Новости по-русски

3 000 դրամի պատմությունը. մասնավոր դասերից մինչեւ փոխակերպող լեզվի կենտրոն

Սեւան քաղաքի թաղամասերից մեկի նեղ ու ցեխոտ փողոցներով անցնելուց հետո մեքենան կանգ է առնում 6-րդ տան ժանգոտած դարպասների առաջ: Առաջին հայացքից դժվար էր պատկերացնել այն լուսավոր եւ հյուրընկալ մթնոլորտը, որ մեզ սպասում էր այդ պատնեշից այն կողմ:

Դարպասների մոտ մեզ դիմավորում է «EduCAT» անգլերենի ուսուցման կենտրոնի հիմնադիր Լիլիթ Ադիլխանյանը եւ հրավիրում ուսուցման եւ զարգացման իր աշխարհ:

«Սա պապիկիս տունն է եղել: Որոշեցինք այն վերանորոգել ու դարձնել այլընտրանքային ուսուցման կրթական անկյուն»,- ասում է նա:

Լիլիթն իրեն աշխարհի ամենաբախտավոր մարդկանցից է համարում, քանի որ աշխատանքը նաեւ նրա տարերքն է: Այդուհանդերձ, այս հանգրվանին հասնելն ամենեւին էլ հեշտ չէր:

«Միայն լեզվին տիրապետելը բավարար չէր»

2008 թվականին Լիլիթն ավարտել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն ու դարձել անգլերենի եւ գերմաներեն ուսուցիչ: Այդ ժամանակ նա վստահ չէր, թե ինչպես պետք է շարունակի իր հետագա ուղին: Մի քանի տարի շարունակ փնտրում էր իր իրական կոչումը՝ փորձելով տարատեսակ ոլորտներ, ինչպիսիք են քաղաքականությունը, բանկային ոլորտը եւ այլն:

«Սկսեցի մասնավոր պարապմունքներ անցկացնել հարեւանիս երեխայի հետ, երբ նա 4-րդ դասարանում էր սովորում: Անգլերեն սովորելիս նրա հաջողությունները տեսնելն ինձ անհավանականորեն ոգեւորեցին, եւ ես հասկացա, որ սա այն է, ինչ ես ուզում եմ անել իմ ամբողջ կյանքի ընթացքում»,- հիշում է Լիլիթը:

Նա սկսել է դասավանդման իր կարիերան 2016 թվականից՝ իր առաջին պարապմունքների համար ամսական վաստակելով ընդամենը 3 000 դրամ: Ավելի ուշ Լիլիթը հնարավորություն է ստացել դասավանդելու Սեւանի հանրակրթական դպրոցներից մեկում: Այս փորձառությունը օգնեց նրան վերագնահատել իր դասավանդման մոտեցումը եւ հասկանալ, որ միայն լեզուն իմանալը բավարար չէ, առանցքային է դրա մատուցման մեթոդներին գերազանց տիրապետելը:

«Դասավանդման մեթոդաբանության մասին ես ոչինչ չգիտեի: Ինձ համար իսկապես բարդ էր, երբ մտնում էի դասասենյակ ու տեսնում այդ բոլոր փոքրիկ դեմքերը՝ փայլող աչքերով, որոնք ակնկալում էին ինձանից ինչ-որ հատուկ բան ստանալ, բայց ես չունեի դա նրանց փոխանցելու համար», -ասում է Լիլիթը:

Այս ամենի շուրջ մտորելիս նա պատահաբար հայտարարություն է տեսնում Հայաստանի ամերիկյան համալսարանի կրթական ծրագրերի մասին: Սկզբում դիմում է CTEFL՝ «Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման» վկայագրի ամառային ծրագրին, իսկ հետո՝ «Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման» մագիստրոսական ծրագրին (MA TEFL):

«Բարեբախտաբար, ես ընդունվեցի, եւ դա իմ կարիերայում բեկումնային դեր ունեցավ»,- հիշում է Լիլիթը:

«Ուսուցիչ լինելը ենթադրում է բազմակողմանի աշխատանք»

Լիլիթը մեծ երախտագիտությամբ ու ուրախությամբ հիշում իր ուսումը Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես վայր, որտեղ նա զարգացել է եւ դարձել այն մասնագետը, որը ձգտում էր լինել:

