Новости по-русски

«Հայաստանը ես եմ», Ռոզան եւ Զավենը

2011 թվականին, երբ տոնում էինք Անկախության 20-ամյակը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի աջակցությամբ շարադրությունների մրցույթ էինք կազմակերպել՝ «Հայաստանը ես եմ», որին կարող էին մասնակցել 1990 եւ 1991թթ. ծնված երիտասարդները։

Հաղթողի համար բացառիկ մրցանակ էինք նախատեսել՝ պետք է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցեր նախագահին առաջիկա արտասահմանյան այցերից մեկի ժամանակ։

20 տարեկան Ռոզան հաղթող ճանաչվեց եւ նախագահի հետ գնաց Իտալիա։

2017 թվականին գտանք Ռոզային եւ խնդրեցինք պատմել իր կյանքի մասին: Այդ հոդվածն այսպես էր ավարտվում.

«Հիմա`վեց տարի անց, հետադարձ հայացք գցելով իր կյանքի ամենավառ իրադարձություններից մեկին, Ռոզան ասում է, որ այդ այցը որպես մարդ իր վրա շատ մեծ հետք է թողել, իսկ ամենակարեւոր բանը, որ հասկացել է, այն է, որ իր կյանքը Հայաստանից դուրս չի պատկերացնում»:

Վերջերս պատահաբար աչքիս ընկավ «Հայաստանը ես եմ» մրցույթի մեկ այլ մասնակցի՝ Զավեն Կարապետյանի շարադրությունը:

Նա մասնավորապես, գրել էր.

«Ի՞նչ է մեզ հարկավոր: Ընդամենը մեկ բան. մեր գործի, մեր պարտականությունների առավելագույնս լավ կատարում: Կհասնենք մեր նախնիներին արժանի անվան, մեր բոլորի երազած երկրին, երբ ուսանելու ժամանակ իսկապես ուսանենք, ընկերության ժամանակ լինենք այդ բառին արժանի, պաշտոնի աթոռին պատվով ու ծառայելու ցանկությամբ նստենք…Երբ ամենքս մեզ վստահված կյանքը օգտագործենք առավելագույն պատասխանատվությամբ»:

Միգուցե արժե նաեւ Զավենին գտնել եւ տեսնել, թե ի՞նչ մտքեր ունի այսօր՝ 2020 թվականի պարտության եւ Արցախի հայաթափումից հետո: Հուսով եմ, որ թեւաթափ չի եղել եւ Հայաստանից չի հեռացել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Читайте на 123ru.net