Չավարտված ներքին պատերազմը. Արցախի կորուստն ու ինքնասպանությունների թվի աճը
Շատերի համար պատերազմն ավարտվում է հակամարտող կողմերի միջեւ պայմանագրի ստորագրման օրը, իսկ այն մարդկանց համար, որոնք վերապրել են պատերազմը, այն կարող է շարունակվել տարիներով՝ թողնելով իր անտեսանելի հետեւանքները։
Վիճակագրությունը փաստում է, որ 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ավելացել են ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը եւ հատկապես՝ տղամարդկանց շրջանում։
Դատախազությունն իր հրապարակած զեկույցներում նշում է, որ վերջերս արձանագրված ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարելու որոշ դեպքեր ուղղակի առնչություն ունեն 44-օրյա պատերազմի հետ, քանի որ մարդկանց մոտ առաջացել են «հոգեբանական ծանր խնդիրներ»:
Այդ «հոգեբանական ծանր խնդիրները» շատերիս համար հաճախ աննկատ են մնում, դրանց մասին պատմությունները չեն հայտնվում օրվա լրահոսում, իսկ եթե հայտնվում են, ապա արդեն որպես հնարավոր հետեւանք՝ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի մասին լուրերով՝ համալրելով պաշտոնական վիճակագրությունն ու չկանխելով հաջորդը։
Հոգեկան առողջության ի՞նչ խնդիրներ են դրանք, ինչո՞ւ են դրսեւորվում հենց պատերազմից հետո ու ինչպե՞ս կարող են բերել ինքնասպանության։ Ի՞նչ է այդ պահին կատարվում մարդու ներսում, ի՞նչ նախանշանների դեպքում է կարեւոր առնվազն խորհրդակցել մասնագետի հետ, ու՞մ դիմել։
Ի՞նչ է մինչ օրս արել եւ անում պետությունն այդ դեպքերը նվազեցնելու եւ կանխարգելելու ուղղությամբ։
Երեք պատմություն. պատերազմի անտեսանելի վերքերը
Երկու շաբաթվա ընթացքում՝ 2021թ. ապրիլի 26-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 3 դեպք է արձանագրվել, որոնք կապված են եղել 44-օրյա պատերազմի եւ դրա հետեւանքների հետ։ Դատախազությունից հայտնել են, որ ինքնասպանություն գործած անձանցից մեկը, ով ավելի վաղ ինքնասպանության փորձ էր կատարել, պատերազմի ժամանակ կամավոր էր, եղել էր Հադրութում եւ Մարտակերտում, որտեղ ստացել էր ծանր վնասվածքներ, կորցրել բազմաթիվ ընկերների, վերադառնալուց հետո հայտնվել դեպրեսիայի մեջ եւ ալկոհոլ օգտագործել։
Մյուսն եղել է անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը, ում որդին ժամկետային զինծառայող էր եւ պատերազմի ժամանակ գտնվել էր ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Որդուց որեւէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին՝ հայրն այցելել էր տարբեր դիահերձարաններ՝ փորձելով գտնել որդու դիակը, ինչի պատճառով, սակայն, «նրա հոգեկան ներաշխարհը խաթարվել էր», եւ նա ինքնասպանություն էր գործել։
Երրորդը, ով նույնպես որպես կամավոր մասնակցել էր պատերազմին, ինքնասպանության փորձ էր կատարել. զանգել ԱԻՆ ու ասել, որ ցանկանում է կյանքին վերջ տալ, պատմել էր, որ պատերազմից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երեւում, մշտապես վախի զգացողություն ունի եւ չունի ապրելու ցանկություն:
Սրանք ընդամենը Դատախազության կողմից ներկայացված երեք պատմություններ են, որոնք հաստատում են, որ պատերազմն ուղղակիորեն ազդել է մարդկանց վրա՝ հանգեցնելով ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի։
Նմանատիպ դեպքերը հաճախ հետեւանք են անտեսված, ժամանակին կամ ադեկվատ չբուժված հոգեկան առողջության խնդիրների։
Բայց մինչ դրանց խորապես անդրադառնալը, եկեք նախ հասկանանք՝ ինչ է ցույց տալիս վիճակագրությունը։
Ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ. ի՞նչ են պատմում թվերը
