ավագ քոլեջի եւ համալսարանի հանձնաժողովը (WSCUC) վերահաստատել է ՀԱՀ-ի հավատարմագրումը 9 տարով՝ մինչեւ 2024 թվականի փետրվար:

Ներկայումս ՀԱՀ-ը Հայաստանում եւ հետխորհրդային տարածաշրջանում միակ համալսարանն է, որը ստացել է ԱՄՆ-ի կրթության նախարարության կողմից ընդունված հավատարմագրում:

Հանձնաժողովի կողմից գլխավորապես գնահատվել է ՀԱՀ-ի ֆինանսական կայունությունը եւ այն փաստը, որ համալսարանի ուսման վարձը մեծ մասամբ սուբսիդավորվում է:

«Վարձավճարները ծածկում են ուսանողներին կրթելու ծախսերի միայն 40%-ը: Մենք հենվում ենք մեր նվիրատվության ֆոնդի վրա, որպեսզի կարողանանք նաեւ անհրաժեշտության վրա հիմնված ֆինանսական աջակցություն եւ կրթաթոշակներ տրամադրել մեր ուսանողներին: Փաստացի, մեր ուսանողության առնվազն կեսը ստանում է որեւէ տիպի ֆինանսական աջակցություն»,- ասել է դոկտոր Պողոսյանը:

Հանձնաժողովնը նաեւ բարձր է գնահատել ՀԱՀ-ի կողմից բակալավրի կրթական ծրագրերի հաջող ներդնումը 8 պահանջված ուղղություններով, նաեւ դրական է արձագանքել ամուր էթիկական սկզբունքներին եւ քաղաքականությանը, որոնք  օրինակ են ծառայում տեղի այլ համալսարանների համար:

Բացի վերը նշվածից, հանձնաժողովը նաեւ հանդես է եկել ՀԱՀ-ի զարգացումը խթանելուն ուղղված առաջարկություններով, որոնց շարքում են հետեւողականության եւ թափանցիկության բարելավմանն ուղղած շարունակական ջանքերը:

«Փաստացի, մենք արդեն սկսել ենք հանձնաժողովի կողմից կատարված առաջարկությունների հասցեագրումը»,- հավելել է համալսարանի նախագահը:

Հավատարմագրումը երաշխավորում է համալսարանների շարունակական զարգացումը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ընդհանուր կրթության դեկան Շարիստան Մելքոնյանը, որը նաեւ նախագահում է կրթության ղեկավարման կոմիտեն:

«Ամերիկյան հավատարմագրում ստանալը ցույց է տալիս մեր պոտենցիալ ուսանողներին եւ նրանց ընտանիքներին, որ ՀԱՀ-ի կողմից տրվող կրթական աստիճանն արժե նրանց ժամանակի ու ջանքերի ծախսը: Այն ցույց է տալիս պոտենցիալ եւ ներկա դասախոսական կազմին, որ ՀԱՀ-ն արժանի է նրանց ներդրած ժամանակին ու փորձառությամբ կիսվելուն: Սա նաեւ նշան է աշխատաշուկայի համար, որ ՀԱՀ-ի շրջանավարտները պատրաստ են ընդունելու տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային միջավայրի մարտահրավերները»,- ասել է նա:

Հայաստանի ամերիկյան համալսարանը հավատարմագրված է նաեւ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից: ՈԱԱԿ-ի տնօրեն դոկտոր Ռուբեն Թոփչյանը նշել է, որ WASC-ը մեր պետության կողմից ճանաչված է որպես Հայաստանում հավատարմագրում իրականացնող գործակալություն:

«Հայաստանի Ամերիկյան Համալսարանն ունի որակի ապահովման լավ համակարգ, որը շարունակաբար բարելավում է ուսանողներին մատուցվող ծառայությունների եւ կրթության մակարդակը: Ես շատ ուրախ եմ ձեռք բերված արդյունքների համար»,-ընդգծել է դոկտոր Թոփչյանը:

Գայանե Ենոքյան

Читайте на 123ru.net