Новости по-русски

Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը

«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը եւ շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է:

Հայաստանը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները եւ քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը եւ միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձեւերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, ՀՀ-ն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության հաստատմամբ, հրեա եւ պաղեստինցի ժողովուրդների միջեւ տեւական հաշտության կայացմամբ:

Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ եւ համապարփակ կարգավորման օգտին եւ պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից եւ վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին եւ ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

Читайте на 123ru.net