Պատերազմից հետո ինքնասպանություններն անխուսափելի են երկու կողմերում էլ՝ թե հաղթող եւ թե պարտվող։ Ընդ որում՝ հաղթող կողմում ինքնասպանությունները, որպես կանոն, ավելի շատ են լինում, քանի որ հաղթող կողմի կորուստները եւ դրանով պայմանավորված հոգեկան առողջության խնդիրները սովորաբար ավելի շատ են լինում։ Սա էին միանշանակ պնդում մեզ հետ զրուցած բոլոր մասնագետները։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով, տարեկան 720 000 մարդ ինքնասպանություն է գործում։ ԱՀԿ-ն ինքնասպանությունը համարում է «գլոբալ խնդիր», որը բնորոշ է աշխարհի բոլոր տարածաշրջաններին՝ առանց բացառության։ Ըստ ԱՀԿ-ի՝ վերջին 50 տարիների ընթացքում աշխարհում ինքնասպանությունների մակարդակն աճել է ավելի քան 60%-ով եւ որոշ երկրներում (ներառյալ՝ Ռուսաստանում) 15-ից 45 տարեկան մարդկանց մահացության երեք հիմնական պատճառներից է»:
Ինքնասպանությունն առանձին կլինիկական միավոր է, այսինքն՝ ինքնասպանության ամեն դեպք համարվում է հոգեկան առողջության խանգարում, որը ԱՀԿ-ի կողմից դասակարգվում է Հիվանդությունների միջազգային դասակարգման 11-րդ խմբում (ՀՄԴ-11), որտեղ ուշադրություն է դարձվում ինքնասպանության վերաբերյալ հոգեբանական, սոցիալական եւ ֆիզիկական գործոններին։
Ինքնասպանությունները, սովորաբար, հաշվում են 100 000 բնակչի հաշվով, ըստ այդ ցուցանիշի էլ վերլուծում են տվյալ երկրի բնակչության սոցիալ-հոգեբանական բարեկեցության ընդհանուր մակարդակը։
ԱՀԿ հրապարակած վերջին՝ 2021թ. փետրվարի տվյալներով՝ Հայաստանը 184 երկրների ցանկում զբաղեցնում է 169-րդ տեղը՝ 2.66 ցուցանիշով (ինչքան թիվը փոքր է, այնքան ինքասպանությունները քիչ են - հեղ.), Ադրբեջանը՝ 153-րդ տեղը՝ 3.97 ցուցանիշով։
2018թ. համեմատ՝ Հայաստանում ինքնասպանությունների գործակիցն աճել է 0.5-ով։
ՆԳՆ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, 2020-2024թթ․ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ինքնասպանությունների 875 եւ ինքնասպանության փորձերի 2161 դեպք։ Ինքնասպանությունների 67 դեպքը, ըստ ՆԳՆ Փրկարար ծառայության (ՓԾ), գրանցվել է 2020թ. հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
44-օրյա պատերազմից հետո՝ 2020-2023թթ. ինքնասպանությունները Հայաստանում ավելացել են 8,2%-ով, ամենաշատ դեպքերը եղել են 2023-ին։ Ինքնասպանության փորձերը, հակառակը, նվազել են 6,1%-ով, ամենաշատը՝ 2020-ին։
Ինքնասպանության փորձ եւ ինքնասպանություն կատարում են առավելապես տղամարդիկ. փորձ՝ կանանցից մոտ կրկնակի, իսկ ինքնասպանություն՝ 4 անգամ շատ։
2022 թ-ին մահվան ելքով ինքնավնասումների պատկերը նույնպես վկայում է այն մասին, որ տղամարդիկ ավելի են հակված դրան։ Օրինակ, 2022-ին ինքնավնասումներից մահացել է 3 անգամ ավելի շատ տղամարդ, քան կին (համապատասխանաբար՝ 36 տղամարդ եւ 11 կին). ինքնավնասումները երբեմն հոգեկան առողջության տարբեր խնդիրների՝ ուժեղ սթրեսի, տրավմաների, տագնապների, թաքնված կամ բացահայտ դեպրեսիայի նախանշաններ են, որոնք կարող են ինքնասպանության բերող հնարավոր գործոններ լինել։
Ինքնասպանության փորձի՝ իրենց մոտ արձանագրված դեպքերի վերաբերյալ տվյալներ է տրամադրել նաեւ Փրկարար ծառայությունը (տվյալները մինչեւ 2024թ. հուլիսի 31-ն են ու միայն ՀՀ քաղաքացիների մասով - հեղ.)։ Դրանց համաձայն, թեեւ 2021-2023թթ․ ինքնասպանության փորձերն ավելացել են 22,5%-ով, սակայն, դրան զուգահեռ, 46%-ով ավելացել է փրկարարների կողմից անվտանգ տարածք տեղափոխված անձանց թիվը (հաշվառված են միայն փրկարարների կողմից իրականացված դեպքերը)։
ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից մեզ հայտնել են, որ 2021 թ-ին ինքնասպանության փորձի 2 եւ 2024 թ-ին (մինչեւ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում) 1 դեպք կապված են եղել պատերազմի եւ դրա հետեւանքների հետ (միայն Փրկարար ծառայությունում արձանագրված դեպքերն են - հեղ.)։
Ինքնասպանության մեթոդների, տարիքային խմբերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ՝ վիճակագրական այլ մանրամասներ չենք ներկայացնում՝ ելնելով էթիկայի նորմերից եւ «մի՛ վնասիր» սկզբունքից։
Պատերազմի տրավմա. ի՞նչ է կատարվում ներսում՝ նեյրմեդիատորների մակարդակով
