Հավատալ ինքդ քեզ ու որոշում կայացնել. կանայք կանանց հզորացման մասին
Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս CITY College-ի բաց դռների օրերի շրջանակում մարտի 27-ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել կանանց հզորացման, նրանց առաջնորդական դերի եւ բիզնեսի կառավարման հմտություններին առնչվող պանելային քննարկում:
Կրթությունը վստահություն է տալիս
Քննարկումը կազմակերպվել էր Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջի եւ Երեւանում Բրիտանական դեսպանատան համատեղ ջանքերով:
«Բրիտանական դեսպանատունը մեծ ուշադրություն է դարձնում գենդերային հավասարակշռությանը եւ տարբեր բնագավառնեռրում կանանց ներգրավվածությանը»,- ասել է Մեծ Բրիտանիայի փոխդեսպան եւ հյուպատոս Փոլ Մորիսը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել երկու պանելային քննարկում. կանայք որպես առաջնորդներ եւ կանայք եւ ձեռներեցությունը:
Քննարկման մասնակիցներից շատերը Համաեվրոպական Executive MBA-ի ուսանողներն ու շրջանավարտներն էին, որոնք պատմել են, թե ինչպես է կրթությունն անդրադարձել իրենց կարիերայի վրա:
«Գրանթ Թորնթոն»-ի մարկետինգի տնօրեն Անի Հակոբյանը, ով այս տարի է ավարտում ուսումնառությունը, ընդգծել է կրթության շարունակականության կարեւորությունը:
«Այս կրթական ծրագիրը մեծ վստահություն է տալիս, որովհետեւ հնարավորություն է ստեղծում համադրելու նախկինում ձեռք բերած ակադեմիական գիտելիքն ու տարիների փորձը ու դրա շնորհիվ ավելի վստահ առաջ գնալու համար: Անձամբ ես հիմա բոլոր կողմերից պատկերացնում եմ բիզնեսը, ինչն էլ կօգնի այն շարունակապես զարգացնել»,- նշել է նա:
Կանանց բիզնեսներն ավելի հաջողակ են
Պանելային քննարկումները վարում էր Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն պրոֆեսոր Լեսլի Սզամոզին։ Հիմնվելով իր հետազոտությունների վրա, նա ընդգծել է կանանց առանցքային դերը հասարակությունում կայունության ապահովման հարցում:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց կողմից հիմնված բիզնեսների հաջողություն հասնելու հավանականությունն ավելի մեծ է: Կարեւոր է կանանց այս կարողություններն օգտագործել երկրի զարգացման տեսանկյունից՝ ստեղծելով ավելի լավ հասարակություն»,- նշել է նա:
Կանանց առաջնորդական դերի վերաբերյալ քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց անցած ճանապարհը, որից հետո հնչել են հարցեր ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածությանն առնչվող խնդիրների շուրջ:
«Ե´վ լավ մայր, եւ´ լավ կին, եւ´ լավ աշխատակից»
«Հայաստանի կանանց մեծ մասը աշխատավայրում իր աշխատանքը կատարելուց հետո գնում է տուն ու մնացյալ ամբողջ օրը զբաղվում տան գործերով: Այստեղ իսկապես կարեւոր է ճիշտ հավասարակշռություն գտնելն ու հասկանալ, թե ինչպես կարող ես լինել եւ´ լավ մայր, եւ´ լավ կին, եւ´ լավ աշխատակից: Ճնշումը շատ մեծ է, իսկ աջակցությունը՝ քիչ, ուստի կարեւոր է պետության կողմից աջակցող համակարգերի եւ գործիքների ստեղծումը»,- ասել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի ներկայացուցիչ Աննա Ներսիսյանցը:
Չնայած խոչընդոտներին ու դրանց լուծման համար անհրաժեշտ տարբեր միջոցառումների իրականացմանը, կարեւոր է նաեւ հենց կանանց տրամադրվածությունը:
«Ես իմ աղջկան մշտապես ասում եմ, որ նա կարող է լինել այն, ինչ ուզում է, քանի դեռ իրեն այդպես երջանիկ է զգում»,- պատմել է Անի Հակոբյանը:
«Յուրաքանչյուր մարդ կարող է կառավարել իր կյանքն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Մենք մշտապես տեսնում ենք միջին օղակներում աշխատող եւ իրենց հրաշալի դրսեւորող կանանց, բայց հաճախ հենց իրենք են խոչընդոտում իրենց առաջխաղացմանը՝ հրաժարվելով ավելի բարձր պաշտոններից»,- հավելել է նա:
Որոշումն ընդունելու պահը
Կանանց ձեռներեցությանն առնչվող քննարկման ժամանակ տարբեր ոլորտներում հաջողության հասած եւ սեփական բիզնեսը հիմնած կանայք կիսվել են իրենց փորձով՝ ներկայացնելով թե´ հաջողության պատմությունները, թե´ ձախողումներն ու քաղած դասերը:
«818 Consulting» ընկերության հիմնադիր Նանա Հովհաննիսյանը ներկաներին պատմել է ընկերության հիմնադրման մասին: 10 տարի առաջ, երբ արդեն մեծ հաջողություններ էր գրանցել իր կարիերայում, սակայն դեռեւս սեփական բիզնես չուներ, սովորական մի առավոտ կայացրել է ճակատագրական որոշումը.
«Առավոտյան պետք է աշխատանքի գնայի, այդ օրը նաեւ կրտսեր աղջկաս մանկապարտեզի հանդեսն էր: Երբ մտածում էի, որ պետք է գնամ աշխատավայր ու իմ տղամարդ ղեկավարից թույլտվություն հարցնեմ աղջկաս հանդեսին մասնակցելու համար, հասկացա, որ ես դա չեմ ուզում եւ այդ պահին կայացրի աշխատանքը թողնելու ու սեփական բիզնեսը հիմնելու որոշումը»,- պատմել է Նանա Հովհաննիսյանը:
Հիմնվելով կանանց ձեռներեցության ոլորտում աջակցելու իր տարիների փորձի վրա, նա նշել է մի քանի հիմնական խոչընդոտների մասին, որոնցից է առաջնային որոշման կայացման փուլում կանանց աջակցելն ու զարգացման բարենպաստ միջավայր ստեղծելը:
«Made-vel-e»-ի հիմնադիր Նատաշա Գալֆայանը եւս պատմել է իր սոցիալական ձեռներեցության մեկնարկի պատմությունը, երբ 8 տարի առաջ որոշել է թողնել իր աշխատանքն ու սկսել զրոյից:
«Ես հասկացա, որ այն չեմ, ինչ կուզեի լինել ու որոշեցի գնալ երազանքիս հետեւից: Հիմա ինքս եմ փորձում հնարավորություն տալ այն հասուն մարդկանց, որոնք կարծում են, որ կորցրել են իրենց երազանքը»,-ասել է նա:
Նատաշա Գալֆեյանը կարեւորել է, որ դեպի երազանք ճանապարհը սկսելուց առաջ պետք է հասկանալ ինքդ քեզ՝ ով ես, ով կուզեիր լինել, ինչ ուժեղ եւ թույլ կողմեր ունես, իսկ առաջին քայլը կատարելուց հետո պատրաստ լինել մարտահրավերներին ու խնդիրներին վերաբերվել որպես կատարելագործելու, փոխելու ու առաջ շարժվելու հնարավորությունների:
Գայանե Ենոքյան