LOT-ը 2016 թ.–ի հունվարի 2–ից վերսկսում է չվերթերը դեպի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լեհական LOT ավիաընկերությունը հունվարի 2–ից կվերսկսի չվերթերը դեպի Հայաստան, Facebook–յան իր էջում տեղեկացրել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։
LOT ավիաընկերությունը տարեսկզբին ժամանակավորապես դադարեցրել էր չվերթերը դեպի Հայաստան։
«2016 թվականի հունվարի 2-ից վերականգնվել է Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղղիղ չվերթների իրականացումը լեհական LOT ավիաընկերության կողմից: Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթերով կապն իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ նաև մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով», – նշել է Ղազարյանը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը հայտարարել էր, որ Չեխական ավիաուղիներն ու լեհական LOT ավիաընկերությունը մինչև տարեվերջ դուրս կգան հայկական շուկա։
Նախարարության տվյալներով, 2015 թ.–ի առաջին կիսամյակի տվյալներով` դեպի Հայաստան չվերթեր է կատարում 24 ավիաընկերություն, որոնցից ութը ռուսական է։–0–