Новости по-русски

Վազգեն Սարգսյան. Պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել

Մաս 1

Երբ վերանայում էի արխիվներս, հասկացա, որ Վազգեն Սարգսյանի մասին ամենաշատն եմ գրել, քան որևէ մեկի, մինչդեռ ներքին զգացողությունս միանգամայն հակառակն էր՝ քիչ եմ գրել, համարյա չեմ գրել: Իրականության ու զգացողությանս հակասության պատճառը մեկն էր՝ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ անվերջ է ու նրա մասին գրելիս կամ պատմելիս երբեք չես սպառի թեման: Նաև այն պատճառով, որ ամեն անգամ անդրադառնալիս նոր շերտեր են բացվում, նորովի ես սկսում հասկանալ՝ ժամանակին ի՞նչ ու ինչու՞ էր ասում Վազգեն Սարգսյանը: Ի՞նչ ու ինչու՞ էր անում Վազգեն Սարգսյանը: Եվ տասնամյակներ անց միայն մենք ի զորու կլինենք ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ հասկանալ նրա կերպարը, նրա գործունեության շարժառիթներն ու արդյունքները Հայաստանի, տարածաշրջանի ու միջազգային քաղաքականության վրա, երբ արդեն կյանքից հեռացած կլինեն նրա ժամանակակիցները ու իր գնահատականը կտա ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: Բայց որպեսզի պատմությունը հերթական անգամ չօգտագործվի ի շահ օրվա քաղաքականության՝ աղավաղելով նրա ԻՐԱԿԱՆ կերպարը, պետք են վկայություններ: Ես բնավ չեմ հավակում այդ վկան ու մեկնիչը լինել, պարզապես ուզում եմ, որ 21-րդ դարի առաջին երկու տասնամյակներում մոռացության դատապարտված ու կիսաարգելված Սպարապետը վերադառնա, և նրանք, որ ծնվել են 21-րդ դարում, նրան ճանաչելու ու հասկանալու հնարավորություն ունենան: Եվ դա արդար է ու անհրաժեշտ: Ոչ իրեն, մեզ ու մեր զավակներին:    

***

Որքան էլ տարօրինակ է՝ իմ առաջին հիշողությունը Վազգեն Սարգսյանից այն օրերից է, երբ նրան չէի էլ ճանաչում: Ցուրտը, առաջին զգացողությունը ցուրտն էր, խայտառակ ցուրտը: Անհեռանկար հունվարյան ցուրտը: Իսկ Ազատության հրապարակը լիքն էր՝ չհրավիրված հանրահավաք: Ցուրտը գողանում էր բառերը ու փորձում իմաստն էլ ոչնչացնել: Չէր ստացվում: Բառերը զրնգում էին օդում ու սպանում ցուրտը: Բառերի մեջ խոստում չկար, տաք ու լուսավոր օրերի գալու մասին հիշեցում չկար, բայց այդ բառերից տաքանում էիր: Կար զգաստ, խիստ ու գործնական, արագախոս ձայն, որ ասում էր՝ մենք բանակ չունենք: Ու դա իրականություն է: Բայց իրականություն է նաև այն, որ մենք բանակ պիտի ունենանք՝ մեր բանակը: Նա չէր խոսում թշնամու մասին, սահմանների մասին, սահմանների անպաշտպանության ու պաշտպանելու անհրաժեշտության մասին: Նա ասում էր, որ Հայաստանը պիտի բանակ ունենա: Ինքն էր ասում: Ցու՞րտը: Հունվա՞րը: Թշնամի՞ն: Թշնամու սկսած պատերա՞զմը: Վա՞խը: Զենք չունենա՞լը: Զինվոր չունենա՞լը… Պատճառ չեն, խթան են: Բանակ պիտի լինի: Ու ընդամենը մի քանի տարի հետո հենց ինքը պիտի ասեր.