Տարբեր գիտական ուսումնասիրություններ վկայում են, որ պատերազմներից հետո, հատկապես՝ ռազմական գործողությունների մասնակիցների մոտ դրսեւորում են ծանր տագնապի եւ դեպրեսիայի նշաններ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այդ հոգեվիճակն անվանում էին նաեւ «ռազմական նեւրոզ»՝ նշելով, որ դա հրետանու ռմբակոծության հետեւանքով գլխուղեղի միկրոարնահոսության կամ սալջարդի արդյունք է։
Երկրորդ համաշխարհայինի, ապա նաեւ՝ Կորեայի պատերազմների ժամանակ այն սկսեցին անվանել «ռազմական հոգեկան տրավմա»: Վիետնամական պատերազմից հետո արձանագրվեց, որ զինվորների մեծամասնության մոտ նման ախտանիշներ դիտվում են նաեւ պատերազմի ավարտից հետո:
Սկզբում այս խնդրին լուրջ ուշադրություն չէին դարձնում, սակայն 1970-ական թվերին բժիշկներն սկսեցին ահազանգել, որ պատերազմի մասնակիցները շարունակում են ունենալ հոգեբանական ծանր խնդիրներ, որոնք ժամանակին արհամարհվել կամ անուշադրության էին մատնվել։
Կան տվյալներ, որ Վիետնամում եղած զինվորների 29%-ն ունեցել է սուր կամ հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ), 22%-ն ունեցել է որոշակի սթրեսային ախտանիշներ, իսկ 10%-ի մոտ ՀՏՍԽ-ն պահպանվել է նաեւ հետագայում՝' «հետադարձ կադրով» (ֆլեշբեք), երբ հանկարծակի պատկերներ են հիշել, վերապրել, մղձավանջային երազներ տեսնել եւ այլն։
«Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ, post-traumatic stress disorder, PTSD) հոգեկան առողջության այնպիսի վիճակ է, որը զարգանում է սուր սթրեսային, ծանր եւ տրավմատիկ փորձառություններից հետո, ինչպիսիք են՝ պատերազմները, աղետները, կամ ցնցող, սարսափելի, վտանգավոր այլ իրադարձությունները:
ՀՏՍԽ-ի հիմնական ախտանիշներն են՝ կրկնվող «հետադարձ պատկերները» («ֆլեշբեքեր»՝ անցյալի տրավմատիկ իրադարձության ակամա եւ կենդանի հիշողություն է, որը մարդու մոտ առաջացնում է վերապրումների զգացողություն), որոնք հաճախ ուղեկցվում են սրտի արագացմամբ, տագնապով, մղձավանջներով եւ որոշ դեպքերում կարող են նույնիսկ ֆիզիկական ազդեցություն ունենալ մարմնի վրա, կարծես մարդն իրականում նորից վերապրում է այդ իրավիճակը։
ՀՏՍԽ կարող է հանգեցնել դյուրագրգռության, ագրեսիվ վարքի սոցիալական մեկուսացման, արտաքին աշխարհից խուսափելու, նաեւ՝ ամենօրյա տարբարե գործողությունների վրա՝ հանգեցնելով ինքնասպանության ռիսկի բարձրացմանը»:
Կան հետազտություններ, որոնք փաստում են, որ մինչեւ 1980-ականների սկիզբը Վիետնամի պատերազմի 8000-ից 9000 վետերան է մահացել ինքնասպանության պատճառով:
Այսօր էլ՝ մոտ 40 տարի անց, ԱՄՆ Վիետնամի վետերանների երկարատեւ ուսումնասիրության (National Vietnam Veterans Longitudinal Study, NVVLS) կողմից հրապարակված զեկուկցները վկայում են, որ Վիետնամի մոտ 271,000 վետերան դեռ տառապում է ՀՏՍԽ-ով եւ այլ հիմնական դեպրեսիվ խանգարումներով, ինչը ցույց է տալիս, որ պատերազմական իրադարձություններից հետո հոգեկան առողջության շարունակական հսկողության կարիք կա։
Ուսումնասիրությունների համաձայն՝ պատերազմի մասնակիցների մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից բացի հանդիպում է նաեւ դեպրեսիա, կամ երկուսը միասին։
Ամերիկայում իրականացված հետազոտությունները փաստում են, որ մի քանի անգամ զորակոչված զինվորների մոտ 1,6 անգամ ավելի բարձր է ՀՏՍԽ եւ 1,7 անգամ ավելի բարձր դեպրեսիա ունենալու հավանականությունը, քան նրանց, ովքեր մեկ անգամ են զորակոչվել։
Հենց ՀՏՍԽ-ն եւ/կամ դեպրեսիան են զինվորականների մոտ ինքնասպանությունների դրդող ամենատարածված պատճառներից մեկը. օրինակ, ՀՍՏԽ ունեցող մարդկանց շրջանում ինքնասպանությունների փորձի ռիսկը 6 անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր բնակչության մեջ։
Ինքնասպանությունների կոնտեքստում պետք է հաշվի առնել, որ ՀՏՍԽ-ի ժամանակ նյարդային համակարգում եւ ուղեղում տեղի են ունենում տարբեր փոփոխություններ, որոնք անմիջապես ազդում են մարդու հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա։ Փորձենք պարզ բացատրել. ՀՏՍԽ ժամանակ փոփոխվում է ուղեղի նեյրոմեդիատորների բալանսը (նեյրոմեդիատորը (կամ նեյրոտրանսմիտեր) քիմիական նյութ է, որը փոխանցում է ազդակները ուղեղի նեյրոնների միջեւ - հեղ.), այսպես ասած՝ փոխում է ուղեղի քիմիական բաղադրությունը, ինչը կարող է հանգեցնել հոգեկան առողջության տարբեր խնդիրների։
