Новости по-русски

ԱՄՆ-ը սկսում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ

Այս մասին ասված է պետքարտուղարի՝ «Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար վիզային ռեժիմի սահմանափակման քաղաքականության եւ ԱՄՆ-Վրաստան համագործակցության համապարփակ դիտարկման մասին» վերնագրված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մշակել եւ ընդունել է «օտար ազդեցության» մասին օրենքը, որը ճնշելու է հավաքների եւ արտահայտվելու ազատության իրավունքը, թիրախավորելու է Վրաստանի քաղաքացիներին ծառայող կազմակերպություններին եւ խանգարելու է անկախ լրատվամիջոցներին:   

Երբ Վրաստանի քաղաքացիները դեմ արտահայտվեցին օրենքին, մենք տեսանք խաղաղ այլախոհությունը ճնշելու ահաբեկման եւ բռնության արշավի հստակ նշաններ: «Ազգային անվտանգության օրենքը» եւ օրինական այլախոհությունը ճնշելու համար օգտագործվող ռեպրեսիվ մարտավարությունը խարխլում են Վրաստանի ժողովրդավարությունն ու հիմնարար ազատությունները եւ հակասում են եվրաատլանտյան ինտեգրման եւ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության մասին վաղուց հռչակված եւ Սահմանադրության մեջ ամրագրված
Վրաստանի նպատակին:

Ի պատասխան այս գործողությունների՝ Պետդեպարտամենտը մեկնարկում է Վրաստանի համար վիզային ռեժիմի սահմանափակման քաղաքականություն, որը կտարածվի Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու կամ մեղսակից անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների վրա:

Այսօր ես նաեւ մեկնարկում եմ Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջեւ երկկողմ համագործակցության համապարփակ դիտարկումը: Մենք հույս ունենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն օրինագիծը եւ քայլեր կձեռնարկեն՝ իրենց երկրի ժողովրդավարական եւ եվրաատլանտյան ձգտումների իրականացնելու նպատակով առաջ շարժվելու համար: Դիտարկման ընթացքում մենք հաշվի ենք առնելու Վրաստանի գործողությունները՝ մեր սեփական որոշումները կայացնելու համար»:

Читайте на 123ru.net