-Ես օրվա և մոտակա նպատակներ դնող և լուծող մարդ եմ: Այդ տեսակն եմ: 1989-ին, երբ խոսք էր գնում բազմահազարանոց բանակ ստեղծելու մասին, մենք Արարատում ստեղծեցինք ինքնապաշտպանական ջոկատը, երբ ամբողջ հայ ժողովուրդը մտածում էր բազմահազար ավտոմատներ ձեռք բերելու մասին, մենք մեր ջոկատը զինեցինք որսորդական հրացաններով ու ինքնաշեն նռնակներով: Հետո, երբ բոլորը խոսում էին ռմբակոծիչների մասին, ես, արդեն որպես պաշտպանության նախարար, հայթայթում էի ավտոմատների առաջին չափաբաժինը: Հետո, երբ բոլորը խոսում էին հեռահար կայանքների մասին, ես փորձում էի Հայաստանի նորաստեղծ բանակի համար հրետանու միջոցներ ու ինքնաթիռներ ճարել: Եվ այսպես շարունակ: Արդյունքում՝ այսօր Ադրբեջանն աղմկում է արդեն մեր հեռահար հրթիռների, Հայաստանի՝  որպես ատոմային պետության մասին:

Բանակ պիտի լիներ… Նույնիսկ եթե երկիրն ու պետությունը դեռ չկային՝ որպես երկիր ու պետություն: Բանակ պիտի լիներ, որ երկիրն ու պետությունն էլ լինեին: Դիմանային, դիմակայեին, դիմադրեին… Անհեթեթ պատճառաբանություն էր՝ ոչինչ չունենալը ու ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտությունը: Նա չէր փնտրում արդարացում, նա միջոցներ էր գտնում: Նա հավատում էր անհրաժեշտության երկաթե տրամաբանությանը, որ հնարավորություն է ստեղծում ոչնչից: Հետո ինքն էր «արդարանալու».

-Ես դյուրահավատ չեմ: Դյուրահավատ չեմ, հավատավոր եմ: Չեմ սիրում ավելորդ կասկածամտությունը: Տեղին-անտեղի թշնամիներ փնտրել-գտնելու մոլուցք չունեմ: Դա ժամանակի կորուստ է, նյարդերի քայքայում: Ամեն տեղ բարեկամներ, հավատակիցներ, համախոհներ եմ փնտրում: Այդպիսով ուժեղանում ենք թե ես, թե բանակը:

Այդպես՝ փամփուշտ առ փամփուշտ, զինվոր առ զինվոր ստեղծվեց բանակը ու առաջին գունդը՝ ընդամենը հինգ ջոկատ, հրապարակից գնաց ռազմաճակատ: Այդպես ստեղծվեցին հաղթանակները՝ ճակատամարտ առ ճակատամարտ, կրակոց առ կրակոց, մետր առ մետր՝ մինչև զինադադար: Ու բոլոր խրամատներում նա եղավ, որովհետև հրամանատարը զինվորի հետ է, եթե բանակն ուզում է հաղթել… Ու նա բոլոր զինվորների հետ էր, որովհետև սահմանամերձ հայրենիքում պատերազմի ժամանակ ոչ զինվորներ չեն լինում: Հետո, հաղթանակից հետո են նրանք հայտնվում, որ զինվորական համազգեստով խրամատներում լուսանկարվեն ու հաղթանակից իրենց մասը առգրավեն՝ չունեցած-հնարած, բայց խաղաղության մեջ անհրաժեշտ դարձած մասը: Ու արդեն բոլորն էին տեր բանակին, բոլորն էին եղել բանակ ստեղծող ու հաղթանակներ ստեղծող՝ լեզուն ոսկոր չունի: 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո մեզ մատուցվող պաշտոնական «հիշողությունը» խմբագրեց ճշմարտությունը՝ նրան խնամքով ջնջելով՝ չի եղել, չկա, ո՞վ էր որ, դաշտերում վազվզող մեկը…

Ասում են՝ հաղթողներին չեն դատում: Նրան դատեցին՝ հաղթանակի համար: Նրան դատապարտեցին մահվան՝ հաղթելու համար: Բանակում հրամաններ են կատարում՝ նրա լուսանկարը հրամանով հանվեց ամեն տեղից, ուր պիտի լիներ: Նրան չներեցին, որ թշնամիներ չէր տեսնում իր հայրենիքում ու իր հայրենիքի սահմանները մեծացնում էր: Նրան չներեցին, որ ընկերներին չէր դավաճանում: Նրան չներեցին, որ սիրում էր իր հայրենիքը: Սիրում էր իր ընկերներին: Ուժեղ էր: Նրան հնարավոր չէր խաբել, մոլորեցնել, համոզել, կաշառել, գնել, հնարավոր էր միայն …սպանել:

Ասում են՝ պարտությունը որբ է: Նրա հաղթանակը որբացավ: Կասկածի տակ դրվեց: Իմաստազրկվեց: Նույնիսկ Շուշին ազատագրելուց հետո: Նույնիսկ Շուշիի ազատագրումը «խմբագրվեց»՝ կատարողները դարձան ծրագրողներ: Որովհետև նրա ու նրա իրական զինակիցների գործը մնաց կիսատ: Անավարտ՝ ինչպես… Բայց արդյո՞ք նրա…Չհասկացված ու հանիրավի մեղադրանքի սյունին գամված մեր հաղթանակը ուրացանք ու կորցրինք մենք, որովհետև երբ սկսեցինք ապրել չավարտված պատերազմի ու չսկսված խաղաղության մեջ՝ «մոռացանք» նրանց, ովքեր կյանքի ու մահվան գնով մեզ էին մատուցել այդ խաղաղությունը: Եռաբլուրը դարձրինք սոսկ պանթեոն: Որովհետև մեր իրական դիմադրողականությունը զրո էր ու մենք ուժեղ էինք ուժեղի հետ, եկան թույլերը, ու մենք թուլացանք: Մենք սկսեցինք ապրել մեր կյանքով, որ հայրենիքի կյանքի հետ չէր հատվում, որովհետև մենք նեղացել էինք մեր հայրենիքից, որը մեզ չէր սիրում արդեն, որին մենք էլ սկսեցինք չսիրել, որովհետև հիմար էինք այնքան, որ հայրենիքը նույնացնում էինք իշխանության հետ: Ու մոռացել էինք, որ մեր սահմանամերձ հայրենիքը մանրամասն սիրելու հայրենիք է: Որ մեծ արագությունների երկիր չէ: Մեծ խորությունների երկիր է Մանրամասն սիրողներին հռչակեցինք թշնամի ու արագ սկսեցինք մենք մեզ թշնամանալ: Հապաղեցինք պետության պաշտպանության կարևորագույն որոշումներ ընդունել: Սկսեցինք սահել իրադարձությունների մակերեսով, խորքը ուրացանք: Այլևս ասող չկար.

-Մենք մեր ազգային պատերազմը անընդհատ հետաձգել, բերել-հասցրել ենք 21-րդ դարի շեմին, հիմա էլ նստենք-մտածենք, թե այդ կռվում արժի՞, թե՞ չարժի զոհվել: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել: 1915-ին առանց լուրջ դիմադրության թողեցինք, որ մեզնից միլիոն ու կեսին կոտորեն: Տասնյակ հազարավոր մարդիկ այս ընթացքում զոհվեցին բնական աղետներից: Տարիներ հետո սերունդները մեր մասին դատելու են ոչ թե նրանով, որ 1989-1995-ին հինգ հազար հրաշալի զինվոր կորցրինք, այլ՝ ստեղծեցի՞նք պետություն, թե՞ ոչ, պաշտպանեցի՞նք մեր հայրենիքի սահմանները, թե՞ ոչ: Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել…

Այլևս ասող չկար.

Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ արել են միջին դարերում, մյուսները՝ ավելի ուշ, և յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արևի տակ:

…Ու նրանից հետո այլևս ոչ ոք զորանոցներում զինվորների անկողինները չէր ստուգում, զինվորական ճաշը չէր համտեսում, որ ոչինչ պակաս չլինի:

Ու նրանից հետո այլևս ոչ ոք Անկախության տոնին զինվորական շքերթում՝ ի տես իր ստեղծած բանակի լաց լինելու ուժ ու հպարտություն չունեցավ:

Ու նրանից հետո այլևս ոչ ոք իր զինվորներին չհորդորեց՝ նամակներ գրեք ձեր սիրելիներին: Ոչ ոք բարի աշուն չմաղթեց: Սրտով մտածելու մասին մոռացանք բոլորս:

***

Այս ամենը ես հետո պիտի իմանայի, 1995-ին Վազգեն Սարգսյանն ինձ համար գրող էր, «Գարունում» տպագրված Մեղրիի մասին փառահեղ ակնարկի հեղինակը, ՊՆ նախարար, որ բանակ էր ստեղծել, և…պետական բարձրաստիճան պաշտոնյա, ում հետ դեռ հարցազրույց չէի արել: Իսկ ես լրագրող էի, ում համար ծովը ծնկից էր, ով փակ դուռ չուներ… Բայց անձամբ ծանոթ չէր Վազգեն Սարգսյանին: Ու բացարձակապես մտքովս չէր անցնում, որ հենց Վազգեն Սարգսյանն է ինձ զանգահարելու, ոչ թե ես եմ նրան որոնելու:   

Խմբագրում էի «Երկիր Նաիրին», 1995-ի մայիսի 26-ին «Մայիսյան հաղթանակներ» խորագրով ու «Այսպես ծնվեց անկախությունը» վերնագրով առաջնորդող էի գրել: Հերթականը, որ ամեն համարում գրում էի, բայց այդ օրը Մամուլի շենքում ծանոթ լրագրողներից ում հանդիպեցի, ասաց. «Վազգեն Սարգսյանը քեզ է փնտրում»: Պարզվեց՝ ասուլիսում ՊՆ նախարարը հիացմունքն է հայտնել առաջնորդողից ու հարցրել՝ դահլիճում չէ՞ հեղինակը: Ես դահլիճում չէի, ուստի խնդրել է փոխանցել, որ որոնում է ինձ, որովհետև ոչ ոք մեր հաղթանակների մասին այդպես դեռ չի գրել: Հաճելի էր, հարկավ, համարեցի, որ պահի տակ ասված խոսք է, ՊՆ նախարարի համար ինձ գտնելը դժվար չէ, «Երկիր Նաիրիում» կան խմբագրության հեռախոսահամարները:

Հետո ԱԺ ընտրություններն էին, Վանո Սիրադեղյանը հավաքում էր «Շամիրամը», արդեն հանդիպել էինք, ես մերժել էի, ասել էր՝ մտածի, կզանգեմ: Վստահ էի՝ չի զանգի: Զանգ խմբագրություն՝ «Ձեզ հետ կխոսի ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը»: «Ի՞նչ մտածեցիր», նորից բացատրեցի, որ ինձ պատգամավոր չեմ տեսնում, պատրաստ եմ ընտրարշավը լուսաբանել, պատասխան՝ էլի կզանգեմ: Չանցած կես ժամ՝ զանգ, ու ես ծիծաղելով աշխատակիցներիս ասում եմ՝ «Հիմա կասեն «Ձեզ հետ կխոսի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը», իսկ հետո կգանգահարի…»: Ու խոսափողի մեջ լսում եմ. «Ձեզ հետ կխոսի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը»: Բնականաբար՝ ծիծաղում եմ ու լսում Վազգենի զարմացած հարցը՝ «Ի՞նչն է ծիծաղելի»: Պատմում եմ՝ ինչ է նախորդել իր զանգին ու լսում եմ… Վազգենի վարար, ամեն ինչ բեկանող, փառահեղ ծիծաղը:

-Գիտե՞ս ինչքան եմ քեզ փնտրել, մի հեռախոսահամար ես գրել, որ երբեք մարդ չի վերցնում, արդեն որոշել էի՝ հետևիցդ զորք ուղարկել:

Նա ինձ վերապատմում է «Երկիր Նաիրիի» առաջնորդողին հետևած պատմությունը, ասում, որ իմ տեղը… իր կողքին է ու ես պիտի գնամ ՊՆ աշխատելու, որովհետև գրագետ ու գլուխն աշխատող մարդկանց կարիք ունի ու ընդհանրապես ուզում է ինձ հանդիպել: «Ե՞րբ հանդիպենք» հարցս անորոշ պատասխան-խոստում է ստանում.

-Դու աշխատի գոնե մի քիչ տեղում լինել, ես էլի կզանգեմ, կպայմանավորվենք:

-Հենց հանդիպենք, հարցազրույց եք տալու:

-Լավ էլի:

-Դե որ այսքան գովում եք, ո՞նց կարող եք ինձ մերժել:

***

1996-ի ապրիլի 18-ին Գրողների միությունում արտահերթ համագումար էր, զանգահարեց «Հայաստանի Հանրապետութիւն»-ի խմբագիր Այդին Մորիկյանը և ասաց.