Այդ նեյրոմեդիատորներն են դոֆամինը, սերոտոնինը եւ նորադրենալինը (նորէպինեֆրին), որոնք պատասխանատու են մարդու տրամադրության, հույզերի կարգավորման, էներգիայի, կենտրոնացման եւ հանգստության համար։
Դոֆամինը եւ սերոտոնինը կապված են երջանկության եւ տրամադրության կարգավորման հետ. դոֆամինը պատասխանատու է հաճույքի եւ պարգեւների զգացողության համար, իսկ սերոտոնինը՝ տրամադրության կարգավորման եւ հոգեբանական կայունության, հավասարակշռության համար: ՀՏՍԽ եւ դեպրեսիայի ժամանակ, այս երկու նեյրոմեդիատորների մակարդակները կարող են իջնել, ինչը կարող է բերել տրամադրության անկման, տխրության եւ հուզական անկայունության։
Նորադրենալինը, որը հաճախ կոչում են նաեւ «վախի կամ պայքարի հորմոն», խթանում է պայքարելու կամ փախչելու ռեակցիաները, հատկապես՝ սթրեսային իրավիճակներում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սթրեսի ժամանակ նորադրենալինի մակարդակը կարող է աննորմալ բարձրանալ կամ ընկնել, ինչը հանգեցնում է պայքարելու կամ փախչելու բնազդների խախտման։
Երբ մենք խոսում ենք ինքնասպանության ռիսկի մասին, նորադրենալինը կարող է ավելանալ եւ/կամ չկատարել իր նորմալ գործառույթը. նորադրենալինը ավելանում է սթրեսի կամ բարձր տագնապի ժամանակ եւ կարող է առաջացնել անտանելի զգացողություններ: Իսկ երբ նորադրենալինի մակարդակը քիչ է, դա կարող է բերել հոգեկան սպառվածության՝ նպաստելով ինքնասպանության մտքերի առաջացմանը։
Այսպիսով, այս մեդիատորների բալանսի խախտումը կարող է բարձրացնել ինքնասպանությունների ռիսկը, մանավանդ, երբ դրանք զուգակցվում են այլ՝ հոգեբանական, ֆիզիկական, գենետիկ եւ սոցիալական գործոններով։
Հոգեկան առողջության խնդիրները կարող են հանգեցնել նաեւ ֆիզիկական պաթոլոգիաների՝ գլխացավերի, մարսողական համակարգի խանգարումների, սրտանոթային հիվանդությունների եւ առողջական այլ խնդիրների, որոնք պահանջում են համակցված բուժում։
Հետեւաբար, ՀՏՍԽ, դեպրեսիաների, տագնապների եւ հոգեկան առողջության այլ խնդիրների ժամանակ բուժման արդյունավետությունը հաճախ պահանջում է տարբեր մասնագետների` հոգեբուժների, հոգեթերապեւտների, նյարդաբանների (եթե կա կոնտուզիա կամ գլուղեղի այլ վնասվածք, հեղ.), ինչպես նաեւ` հոգեբանների, սոցիալական աշխատողների համագործակցություն։
Եթե հոգեկան առողջության խնդիրը չբուժվի, մի օր այն կարող է դրսեւորվել։
«Ժամանակին եւ ադեկվատ բուժումը բերում է առողջացման». հոգեբույժ
Հոգեկան առողջության խնդիրներն ու ինքնասպանությունները գնալով շատանում են, քանի որ շատանում են արտաքին անբարենպաստ պայմանները, իսկ հետպատերազմական շրջանում ի հայտ են գալիս նաեւ տարբեր տեսակի խնդիրներ՝ սոցիալական, հոգեբանական, հոգեկան առողջության եւ այլն։ Այս կարծքին է հոգեբույժ, ՀՀ առողջապահության նախարարի հոգեբուժության գծով խորհրդատու, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Գեւորգ Փաշիկյանը։
Ինքնասպանության միտքը կամ ինքնավնասումն արդեն կլինիկական միավորներ են, որոնք վկայում են հոգեկան առողջության խնդիրների մասին ու անպայման մասնագիտական միջամտություն են պահաջնում.
«Մենք շատ-շատ դեպքեր ենք ունենում, երբ անձինք ինքնասպանության մտքեր են ունենում կամ թեկուզ ուրիշին ուղղված սովորական ագրեսիա, ժամանակին չեն դիմում հոգեբույժի, ասում են՝ մենք մեր երեխուն ոնց տանենք հոգեբուժարան, վիճակը բարդանում է, եւ այդ ամենը վերածվում է ավարտված ինքնասպանության, կամ էլ ուրիշներին են վնաս պատճառում»,- նշում է Փաշիկյանը։
Ինքնասպանություններ, ըստ հոգեբույժի, ամենաշատը լինում են դեպրեսիաների, հետտրմավմատիկ սթրեսային խանգարումների, կախվածությունների ժամանակ։
Գեւորգ Փաշիկյանը թվարկում մի քանի իրավիճակներ, որոնք նկատելու դեպքում առնվազն պետք է խորհրդակցել հոգեբույժի հետ.
