Bad Zu էլեկտրոնային խումբը Երեւանում «ստիպելու է պարել»
Օգոստոսի 3-ին Երեւանում տեղի կունենա մոսկովյան Bad Zu էլեկտրոնային խմբի համերգը.
«Մեր երաժշտությունը շատ բազմազան է, բայց անպայման՝ պարային: Կարելի է ասել՝ փնտրում ենք տարբերակներ, որ մարդկանց ստիպենք պարել: Համերգի բոլոր ներկաներին սպասում է կալորիաների ու հագուստի ակտիվ կորուստ», - Մեդիամաքսի հետ զրույցում նշել է Bad Zu խմբի ղեկավար Ֆիլիպ Ալեքսանդրովը:
«Ես պրոֆեսիոնալ երաժիշտ եմ ու հիմնականում զբաղվում եմ այլ արտիստների ու գովազդի պրոդյուսինգով: Bad Zu նախագծում արդեն տասը տարի աշխատում ենք թմբկահար Ալեքսանդր Մալիշեւի հետ, որը հայտնի է Saluki-ի, Anikv-ի ու Markul-ի հետ կենդանի ելույթներով»:
Ֆիլիպն ասում է՝ հպարտ է Bad Zu նախագծով, որովհետեւ դրանում կարողացել են համատեղել էթնիկ երաժշտությունն ու ժամանակակից ռեյվը.
«Վերջին երկու տարում նվագել ենք տարբեր երկրներում: Հայաստանյան համերգը նախատեսում էինք դեռ 2020թ.-ին, սակայն հայտնի պատճառներով այն հետաձգվեց», - նշել է Bad Zu-ի ղեկավարը:
Ֆիլիպը Հայաստանին լավ ծանոթ է.
«Կարելի է ասել՝ հիմա Հայաստանում իմ ընկերներից ու հարազատներից ավելի շատ մարդ է բնակվում, քան՝ Ռուսաստանում»:
Յանա Շախրամանյան