Новости по-русски

Մխիթար Հայրապետյանն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն

 Մխիթար Հայրապետյանն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերություն, որը 2024թ. մայիսին վերաբրենդավորվել է՝ հանդես գալով «OVIO» ապրանքանիշով:

«OVIO»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքներին, վերջին շրջանում իրականացված որակական փոփոխություններին։

Հայկ Ֆարամազյանը նշել է, որ նոր ապրանքանիշի մուտքով ընկերությունը դուրս է գալիս հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով եւ մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ՝ սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձեւավորման գործընթացին։

Նախարարին է ներկայացվել 2024թ. մայիսին շահագործման հանձնված տվյալների մշակման կենտրոնը, որը ժամանակակից տեխնոլոգիաներով եւ միջազգային մակարդակի ենթակառուցվածքով գերժամանակակից կենտրոն է՝ իր տեսակի մեջ առաջինն ու ամենամեծը Հայաստանում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին ուղղված բարեփոխումներին, մալուխների տեղադրման նորարարական լուծումների կիրառության հնարավորություններին: Ներկայացվել են նաեւ տելեկոմ ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված մի շարք հարցեր, այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ դրանք նախարարության ուշադրության կենտրոնում են, եւ վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են:

«OVIO»-ն մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի եւ մի շարք ամպային ծառայություններ։

Читайте на 123ru.net