-Համագումարը սկսվել է, արագ գնում ես Գրողների միություն, հարցազրույց ես բերում Հրանտ Մաթևոսյանից, Ռազմիկ Դավոյանից, Վազգեն Սարգսյանից ու Վանո Սիրադեղյանից: Առանց հարցազրույցի չգաս: Շուտ արա, որ հասցնես:

Բաղրամյան 3 հասնում եմ տաքսիով, սովորաբար կիսադատարկ շենքում ժխոր է, մտնում եմ դահլիճ ու… երկու քայլի վրա, շարքի եզրին նստած է Վազգեն Սարգսյանը: Գրպանիցս հանում եմ ձայնագրիչը ու մոտենում.

-Բարև Ձեզ, Դուք հիմա ինձ պիտի հարցազրույց տաք, եթե դեմ չեք, դահլիճից դուրս գանք, որովհետև այստեղ ձայնը մաքուր չեմ կարող ձայնագրել:

Վազգեն Սարգսյանը նայում է ինձ զարմանքից կլոր-կլոր աչքերով, կիսազայրալից-կիսա… ու պոռթկում է ծիծաղը.

-Դու ես Անահիտ Ադամյանը, ուրիշ ոչ ոք այսպես չէր մոտենա ինձ:

-Ես եմ, խոստացել եք: Վաղուց-վաղուց, չեք թողնի, որ մեր ազնիվ ցեղը գնա-կորչի…

-Ո՞նց կարող եմ, Ռազմիկ Դավոյանն է խոսում, իմ դահլիճից դուրս գալը սխալ կհասկացվի: Հենց վերջացնի, դուրս գանք:

Ու Վազգեն Սարգսյանը լեփ-լեցուն դահլիճում ինձ կտրուկ շարժումով նստեցնում է ծնկին՝ «Հո ոտքի վրա չե՞ս սպասելու»… Ես երազում եմ, որ Ռազմիկ Դավոյանն ավարտի խոսքը՝ ամբողջ դահլիճի ուշադրության կենտրոնում ոչ թե ԳՄ հեռացող նախագահն է, այլ՝ ՊՆ նախարարը ու նրա ծնկին նստած ինչ-որ նիհար, ակնոցավոր աղջիկ…

Խմբագրություն վերադարձա Հրանտ Մաթևոսյանի, Ռազմիկ Դավոյանի, Վանո Սիրադեղյանի ու Վազգեն Սարգսյանի հարցազրույցներով: Այդին Մորիկյանը, լսելով իմ ոդիսականը, ասաց.

-Անհավատալի է, մտածում էի՝ մենակ Դավոյանը կխոսի, Մաթևոսյանն ու Վանոն ընդհանրապես հարցազրույց չեն տալիս, ոչ էլ Վազգենը: Ո՞նց պոկեցիր:

-Դե եթե Վազգեն Սարգսյանը քեզ համոզեր, դու ինքդ քեզ էլ հարցազրույց կտայիր, ուր մնաց ինձ…

***

Պատահաբար ձեռքս էր անցել «Վազգեն Սարգսյան. Երկխոսություն» գրքույկը, կարդացի մի քանի ժամում ու… որոշեցի գրախոսել: «Երկխոսություն», որ կարող էր լիարժեք ու կատարյալ լինել» վերնագրով գրախոսությունս տպագրեց «Առավոտը» (06.08.1998): Քննադատել էի վերնագրից վերջակետ, ու՝ փաստերով, մի քիչ էլ հեգնանքով: …Ոչինչ չհետևեց: Ու ես մոռացա: Սեպտեմբերին սկսվեց Աժ նստաշրջանը և մի չորեքշաբթի նիստերի դահլիճ մտնելիս ինչ-որ մեկը թիկունքից ձեռքը դնում է ուսիս ու ինձ հեռացնում դռներից: Քիչ է ասել զարմացած շրջվում եմ՝ Վազգեն Սարգսյանը ծիծաղելով հարցնում է.