«Եթե, օրինակ, անձն ունի երկարատեւ ցածր տրամադրություն, հաճախ գունատ է, չի ուտում, չի քնում եւ դա տեւական բնույթ է կրում, 1-2 օրվա հարց չէ, այդ դեպքում մենք խոսում ենք դեպրեսիվ համախտանիշի մասին։ Այսինքն՝ վշտի զգացողություն, հաճույք ստանալու անելանելիություն. այս դեպքերը, եթե կան, դրանք կազմում են դեպրեսիվ համախտանիշի մաս»։
Դեպրեսիան կարող է լինել նաեւ թաքնված, որը հիմնականում դրսեւորվում է սոմատիկ (մարմնական) ախտանիշներով, բայց ոչ մասնագետն այն չի կարողանա ճանաչել.
«Յուրաքանչյուրս էլ կարող ենք մի շաբաթ, մի քանի օր վատ տրամադրություն ունենալ, բայց դա չի նշանակում, որ դեպրեսիա ունենք։ Եթե մենք խոսում ենք դեպրեսիայի մասին, վատ տրամադրությունը կամ վիշտն ախտանիշներից մեկն են. պետք է նաեւ լինի, այսպես ասած, ինակտիվություն կամ դանդաղածություն, մտածողության դանդաղություն, ցրվածություն, այսինքն՝ միայն վշտի հիման վրա մենք չենք ախտորոշում դեպրեսիա»,- ասում է հոգեբույժը։
Նույն ախտանիշները կարող են լինել ՀՏՍԽ ժամանակ՝ կպչուն մտքեր, կրկնվող հիշողություններ՝ ֆլեշբեքեր։
Փաշիկյանն ասում է, որ թեթեւ տագնապային խանգարումների դրսեւորումները կարելի է հաղթահարել ինքնօգնությամբ՝ անկախ նրանից, թե ինչից է առաջացել՝ օգտագործելով աուտոռելակցիացիայի (ինքնահանգստացման - հեղ.) մեթոդները. շնչառական վարժություններ, սոցիալական շփումներ, ֆիզիկական ակտիվություն եւ այլն։
Սակայն ՀՏՍԽ-ի, դեպրեսիայի եւ ծանր տագնապային խանգարումների դեպքում, երբ գլխուղեղում փոփոխություններ են լինում մեդիատորների մակարդակով, պետք է անպայման դիմել բժիշկ մասնագետի։
«Սրանք հոգեբուժական խնդիր են։ Եթե, օրինակ, անձի մոտ կա հետտրավմատիկ սթրեսային խանգարում, նա պետք է բուժվի հոգեբույժի մոտ,- նշում է Փաշիկյանը.
- Վտանգն ինչու՞մ է․ օրինակ, հենց հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում, եթե անձինք բուժում չեն ստանում, դա շատ հաճախ քրոնիկական բնույթ է ստանում, գանգատները, որոնք բնորոշ են հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը, սկսում են երկար տեւել՝ մի քանի տարի։ Հետո գնում են ոչ կոմպետենտ մասնագետի մոտ, օրինակ, շատ հաճախ՝ նյարդաբանների, նյարդաբանն ասում է՝ դե, «Ատարաքս» խմի (հակատագնապային, հանգստացնող դեղ - հեղ.), որը կքնացնի իրեն, որոշակիորեն կհանգստանա, բայց չի լավացնի. դեպրեսիան, մեկ է, կմնա։ Կամ, այդ ժամանակ, օրինակ, կլինեն ստամոքսաղիքային որոշակի խնդիրներ, կգնան գաստրոէնտերոլոգի մոտ, ով հակադեպրեսանտ կնշանակի, սիմպտոմները որոշակիորեն կանցնեն, բայց, մեկ է, խնդիրը կմնա»,- ասում է բժիշկը՝ նշելով, որ կան նաեւ հոգեբաններ, որոնք դեղորայք են նշանակում, բայց դրա իրավունքը չունեն։
Եթե բուժումը սկզբնական շրջանում ճիշտ չկազմակերպվի, խնդիրը կդառնա քրոնիկ. «Այդ դեպքում արդեն խոսում ենք, կոպիտ ասած, փսիխոպատիայի մասին. մենք դա կոչում ենք անձի խանգարում, քանի որ արդեն քրոնիկ բնույթ է կրում եւ ամբողջ կյանքի ընթացքում կարող է մարդուն ուղեկցել։ Նույնը դեպրեսիայի կամ տագնապային խանգարումների ժամանակ կարող է լինել»։
Հետեւաբար, ադեկվատ եւ ժամանակին բուժումը բերում է առողջացման, իսկ հակառակը՝ բարդացման ու քրոնիկացման։
Ինքնասպանության հակումների բուժման դեպքում գերակշիռ մեծամասնության բուժումը դեղորայքային է։ Հոգեբույժն ասում է, որ բոլոր անհրաժեշտ դեղորայքային խմբերը Հայաստանում կան ու «ոչ մի երկրի երեւի թե չեն զիջում»։
