Новости по-русски

Հայաստանն ու Իսրայելը պետք է ոչ թե վնասեն միմյանց, այլ աշխատեն միասին

Ներկայացնում ենք ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի՝ The Jerusalem Post պարբերականի «Կարծիքներ» բաժնում հրապարակված Armenia’s recognition of Palestine was not anti-Israel հոդվածի հայերեն թարգմանությունը:

Գրիգոր Հովհաննիսյան

Հայաստանը դարձավ 145-րդ երկիրը, որը ճանաչեց Պաղեստին պետությունը: Անցյալ տարի հայերը սարսափելի էթնիկ զտման ենթարկվեցին Ադրբեջանի կողմից, որին զգալի չափով զինել էր Իսրայելը։ Կարելի է մտածել, որ երկու ազգերը հակասության մեջ են, եւ The Jerusalem Post-ի խմբագրականում ամեն ինչ հենց այդպես էլ ներկայացվել էր: Բայց եթե ավելի խորը նայենք, այլ պատկեր կտեսնենք:

Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր պատմության, հարազատության եւ համախոհության խոր զգացում ունեն, որը պահպանվում է՝ չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Իսրայելի ռազմական հարաբերություններին: Հայաստանում արմատացած հակասեմականություն չկա, ինչպես որ Իսրայելում չկա հատուկ հայատյացություն: Երկու ժողովուրդներն էլ բախվել են հալածանքների եւ ցեղասպանության՝ իրենց ինքնությունը պայմանավորելով ոչ թե տարածքային գործոնով, այլ երկվությամբ, որը միջազգային ճգնաժամերի ժամանակ նրանց դժվար ընտրության առաջ է կանգնեցնում:

Ներկայում հայ-իսրայելական հարաբերություններն անցում են փորձությունների միջով, բայց մենք պետք է նավարկենք այս խորդուբորդ ջրերում: Մեր գլոբալ համայնքները համագործակցում են ծայրահեղականության դեմ պայքարում եւ այնպիսի նորամուծություններ մշակելիս, ինչպիսիք են, օրինակ, պատվաստանյութերը, որոնք ստեղծվել են հայկական արմատներ ունեցող Moderna ընկերությունում: Իսրայելի նշանակալի հայ համայնքը կարող է կամուրջ ծառայել փոխըմբռնման եւ համագործակցության համար։ Հայաստանում աճում է հրեական համայնքը՝ բաղկացած Ռուսաստանի եւ Ուկրաինայի այն քաղաքացիներից, ովքեր փախել են թշնամանքից եւ զորակոչից: Նրանցից շատերը մտածում են հաստատվել հյուրընկալ Հայաստանում եւ նոր կյանք սկսել այստեղ։

Ռազմավարական առումով Հայաստանն անցնում է լուրջ աշխարհաքաղաքական վերադասավորումների միջով՝ ավելի մերձենալով Միացյալ Նահանգների հետ եւ դիտարկելով ԵՄ անդամակցության հնարավորությունը՝ միաժամանակ միանալով տարածաշրջանային ինտեգրման եւ տրանսպորտային նախագծերին, որոնք կձեւավորեն ապագա եվրասիական առեւտուրը: Իսրայելը պետք է մտածի այս տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությանն աջակցելու մասին՝ օգնելու Հայաստանին ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտներն ու նպաստել իր անվտանգության ռազմավարությունների վերաձեւմանը: Այս համագործակցությունը կուժեղացնի երկու երկրների դիրքերը տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս, ներառյալ Հնդկաստանում եւ Ծոցի երկրներում:

Եվ այսպես, ինչո՞ւ Հայաստանը ճանաչեց Պաղեստինը:

Այս ճանաչումը տեղի ունեցավ նախկին ԽՍՀՄ եւ Վարշավյան պակտի երկրների, Հայաստանի բոլոր հարեւանների ու ԵՄ անդամ մի շարք երկրների կողմից ճանաչումներից հետո: Թեեւ այս քայլը կարող է անժամանակ թվալ, կարեւոր է հասկանալ այն սկզբունքները, որոնք Հայաստանի որոշման հիմքում էին:

Հայաստանը դուրս եկավ Խորհրդային կայսրության փլատակների տակից որպես անկախ պետություն՝ հայտնվելով բարդ եւ թշնամական հարեւանների շրջապատում: Պատմականորեն Հայաստանը պայքարել է իր գոյատեւումն ապահովելու ու Մերձավոր Արեւելքում արեւմտյան քաղաքակրթության ներկայացուցչի իր հստակ ինքնությունը պահպանելու համար: Ռեսուրսներով աղքատ եւ տարածաշրջանային մրցակիցների ռազմական ուժի առումով զիջող Հայաստանը մեծապես հենվել է միջազգային լեգիտիմության վրա՝ իր արտաքին քաղաքականության մեջ հիմնվելով ինքնորոշման իրավունքի, ցեղասպանության կանխման եւ վեճերում ուժի չկիրառման սկզբունքների վրա:

Անցյալ սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց եւ ներխուժեց Արցախի էթնիկ հայաբնակ անկլավ՝ վերջ դնելով Խորհրդային Միության փլուզումից հետո գործող ինքնակառավարմանը։ Մեծապես կախված լինելով իսրայելական զինատեսակներից՝ ադրբեջանական ուժերը ստիպեցին 120 000-ից ավելի բնակչությանը լքել տարածքը:

Բայց Պաղեստինը ճանաչելու պատճառը, ի հեճուկս Իսրայելի կասկածների, նույնիսկ այս ողբերգությունը չէ։ Ավելի շուտ դա պայմանավորված է Հայաստանի՝ կամավոր կերպով ստանձնած պարտավորություններով միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման դեպքերի նկատմամբ, ներառյալ Պաղեստինը եւ, հավանաբար, Կոսովոն, Հարավային Սուդանը եւ ուրիշներն ապագայում:

Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման ժամանակահատվածը հակասությունների տեղիք է տվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ Իսրայելում: Շատերը կարծում են, որ Գազայի հակամարտության ընթացքում կատարված այս քայլը սխալ ազդանշաններ է հղում պատերազմող կողմերին։ Եթե դա այդպես է, ապա սրանք, ցավոք, հանգամանքներ են, որոնք  հայ քաղաքական գործիչները հաշվի չեն առել: Հայաստանի որոշման վրա, հնարավոր է, ազդել են տարածաշրջանային հզոր դերակատարները: Դա ի ցույց է դնում Հայաստանի աճող զգայունությունը ճնշումների նկատմամբ, օրինակ` 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո ոգեւորված Թուրքիայի կողմից:

Արձագանքը հատկապես բուռն էր Իսրայելում: Իսրայելի ԱԳՆ-ն խիստ զգուշացում էր արել երկկողմ հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին: Դա կտրուկ տարբերվում է այն արձագանքից, որը եղավ Իսպանիայի, Սլովենիայի եւ Բելգիայի կողմից Պաղեստինի ճանաչման դեպքում: Հարց է առաջանում, ինչո՞ւ է Հայաստանի ճանաչումն ընկալվում որպես ավելի քիչ ներելի, քան 144 այլ երկրների ճանաչումը։

Նմանապես, մեր իսրայելցի գործընկերների մոտ հաճախ հարց է առաջանում, թե ինչո՞ւ այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն ընդունելի է, իսկ Իսրայելինը՝ ոչ: Պատասխանն այն է, որ Հայաստանն ու Իսրայելը, որպես Մեծ Մերձավոր Արեւելքի միակ ոչ մուսուլմանական եւ ժողովրդավարական երկրները, պետք է ոչ թե վնասեն միմյանց, այլ միասին աշխատեն տարածաշրջանային կայունության ու բարգավաճման համար:

Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը համահունչ է վաղուց հռչակված սկզբունքներին եւ չպետք է դիտվի որպես վնաս հայ-իսրայելական ապագա հարաբերություններին: Փոխարենը, երկու երկրները պետք է վերահաստատեն իրենց ընդհանուր արժեքներն ու միասին աշխատեն՝ ավելի կայուն եւ բարգավաճ ապագա ստեղծելու ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net