«Շնորհիվ ՀԱՀ-ի հոյակապ դասախոսների եւ աջակցող թիմի, ես գտնվում էի կրթվելու լավագույն միջավայրում, որտեղ ինձ ոչ միայն ոչ ոք չէր քննադատում իմ սխալների համար, այլեւ ընդհակառակը, ոգեշնչում էին աճել, զարգանալ եւ ինքս ինձ հավատալ: Այս հոգեբանական աջակցությունը ճակատագրական դարձավ երազանքներիս հետեւելու հարցում»,- ընդգծում է Լիլիթը:

ՀԱՀ-ում դասերի շնորհիվ Լիլիթը ձեռք է բերել այնպիսի հմտություններ, որոնք Հայաստանի շատ ուսուցիչների մոտ բացակայում են. պատշաճ մեթոդաբանություն՝ լեզուն արդյունավետ դասավանդելու համար, ուսանողներին հասկանալու, նրանց հետ իրենց անհատական բնավորությանը համապատասխան աշխատելու կարողություն:

«Ուսուցիչ լինելը ենթադրում է բազմակողմանի աշխատանք»,-ասում է Լիլիթը՝ ընդգծելով, որ եթե մարդը ցանկանում է լեզու դասավանդել, մագիստրոսական կրթությունը պարտադիր է մեթոդաբանությանը տիրապետելու համար: «Կարծում եմ, որ ամերիկյան համալսարանն այդ կրթության համար լավագույններից է»:

Թույլ տուր, որ երազանքն առաջնորդի քեզ

Այն պահից, երբ Լիլիթը սկսել է դասավանդել, նա երազում էր իր հայրենի համայնքում կրթական կենտրոն հիմնելու մասին, որպեսզի կարողանա լեզվի բարձրակարգ դասավանդում առաջարկել: Չնայած կարիերայի այն լայն հնարավորություններին, որ սովորաբար ստանում են ՀԱՀ-ի շրջանավարտները, Լիլիթը հավատարիմ մնաց իր առաքելությանը՝ թողնելով, որ «Աստված առաջնորդի իրեն իր երազանքի միջով»:
 
«Ես հավատում եմ, որ պետք է գնալ այնտեղ, որտեղ զարգացման կարիք կա: ՀԱՀ-ում կրթություն ստանալու իմ հիմնական նպատակը անհրաժեշտ գիտելիքը ձեռք բերելն ու դրանով իմ համայնք վերադառնալն էր: Կարծում եմ, որ լեզվի ուսուցումը կապված է նաեւ 21-րդ դարի հմտությունների զարգացման եւ ուսանողներին կենսական անհրաժեշտության գիտելիք փոխանցելու հետ, օրինակ՝ շրջակա միջավայրի, ընկերության մասին: Հիմա ես այստեղ եմ, որպեսզի իմ համայնքին փոխանցեմ ամենն, ինչ սովորել եմ ամերիկյան համալսարանում»,- ասում է Լիլիթը:

2022 թվականին ՀԱՀ-ն ավարտելուց հետո, երբ Լիլիթն ընկերներից մեկին օգնելու համար դրամաշնորհային ծրագիր էր փնտրում, հանկարծ տեղեկացել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից հայտարարված կին ձեռներեցների հզորացման ծրագրի մասին:

Նման պատահական համընկնումներով իրադարձությունների ժամանակ նա մշտապես հիշում է իր սիրելի դասախոսներից Իրշատ Մադյարովի խոսքերը. «Մարդն անպայմանորեն հանդիպում է ճիշտ մարդկանց ճիշտ ժամանակին, եթե իր աշխատանքը կատարում է սիրով ու ազնվությամբ»:

Դիմելով ՀԲԸՄ-ի «Empower Her» ծրագրին՝ Լիլիթը շահել է առաջին մրցանակը: Ծրագրի շնորհիվ նա կարողացել է ձեռք բերել կրթական կենտրոնի համար անհրաժեշտ կահույքն ու տեխնիկան: Ծնողների օգնությամբ Լիլիթը փոխակերպել է իր պապական հին տունը՝ դարձնելով այն ոգեշնչող միջավայր կրթվելու եւ զարգանալու համար:

Հավատն ու ճանապարհին հանդիպող բարի մարդիկ

«EduCAT»-ի մեկնարկային շրջանը մարտահրավերային էր համայնքում առկա կարծրատիպերի պատճառով, որոնք վերաբերում էին անգլերենի ուսուցմանը: Ծնողները, հաճախ, պնդում էին, որ Լիլիթը առաջնորդվի միայն դպրոցական ծրագրով, որպեսզի երեխաների գնահատականները բարելավվեն՝ առանց կարեւորելու լեզվին իրականում տիրապետելը:

«Երկար աշխատում էի ծնողների հետ՝ փորձելով օգնել նրանց հասկանալ, որ մեր սերունդները դպրոցական ծրագրից ավելին սովորելու կարիք ունեն, նրանց պրակտիկ անգլերեն է պետք: Եթե նրանք լավ տիրապետեն անգլերենին, բնականաբար նաեւ դպրոցում բարձր գնահատականներ կստանան, բայց միեւնույն ժամանակ, կստանան նաեւ անգլերենի իրական հմտություններ: Սա բավականին բարդ ստացվեց, որովհետեւ շատ ծնողներ որոշեցին իրենց երեխաներին իմ կենտրոն չբերել այն բանից հետո, երբ իմացան, որ ես միայն դպրոցական ծրագրով չեմ առաջնորդվելու»,- հիշում է Լիլիթը:

Բարեբախտաբար, Լիլիթին հաջողվել է ձեռք բերել իր մեթոդների հանդեպ ծնողներից մեկի վստահությունը, եւ նա սպասել է որոշ ժամանակ մինչեւ իր աղջիկը սկսի նաեւ դպրոցում բարձր գնահատականներ ստանալ՝ արդեն իրական անգլերենի իմացության շնորհիվ:

«Նա շատ գոհ էր, եւ երկուսս էլ շատ ուրախ էինք, որ արդյունք ունեցանք»:

Իր մեթոդների միջոցով Լիլիթն աստիճանաբար սկսել է փոխել համայնքի ծնողների մտածելակերպը: Այսօր նա 60-ից ավելի ուսանողներ ունի, հիմնականում դպրոցահասակներ եւ քոլեջի ուսանողներ:

«Իմ հաջորդ նպատակը շատ փոքր տարիքային խմբերի հետ աշխատելն է՝ 3-4 տարեկան, որովհետեւ ես կարծում եմ, որ հենց դա է այն տարիքը, երբ նրանք լավագույնս յուրացնում են տեղեկատվությունը, եւ եթե մենք ուզում ենք բարելավել արտասանությունը, կատարյալ տարիքը դա է»,- ասում է Լիլիթը:

Նա հավատում է, որ իր երազանքին հասնելու առանցքային գործոնները հավատն ու այն բարի մարդիկ էին, որոնց հանդիպել է իր ճանապարհի ընթացքում:

«Աշխատածս առաջին 3 000 դրամն աճեց ու դարձավ հսկայական մի բան՝ ինչպես փոքր ամպիկն է մեծանում ու, ի վերջո, անձրեւում: Հիմա ես քաղում եմ դրա պտուղները»,- ասում է Լիլիթը:

Սենյակի անկյունի գրապահարանի վերեւում Հայաստանի ամերիկյան համալսարանի խորհրդանիշ արջուկն է նստած: Լիլիթն ասում է, որ այն մշտապես իրեն ժպիտ է պարգեւում, քանի որ հիշեցնում է ՀԱՀ-ում իրեն հանդիպած մարդկանց, որոնք օգնել են իր կարիերային ճանապարհում:

Նայելով առաջ՝ Լիլիթը ծրագրում է ընդարձակել կենտրոնի դասընթացների շրջանակը՝ առաջարկելով նաեւ IELTS եւ TOEFL-ի դասեր, հիմնել անգլերեն գրականության գրադարան, քանի որ համայնքում նմանը չկա: Նա նաեւ հույս ունի գտնել մեկ այլ բարի եւ հմուտ անհատի, որը կմիանա կրթական կենտրոնին ու կօգնի զարգացնել այն՝ ապագայում ներգրավելով ավելի շատ ուսանողների:

«Մի անգամ ամերիկյան համալսարանի միջանցքներով քայլելիս մի նախադասության հանդիպեցի, որը մնաց մտքումս. «Մի´ ամաչիր օգնություն խնդրելուց»: Եթե ես ամաչեի խնդրելուց, ես չէի դիմի ՀԱՀ, եթե ամաչեի խնդրելուց, ես չէի դիմի ՀԲԸՄ-ին կամ այլ ծրագրերին, եւ չէին լինի այնտեղ, որտեղ հիմա եմ»,-ասում է Լիլիթը, իսկ հետո ողջունում իր ուսանողներին՝ լուսավոր երիտասարդ դեմքեր, որ պատրաստ են կրթական ճանապարհորդությանը՝ հանուն ավելի լավ ապագայի:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Читайте на 123ru.net