Բուժման տեւողությունն անհատական է՝ կարող է ամիսներ, տարիներ տեւել, կարող է շատ կարճ տեւել՝ կախված հիվանդությունից եւ ախտանիշների
ծանրությունից։
«Այդ դեպքերը՝ տագնապը, դեպրեսիան, հետտրավմատիկ սթրեսային խանգարումները, իրենք հակում ունեն առողջացման, քան թե վատացման,- ասում է Փաշիկյանը՝ ընդգծելով, որ իր պրակտիկայում շատ կան հենց հետպատերազմյան շրջանում իրեն դիմած զինծառայողներ, զինծառայողների հարազատներ, ովքեր դիմել են եւ բուժում են անցնում։ Կան նաեւ դեպքեր, երբ ինքնասպանության մտքերը կանխվել են։
Թեեւ հոգեբույժին դիմելու կարծրատիպ կա՝ «ես հո գի՞ժ չեմ», մտածում են որոշ մարդիկ, սակայն, ըստ Փաշիկյանի, այն գնալով կոտրվում է. «Միշտ այդ խարանը կա այս ոլորտում, բայց գնալով քչանում է. Հայաստանում, աստիճանաբար այդ կարծրատիպերը ոնց որ կոտրվում են։ Դրան նպաստում է նաեւ այն, որ հոգեկան առողջության խնդիրներն են շատացել, ու մարդիկ արդեն շատ են խոսում դրա մասին»։
Նրա խոսքով, պետք աշխատել մնացած կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ, որ մարդիկ սկսեն ավելի հաճախ դիմել հոգեբույժին։
Հայաստանում կան մարզեր, որտեղ չկան հոգեբույժներ ու, առհասարակ, կա ոլորտի նեղ մասնագետների պակաս։ Այդ պակասը բերել է նրան, որ ներկայումս վերապատրաստում են ընտանեկան բժիշկներին, որպեսզի նրանք կարողանան նախնական ախտորոշում կատարել եւ պլանավորել հետագա բուժօգնությունը։
Կանխարգելման հարցում առանցքային գործոն է կրթությունը. հոգեբույժն առաջարկում է դպրոցներում եւ բանակում ներառել հոգեկրթության դասընթացներ, որպեսզի մարդիկ ճանաչեն եւ հասկանան հոգեկան առողջության խնդիրները. «Դա պետք է լինի, ինչպես ֆիզիկան կամ ֆիզկուլտուրան. մարդկանց պետք է սովորեցնել ճանաչել եւ գործել, եթե խնդիր է առաջանում»։
Հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման գործում կարեւոր է նաեւ ինքնասպանության դեպքերի վերլուծությունն ու գիտական ուսումնասիրությունը ու թիմային աշխատանքը։
«Կանխարգելմանը կարող են մասնակցել շատ մասնագետներ. հոգեբանները, ովքեր կճանաչեն խնդիրը եւ կուղղորդեն հոգեբուժի մոտ, եւ ոչ հոգեբանները, օրինակ՝ լրագրողները՝ ճիշտ լուսաբանելով, նաեւ ընտանիքի անդամները՝ հայտնաբերելով եւ ճանաչելով»,- ասում է Փաշիկյանը։
«Այն, ինչ պատահել է, արդեն ավարտվել է». հոգեբանը՝ իր փորձի ու տրավմաների հետ աշխատելու մասին
Տրավման ապագայի նկատմամբ անորոշություն եւ անվստահություն է առաջացնում. մարդը սկսում է կորցնել ապագայի տեսլականն ու նոր, ավելի վատ բաների է սպասում։ Տրավման ոչ միայն մարդուն զրկում է իր նախկին նպատակներից, այլեւ նրան ականապատում է նոր սարսափներով, նոր տագնապներով եւ բացասական սպասելիքներով։ Այս կարծիքին է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Խաչատուր Գասպարյանը, ով հետպատերազմական շրջանում աշխատել է թե զինծառայողների, թե նրանց հարազատների հետ.
«Մարդ սկսում է ամբողջովին կառչել անցյալից, վերանայել, դնել-վերցնել, վերլուծել՝ սա ինչո՞ւ այսպես եղավ, կարո՞ղ է, որ ես այդպես արեցի, այդ պատճառով էր, կարո՞ղ է՝ ես յոթ տարի առաջ պետք է այս բանը չանեի։ Այսինքն՝ մենք ազգովի անցյալից կառչած մշակույթ ունենք, որը, իհարկե, ունի շատ բացասական կողմեր. մի տեսակ ներկան բաց ենք թողնում եւ չենք հասցնում ապրել»,- ասում է Գասպարյանը։
Բացի այդ, տրավման «քարուքանդ է անում» մարդու հոգեվիճակը, համոզմունքները, եւ դրա հետեւանքով կարող է առաջանալ կամ ինքնամեղադրանք, կամ ուրիշներին մեղադրանք.
