Новости по-русски

Միջպետական երկաթուղու եւ Մ6 մայրուղու վերականգնումը բավական ժամանակ կպահանջի

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Լոռու եւ Տավուշի մարզերում, հատկապես Աղստեւ եւ Դեբետ գետերի ջրամբար ավազաններում ջրերի վարարումների հետեւանքներով արձանագրվել են մի շարք ավերածություններ:

«Հատկապես հինգ գոտում ավերածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը եւ Դիլիջանից դեպի Իջեւան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել: Տարբեր ենթակառուցվածքներ, մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհը, կամուրջներ, երկաթգիծը, ջրագծեր, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ եւ այլ ենթակառուցվածքներ:

Ալավերդի համայնքում կա 9 բնակավայր, որոնք կամուրջների վնասման հետեւանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր եւ հիմա իրականացվում են այդ բնակավայրերի տարանցիկ այլ ճանապարհների կազմակերպման եւ նրանց կապի հաստատման հետ կապված աշխատանքներ:

Ընդհանուր ունենք վնասված 14 կամուրջ, կան նաեւ համայնքային նշանակության ավելի փոքր կամուրջներ»,- ասել է Գնել Սանոսյանը:

Նա նշել է, որ Լոռու մարզում մոտ 2 500 բնակիչ դեռեւս զրկված է էլեկտրաէներգիայից, իսկ Տավուշի մարզում՝ մոտ 1000 բնակիչ: Մի շարք հատվածներում կան նաեւ գազամատակարարման հետ կապված խնդիրներ:

Նախարարի խոսքով՝ մեծ վնասներ է կրել երկաթուղին, ընդհանուր մոտ 2,5 կմ:

«Լուրջ վնասներ է պատճառվել եւ բավական ժամանակ կպահանջի երկաթուղու աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: Շատ լուրջ վնասներ է կրել Մ6 մայրուղին, մոտ 8-9 հատվածում ճանապարհը կամ ամբողջությամբ, կամ մասնակի քանդվել է: Լուրջ վնասներ է պատճառվել Մ4 միջպետական ճանապարհի հինգ հատված, բայց երեկ ամբողջ օրն ափապաշտպան աշխատանքները հնարավորություն տվեցին ճանապարհը թեկուզ վնասված, բայց անցանելի պահպանել»:

Հեղեղումների հետեւանքով զոհերի թիվն այս պահին 4 է:

Խոսելով կտրված գյուղերի վիճակի մասին՝ վարչապետը հանձնարարել է ուղղաթիռներով ապրանքների մատակարարումներ ապահովել: Փաշինյանը հանձնարարել է կարճաժամկետ կարիքները գույքագրել եւ հրատապության ռեժիմով իրականացնել, ինչպես նաեւ միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքների գույքագրում իրականացնել:

Читайте на 123ru.net