Новости по-русски

«ԱԲ սերունդ» ծրագիրը հետաքրքրել է արտերկրի կրթական հաստատություններին

 «ԱԲ սերունդ» ծրագիրը հետաքրքրել է արտերկրի կրթական հաստատություններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ FAST հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են 2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի եւ Երեւանի 15 ավագ դպրոցներում իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի ընդլայնման հնարավորություններն ու հետագա համագործակցության հեռանկարները:

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ նախարարը կարեւորել է այն փաստը, որ ծրագրի շնորհիվ շուրջ 400 աշակերտի համար հասանելի է դառնում խորացված մաթեմատիկայի, Python ծրագրավորման լեզվի անվճար ուսուցումը, լրացվում է ոլորտում ԱԲ մասնագետների բացը։

Այդուհանդերձ,  նախարարի դիտարկմամբ՝ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագրի առաջընթացի առումով առկա են որոշ մարտահրավերներ՝ կապված դպրոցների տեխնիկական հագեցվածության եւ ուսուցիչների պատրաստվածության հետ:

«Նախաձեռնությունը դրական արձագանքներ է ստանում, եւ ծրագրում ընդգրկված դպրոցները մեծ ոգեւորությամբ են ընդունում այն: Պատրաստ ենք շարունակել համագործակցությունն ու միասին աշխատել ծրագրի ընդլայնման ուղղությամբ: Տեխնոլոգիական եւ մաթեմատիկական կրթության զարգացմամբ ստեղծվում են էապես նոր գործիքներ եւ պայմաններ, որոնք նպաստում են ԲՏՃՄ կրթության որակի բարելավմանը, ինչը մեզ համար ռազմավարական ուղղություն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ասել է, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է վայելում նաեւ ՀՀ սահմաններից դուրս. միջազգային գործընկերները ոգեւորությամբ են արձագանքում այն փաստին, որ Հայաստանում 15 տարեկան աշակերտներն արդեն արհեստական բանականություն են ուսումնասիրում: Նա նշել է, որ հայկական փորձի ուսումնասիրման, կրթական ծրագրի միջազգայնացման ու տեղայնացման ուղղությամբ արդեն իսկ հետաքրքրություն կա արտերկրի մի շարք կրթական հաստատությունների կողմից:

Читайте на 123ru.net