«Օրինակ, մի մայր որդուն էր մեղադրում, ասում՝ ինքը շատ ռիսկով էր, եթե մի քիչ զգույշ լիներ, երեւի էդպես չէր լինի։ Մյուս դեպքում՝ ապրելու մեղավորության զգացումն է. երբ դու ողջ ես մնացել, իսկ մյուսները զոհվել են, կարծես, դու իրենց փոխարեն ես ապրում, առաջանում է մեղավարության զգացում՝ ապրողի մեղավորություն»,- ասում է մասնագետը։
Այդ իսկ պատճառով, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը սովորական մարդկային փորձառություն չէ, սուր սթրես է եւ կարող է լինել նաեւ հարազատի կորուստի դեպքում. «Մի կին կար, որը գիտեր, որ իր տղան մի քանի օր շրջափակման մեջ է եղել, հետո այդ տեղը գնդակոծել են, եւ այրվել է, եւ ինքն ասում էր, որ ամենաշատը պատկերացնում էր տղայի անօգնական վիճակը, ու վերապրում էր այդ իրադարձությունը»։
Իրադարձության վերապրումը, որպես կանոն, հետտրավմատիկ սթրեսային խանգարման կարեւոր ցուցիչ է. «Մեր հետազոտությունը, որը տպագրվել է ԱՄՆ-ում, երկու հիմնական բան է բացահայտել պատերազմի ընթացքում տրավմա ապրած եւ արդեն հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող զինծառայողների մոտ. կպչուն հիշողություններ եւ քնի խանգարում»,- ասում է պարոն Գասպարյանը՝ նշելով, որ սրանք կարեւոր ազդանշաններ են, որ պետք է անպայման խորհրդակցել մասնագետների հետ։
Դրանց կարող են ավելանալ դյուրագրգռությունը, տրավմատիկ իրադարձությունը հիշեցնող մարդկանցից, վայերից, խոսակցություններից խուսափելը. «Օրինակ, կար զինծառայող, որ զինվորական հագուստ չէր ուզում տեսնել, դրանից լարվում էր, եւ դա հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանշաններից մեկն է» ։
ՀՏՍԽ-ի կամ դեպրեսիայի ժամանակ նաեւ կարող են լինել զայրույթի պոռթկումներ, որոնք պատճառ չունեն, կամ պատճառը անհամարժեք թեթեւ է, խոսքային, կամ ֆիզիկական ագրեսիա, անպատասխանատու վարք, դեպի սեփական անձն ուղղվող ագրեսիա, ինքնավնասումներ։ Մարդիկ կարող են մեքենան ռիսկային արագ վարել, կամ թմրամիջոցներ ու ալկոհոլ օգտագործել.
«Խանգարվում է նաեւ կենտրոնացումը. մի բանը սկսում է, անցնում է մյուս բանի։ Իմ ուսանողները, որոնք պատերազմից էին վերադարձել, հիմնական՝ թիվ մեկ դժգոհությունն այն էր, որ կենտրոնացման խնդիրներ ունեն»,- ասում է Գասպարյանը։
Եթե ՀՏՍԽ-ն զուգակցվում է դեպրեսիայով, դա արտահայտվում է անկումային տրամադրությամբ, մեղքի զգացումով, երբեմն հոգեկան կամ մարմնական տագնապներով։ Օրինակ, մարդն անընդհատ մտածում է, որ կարող է իր մոտ սրտի խնդիր կամ այլ հիվանդություն կա։
«Երկու տիպի վախեր են հաճախ լինում՝ մահից, երբեմն նաեւ՝ խելագարությունից, ասում են՝ ես հոգեկան հիվանդություն կստանամ։ Երբեմն կարող են ունենալ նաեւ խեղդվելու զգացում։ Սրանք բոլորը հատուկ են դեպրեսիվ ֆոնին»,- ասում է հոգեբանը։
Եթե վարքի ապակառուցողական դրսեւորումները նկատվում են տրավմայից անմիջապես հետո, դրանք տրավմայի սուր հակազդումներ են։ Սակայն տրավման կարող է տարիներով չդրսեւորվել, հետո «հարմար առիթի» ժամանակ՝ ակտիվանալ։ Բայց երկու դեպքում էլ, բացի հոգեթերապիայից, շատ հաճախ անհրաժեշտ է լինում նաեւ դեղորայքային միջամտություն։
Խաչատուր Գասպարյանն ասում է, որ հոգեբանական տեսանկյունից՝ պատերազմի հետեւանքով առաջացած ՀՏՍԽ արդյունավետ բուժումը կախված է նաեւ նրանից, թե որպես ինչ ենք դիտարկում Արցախը. օրինակ, հոգեբանը պատմում է, որ իր պրակտիկայում դեպք է եղել, երբ զոհվածի մայրն ավելի շատ խնդրահարույց է համարել իր տղայի զոհվելը, քանի որ պարտվել ենք, ասել է՝ նախորդ անգամ մենք հաղթել էինք, եթե այս անգամ էլ հաղթեինք, միգուցե, ինքն այլ կերպ կարող էր ընկալել իր տղայի կորուստը։