-Քեզնից գո՞հ ես:

-Բարև Ձեզ, ի՞նչ եմ արել:

-Ի՞նչ ես արել, ձայնս ամբողջ նախարարությունը լսեց, մի երկուսին նկատողություն եմ արել, մի երկուսին աշխատանքից ազատել, ու ամենավատը՝ բացարձակապես ճիշտ էիր: Որ ճիշտ չլինեիր, այդքան վիրավորական չէր լինի:

-Ի՞նչը: Կներեք, իրոք չեմ հասկանում:

-Գրախոսությունդ: Գրքի վերաբերյալ ինչ գրել էիր, ոչինչ առարկել չեմ կարող, բայց մի հարց ավելի կարևոր է: Էդ որ գրում ես, թե հացթուխը պիտի հացը թխի, որ քարոզչության պետական մարմնի անհրաժեշտության մասին ես խոսում, կարո՞ղ ես ծրագիր գրել:

-Ես չէ, Այդին Մորիկյանը ծրագիրն ունի: Փաստարկված ու մեխանիզմներով, մենք շատ ենք խոսել այդ թեմայով, ու ես գիտեմ:

-Գտի Այդինին ու ծրագիրը տուր ինձ:





…Այդպես սկսվեց երկար պատմությունը, որ ավարտ չունեցավ: Ծրագիրը իրեն փոխանցվեց ու որոշ ժամանակ անց ինձ զանգեց Էդուարդ Միլիտոնյանը, որ ՊՆ տեղեկատվության վարչության պետն էր, ու ասաց՝ Վազգեն Սարգսյանը Փարիզում է ու ծրագիրն է ուզում, արագ բեր, որ ֆաքսով ուղարկեմ: Ինչու՞ էր Փարիզում հիշել քարոզչության ծրագիրը, ինչու՞ էին ինձնից, ոչ թե հեղինակից ակնկալում ստանալ՝ պարզելու ժամանակ չկար: Ծրագիրը իմ համակարգչում կար, բայց պետք էր գտնել Այդին Մորիկյանին ու տեղեկացնել: Ավելի դժվար գտա Այդինին, որ ԱԺ պատգամավոր էր, քան ծրագիրը հասավ Փարիզ: Եվ ամենազարմանալին, որ Ֆրանսիայից վերադառնալուց հետո Վազգեն Սարգսյանը ՊՆ կանչեց դարձյալ ինձ՝ ծրագրի մասին խոսելու: Իհարկե, խոսակցության թեման տեղում իմացա: Մանրամասն կարդացել էր, նշումներ արել, առաջարկում էր որոշ ճշտումներ ու փոփոխություններ, որոնց ես, բնականաբար, ոչ համաձայնել, ոչ չհամաձայնել չէի կարող, միայն ասացի, որ կփոխանցեմ հեղինակին: Պայմանավորվեցինք հանդիպել երեքով ու սկսել ՊՆ-ում: Հետո Վազգեն Սարգսյանը ԱԺ-ում էր հանդիպել Այդին Մորիկյանին ու ասել էր, որ հրաշալի գաղափար է, պետության համար խիստ անհրաժեշտ, առաջարկել էր նոր բաժիններ ավելացնել ու վերջապես սկսել իրականացումը: Այդինը զանգահարեց ինձ ու ասաց, որ արագ գամ ԱԺ: Գնացի, պատմեց Վազգենի հետ խոսակցությունը, համոզված, որ ծրագիրը իրականություն է դառնալու վերջապես՝ ինչպես Վազգենն էր ասել: Իսկ Վազգենի ասածը օրենք էր: Ես լռում էի: Այդինի անպարագիծ ոգևորությունն ու իմ սառը լռությունը անհամադրելի էին: Չէ, ես ուրախ էի, շատ էի ուզում, որ նոր համակարգ ձևավորվի, որը ներքին ու արտաքին քաղաքականություն-հանրություն կապ դառնա, նպաստի մթնոլորտի փոփոխությանը, Հայաստանի Հանրապետության շահեկան իմիջի հաստատմանը երկրից դուրս… Բայց վստահ էի, որ ոչինչ էլ չի լինելու, պատճառը չգիտեի, ուղղակի վստահ էի: Ու հենց այդպես էլ ասացի.

-Ոչինչ էլ չի լինելու:

-Ինչու՞:

-Չգիտեմ, հազար ու մի պատճառ կա, որ լինի, բայց չի լինի:

…Հոկտեմբերի 27-ին մնացել էր մեկ տարի:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net