Новости по-русски

Վրթանես Սրբազան. Արցախ վերադառնալու համար նախ պետք է ինքներս մեզ վերագտնենք

2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնակչության բռնի տեղահանությունից հետո Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը որոշում ընդունեց պահպանելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը՝ գործառույթների փոքր-ինչ փոփոխությամբ: Թեմի հիմնական առաքելությունը դարձավ Արցախ վերադառնալու երազանքի պահպանությունը:

Մեդիամաքսը զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ ստեղծված մարտահրավերների, թեմի իրականացրած աշխատանքների եւ Աստծո հետ հայրերի կնքած ուխտը նորոգելու հրամայականի մասին:

- Սրբազան Հայր, շուտով կլրանա Արցախի հայաթափման առաջին տարելիցը: Ի՞նչ մարտահրավերներ են այսօր ծառացած արցախցիների առջեւ եւ ինչպե՞ս պետք է դրանք հաղթահարվեն:

- Ամենացավալի երեւույթի մասին է, որ պիտի խոսենք, որովհետեւ մենք երբեւիցե չենք պատկերացրել, որ արցախցին եւ Արցախը պիտի իրարից բաժան-բաժան ապրեն:

Այժմ Արցախում տեղի են ունենում տարբեր երեւույթներ. նրանք, որ գրավել են Արցախը, փորձում են այն դարձնել իրենցը՝ իջեցնելով խաչը, փոխելով քարը, քանդելով եկեղեցին ու փոխարենը մզկիթ կառուցելով: Նրանք կարծում են, թե այդ կերպ կփոխեն Արցախի դիմագիծը, բայց չարաչար սխալվում են մի կարեւոր հանգամանքից ելնելով. հողը թույլ չի տալու, որովհետեւ այդ հողն այդ ժողովրդինը չէ:

Մեր նշանավոր կաթողիկոսներից մեկը՝ Գարեգին Առաջին Վեհափառ Հայրապետը իր քարոզներից մեկի ժամանակ ասել է, որ եթե վերցնենք Արցախի հողն ու, օրինակ, Կանադայի հողը եւ տանենք լաբորատոր փորձաքննության, կտեսնենք, որ այն հողն ավելի բերրի է, քան մերը, բայց հողը միայն քիմիական բաղադրիչներով չէ բնորոշվում, այլ նաեւ նրանով, թե այդ հողի վրա ինչեր են տեղի ունեցել: Հողը կենդանի է, այն կամ ընդունում է, կամ չի ընդունում, եւ սա մեր թշնամիները նույնպես պետք է գիտակցեն: Այս իմաստով Արցախը կա եւ շարունակելու է լինել:

Այդուհանդերձ, պետք է ցավով անդրադառնամ, որ կործանվում են մեր պատմական տաճարներն ու եկեղեցիները: Թող Աստված ինձ ների, բայց կարող եմ հայտարարել, որ մենք նորը կկառուցենք: Ցավալի է նաեւ այն, որ մեր հիշողության կարեւորագույն բաղադրիչ հանդիսացող գերեզմանները, որ կապում են կենդանի մարդուն եւ իր հարազատին, եւս պղծվում են, ու դա կարող է մեր ժողովրդին ցավ պատճառել: Մնացածը նորից կվերականգնենք:

Վերականգնման ենթակա են նաեւ նրանք, ովքեր ընկել են: Այդ մենք ենք ընկել մեր բարոյական նկարագրով: Աստվածապարգեւ այդ հրաշք տարածքը, որ մեզ էր տրված, մենք չկարողացանք պահել, չկարողացանք փայլեցնել այդ գանձն այնպես, որ շողա, եւ փոխարենը խամրեցինք, իջեցրինք եւ մենք էլ ընկանք:  

Որպեսզի նորից ոտքի կանգնենք, պետք է լավ ընկալենք, թե ինչ է նշանակում գենետիկ հիշողություն: Այդ գենետիկ հիշողության մեջ ամրագրված է մեր բանաձեւումը, եւ այն մեզ ասում է, որ պետք է տեր կանգնես այն ժառանգությանը, որ Աստված քեզ է տվել: Արցախ աշխարհն աստվածապարգեւ Հայաստանի լուսավոր մասն է, իսկ Աստծո պարգեւները չպիտի մսխենք, չպիտի թալանենք, չպիտի կործանենք, չպիտի անտեսենք, այլ ընդհակառակը, պետք է զորացնենք:

Արցախում այնպիսի մի գյուղ չկա, որ առնվազն երկու եկեղեցի ու հարակից վանական համալիր կամ կրոնական անապատ չունենա: Այս ամենը մեր նախնիները ժառանգել են մեզ որպես սրբատեղի, սրբություն սրբոց, որպեսզի արցախցին շարունակի ապրել այնտեղ եւ առաքելությունը փոխանցի հաջորդ սերնդին: Մենք դա չենք արել:

Սուրբ Գրքում Աստված ասում է՝ «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը», ուստի մեզ էլ ասված է՝ Ես եմ ձեր Աստվածը, ձեր հայրերի՝ Նոյի, Հայկի, Գրիգոր Լուսավորչի, իսկ եթե մեր նախնիներն ուխտ են արել Աստծո հետ՝ հավատարիմ պահելու ընտանիքը, հայրենիքը եւ եկեղեցին, իսկ մենք չենք պահել այդ ուխտը, հեռացել ենք դրանից եւ սերնդեսերունդ թուլացրել այդ շղթան, ի՞նչ պիտի լինի: Քամի ես ցանում, փոթորիկ ես հնձելու:

Ընկած վիճակից կանգնելու համար Սուրբ Գիրքը նորից թելադրում է՝ օգտվի´ր քրիստոնեական զինանոցից: Քրիստոնեական զինանոցն այնպիսին է, որ ո´չ ժանգ է նստում այդ զենքի վրա, ո´չ էլ ժամանակի փոշին: Ոչ ոք չի կարող փչացնել այն: Դա ինքնամաքրումն է, արդյոք դու կգիտակցե՞ս, կապաշխարե՞ս, կխոստովանե՞ս, թե ինչ կատարեցիր, որ չտվեցիր հայրենիքիդ այն, ինչ հայրենիքը տվեց քեզ, կմտածե՞ս, թե ինչպես պիտի լրացնես այդ բացը:  

Որպեսզի այսօր մենք բարձրանանք ծնկած դիրքից, պիտի հասկանանք, գիտակցենք եւ մաքրվենք: Եթե մեզ հասու չպիտի լինի վերադառնալ Արցախ, ապա գոնե թող մեր գալիք սերունդը մաքրամաքուր կերպով վերադառնա այդ սրբություն սրբոց: Այլ ճանապարհ չկա, ոչ ոք մեզ Արցախը նորից չի մատուցելու, այդ մենք պետք է կարողանանք վերագտնել ինքներս մեզ մեր գենետիկ հիշողությամբ եւ մեր նախնիների հոգեւոր ձեռքն ամուր բռնելով:

- Վերջերս անդրադառնալով Արցախում Ադրբեջանի կողմից մեր հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացմանը, նշել էիք, որ եթե բռնի տեղահանությունը ֆիզիկական հեռացում էր, ապա սուրբ եկեղեցիների ոչնչացումը կարող է հոգեւոր կապը կտրել: Ինչպե՞ս կարելի է դա կանգնեցնել:

- Ընդհանրապես, կամ պետք է ուժեղ լինես եւ պատժես, կամ պետք է խնդրես, որ ուրիշը պատժի եւ թույլ չտա այդպես վարվել: Այսօր այս երկու ճանապարհներն էլ փակ են: Հայաստանի իշխանություններն այս հարցի վերաբերյալ լռում են, նրանք էլ՝ ինչ ուզում անում են: Միջազգային կառույցները ոչ միայն լուռ են, այլ նաեւ խուլ են: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Արցախի թեմը եւ տարբեր կազմակերպություններ անդադար բարձրաձայնում են այս հարցերը, ծեծում են միջազգային կառույցների դռները, սակայն նրանք դուռը չեն բացում:

Այդուհանդերձ, մենք չպետք է դադարենք բախել այդ դռները, պետք է շարունակենք փաստերի հավաքագրումը, մեծացնենք թղթապանակները, դատական հայցեր ներկայացնենք՝ Ավետարանի «Անիրավ դատավորի եւ այրի կնոջ առակի»-ի նման: Կինը մշտապես աղոթում էր, որ անիրավ դատավորը տեսնի իր դատը, եւ անիրավ դատավորը մի օր կանչում ու այդ դատը տեսնում է: Հիմա այդ անիրավ դատավորները խուլ են, սակայն, վերջ ի վերջո, պետք է բացվի նրանց հոգու ականջն ու մեր դատը պիտի տեսնեն, դրա համար մեր թղթապանակները պետք է պատրաստ լինեն, պիտի ծանրակշիռ թղթապանակներով գնանք այդ դատին:

- 2020 թ. նոյեմբերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնվեց Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը: Ներկայումս այդ գրասենյակը Դուք եք ղեկավարում: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում:

- Գրասենյակի առաքելությունը հենց դա է՝ Արցախի հոգեւոր, պատմական եւ մշակութային ժառանգության դեմ բոլոր ոտնձգությունների արձանագրումը, դրանց մասին միջազգային կառույցներին բարձրաձայնելը, գիտաժողովների կազմակերպումը, գրքերի հրատարակությունը եւ այլն:  

Այս տարվա ընթացքում տարաբնույթ հանդիպումներ ձեռնարկեցինք միջազգային կառույցների ներկայացուցիչների, դեսպանների հետ՝ նրանց համար լսելի դարձնելով արցախցու ձայնը: Նաեւ մեր ժողովրդի հետ հանդիպումներ ունեցանք, որպեսզի լսենք նրանց եւ խոսենք նրանց անունից:

Այդուհանդերձ, սա պետք է պետական քաղաքականություն լինի: Մի փոքր գրասենյակ հնարավորություն չունի աշխատելու Ադրբեջանի պետական քաղաքականության դեմ: Աշխարհի տարբեր երկրներում լոբբինգ անելով՝ նրանք նոր պատմություն են հորինում, ու ցավոք սրտի, շատերն այդ նոր պատմությանը հավատում են, որովհետեւ չեն ուզում իրականության հետ առնչվել:

Ցավոք, որքան շատ ժամանակ անցնի, այնքան մեր աշխատանքը դժվարանալու է:

- Այս ընթացքում տարբեր մարզեր այցեր եք ունեցել եւ հանդիպել արցախցիներին: Բացի այդ, Արցախի թեմը նաեւ հանդիպումների շարք է նախաձեռնել Երեւանում՝ Արցախի թեմի գրասենյակին կից տարածում: Ի՞նչ նպատակ ունեն այս հանդիպումները:

- Նախորդող ամիսներին եղել եմ հինգ մարզերում եւ հանդիպել 500-ից ավելի ընտանիքների: Բացի հոգեւոր ու գոտեպնդիչ խոսք հղելուց, նաեւ ձեռքիս ունեի հարցաթերթիկ, որի միջոցով արձանագրում էի փաստեր՝ որքան միայնակ մարդիկ կան, որքան թոշակառուներ կան, որքան հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ կան, որքան բազմազավակ ընտանիքներ կան:

Կարող եմ արձանագրել, որ այս հանդիպումներին մասնակցած արցախցիների 80 տոկոսից ավելին պատրաստ է վերադառնալ Արցախ միայն մեկ պայմանով, որ այն չլինի Ադրբեջանի կազմում: Այս թիվը կարող է ավելանալ, եթե լինեն նաեւ անվտանգության միջազգային երաշխիքներ:

Հոկտեմբեր ամսին կշարունակեմ հանդիպումները մյուս մարզերում: Հույս ունեմ, որ դրանք կլինեն ավելի բազմամարդ եւ երիտասարդներն ավելի մեծ ներգրավվածություն կունենան:

Երեւանում մեկնարկած հանդիպումների շրջանակում նախատեսում ենք զրուցել հոգեւոր կյանքի, մշակույթի, մեր միասնականության եւ այն տեսիլքի մասին, որ բոլորիս սրտում է, այն է՝ վերադարձ Արցախ:

- Արդյո՞ք Արցախի թեմի հոգեւորականները շարունակում են իրենց ծառայությունը:

- Մեր քահանաները նույնպես նույն իրավիճակում են, ինչ մեր ժողովուրդը՝ տեղահանված, ամեն ինչ կորցրած: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ մեր քահանա հայրերը նշանակվել են տարբեր թեմերում՝ ժամանակավորապես այդտեղ շարունակելու իրենց հոգեւոր ծառայությունը:

Քահանաներն իրենց ավելի երջանիկ են զգում, երբ տեսնում են, որ իրենց ծառայության տարածքում նաեւ արցախցիներ կան: Մենք էլ չենք ցանկանում, որ մեր քահանաներն իրենց հոտից կտրվեն, իրենք էլ նույն մտահոգությունների եւ մտածումների մեջ են ու մշտապես աղոթում են վերադարձի համար Արցախ եւ Աստծո իրենց հարազատ տուն, որտեղ տարիներ ի վեր ծառայել են:

- Զրույցի սկզբում նշեցիք Ուխտը նորոգելու անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս պետք է գործենք, որ նորոգենք այն ու վերստին արժանի դառնանք Արցախին:

- Թեեւ Արցախից բռնի տեղահանությունը, որը հաջորդեց շրջափակմանն ու պատերազմական գործողություններին, շատ լուրջ հարված էր արցախահայության համար, սակայն մեծ մխիթարանք է այն, որ նրանք ապրում են Մայր Հայաստանում՝ իրենց քույրերի ու եղբայրների հետ: Ականատեսը լինելով այս ընդունելությանը՝ երախտիքի խոսք եմ հղում հայաստանաբնակ մեր քույրերին եւ եղբայրներին, որոնք ջերմությամբ եւ հոգատարությամբ աջակցեցին արցախահայությանը, եկեղեցին բարձր է գնահատում նրանց ջանքերը:

Երբ հանդիպում եմ արցախցիներին, նրանց ասում եմ, որ ուրախ լինեն, որ ստրկության մեջ չեն, այլ ապահով են իրենց հայրենիքում, ուստի թող ինտեգրվեն եւ միավորվեն, սովորեն նրանցից, իսկ ինչ իրենք ունեն՝ տան: Երբեւիցե չպետք է լինեն արհեստածին բաժանարար գծեր, դա մեր ժողովրդի մեջ չկա, դա չարն է սերմանում: Մենք տնկում ենք մեր այգին, բայց գիշերը սատանան մտնում է եւ ցանում այդ որոմը՝ բաժանարար գծերը, դա պիտի վանենք մեզնից, իրար փոխանցենք մեր մշակույթն ու սերը, երեխաներին դաստիարակենք արցախյան ոգով եւ վերադարձի հույսով, եւ առաջին հերթին մենք մեր սրտում չպիտի մոռանանք Արցախը:

Հորդորս է մեր ժողովրդին՝ ամուր կառչել պետականությունից՝ լինի դա Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության պետականությունը: Մենք քվե ենք տվել հանուն մեր Արցախի պետականության, եւ այսօր պետք է այդ քվեի տերը լինենք: Դա եւս ուխտ է, իսկ ուխտից հեռանալը նշանակում է նաեւ հեռանալ Աստծուց, հեռանալ Արցախից ու մեր ինքնությունից:

Թող որ այս նույն տեսլականին հաղորդակից դառնան նաեւ հայաստանաբնակ մեր քույրերն ու եղբայրները, նույն ջերմությամբ մտածեն, նույն ոգեւորությամբ աշխատեն, կանգնեն իրար կողքի եւ ցույց տան, որ այս դաժան իրականության մեջ պայքարը չի դադարում, Արցախի հարցը փակված չէ, Արցախը կա, Արցախյան շարժումը չի ավարտվել:

Աստված օրհնի ձեզ:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Читайте на 123ru.net