«Ցավոք սրտի, մենք նոր սերնդին տալիս ենք եւս մի նոր բեռ՝ հայաթափված Արցախ։ Ես չգիտեմ՝ այս պահին մենք սա պե՞տք է դիտարկենք որպես ազգային կարեւոր նպատակ։ Եթե այո, պարզ է, որ տարբեր է լինելու ռազմավարությունը։ Իսկ եթե մենք ազգովի ընդունելու ենք, որ, ինչպես ուրիշ ժամանակներում, մենք սա էլ կորցրինք, ու ընդունենք…. մենք չգիտենք՝ դրա հետեւանքով ինչ տեղի կունենա. շատ անգամ այն, ինչ տեղի է ունենում հոգեբանական աշխարհում, մեծ չափով, ցավոք սրտի, կախված է քաղաքական իրավիճակից,- ասում է Գասպարյանը։ - Մեկ ուրիշ առանձնահատկություն էլ կա. մենք ի սկզբանե տրավմայի ենթարկված ժողովուրդ ենք, եւ 100 տարին (Ցեղասպանությունից հետո - հեղ.) բավարար չէ, քանի որ շատ անգամ սերունդը փոխանցում է իր չլուծած տրավման հաջորդ սերնդին՝ նորից վերապրելու միտումով. ես չեմ կարող ասել, որ մենք ազգովի դա թոթափել ենք, այնպես որ պատերազմական տրավման ոչ թե նոր տրավմա է, այլ նախկին տրավմաների, վերքերի թարմացում, մանավանդ, որ թշնամին, ավել կամ պակաս, նույնն է»։
Այնուամենայնիվ, տրավմաները մարդու կյանքում անխուսափելի են. երբեմն դրանք կարող են արթնացնել նախորդ վերքը, կամ ավելի հեշտ ընդունվել, քանի որ մարդն ունի արդեն նմանատիպ տրավմայի վերապրման փորձ.
«Որպես կանոն՝ տրավման միշտ ուղիղ կամ անուղղակի ձեւով առնչվում է նաեւ վշտի թեմային. այն այսպես, թե այնպես կորստի զգացում է, եւ ժամանակից մոտեցումները դիտարկում են, որ վիշտը պրոցես է, որի միջով անցնելուց մենք ազատագրվում ենք տրավմատիկ ապրումներից։ Այսինքն՝ պետք է ոչ թե խուսափել սգալուց, այլ թույլ տալ, որպեսզի մարդը բոլոր փուլերով անցնի, վերջնականապես ազատվի այդ տրավմատիկ ապրումներից»,- ասում է հոգեբանը։
Սակայն տրավման ունի նաեւ «լավ կողմ». բացի հետտրավմատիկ սթրեսային խանգարումից, մարդիկ հնարավորություն ունեն նաեւ հետտրավմային աճ ապրել եւ տրավմայի հետեւանքով նորովի ընկալել կյանքը.
«Լավ լուրն այն է, որ շատ անգամ պատերազմները, տրավմաները կարող են խթան հանդիսանալ, օրինակ, նույն՝ Ճապոնիայի, Գերմանիայի օրինակով, որ մարդիկ կարողանան նորից վերակագնել ու վերագտնել իրենց,- ասում է Գասպարյանը։ - Գլխավոր հարցը, որ մարդուն կարեւոր է փոխանցել եւ իրավիճակը վերահսկելու կարողություն տալ՝ «այն, ինչ պատահել է, արդեն ավարտվել է», սա շատ կարեւոր պոստուլատ է հոգեբանական տրավմաների հետ աշխատանքի ժամանակ»։
Մինչ օրս պատերազմից տուժած 1198 մարդ է ստացել հոգեկան առողջության վերականգնման աջակցություն
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, պատերազմից հետո՝ 2020-2024թթ. հոգեկան առողջության պահպանմանն ուղղված աշխատանքներ են տարվել 1198 անփի հետ՝ Հայաստանից եւ Արցախից, այդ թվում` 520-հետ՝ ապաստարաններում։ Անհրաժեշտության դեպքում կիրառվել են ռելաքսացիոն սարքավորումներ։
«Ռելաքսացիոն սարքավորումները (կամ թուլացնող սարքավորումները) նախատեսված են մարմնի եւ մտքի հանգստացման համար՝ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական սթրեսի նվազեցման նպատակով։ Նման սարքավորումները կարող են լինել բազմազան՝ ներառելով թերապիայի ընթացքում օգտագործվող մեխանիկական, ձայնային, լույսային կամ էլեկտրոնային սարքեր, որոնք օգնում են մարդու նյարդային համակարգին վերականգնվել եւ թուլանալ:
Հոգեկան առողջության խնդիրների, հատկապես՝ ՀՏՍԽ կամ ծանր սթրեսային պայմաններում, ռելաքսացիոն սարքավորումները կարող են կիրառվել թերապիայի ընթացքում՝ իբրեւ աջակցող մեթոդներ՝ օգնելով մարդկանց սթրեսի հաղթահարման գործընթացում»։
Նշված ժամանակահատվածում ՓԾ-ն հեռախոսային հոգեբանական խորհրդատվություն է տրամադրել 678 մարդու, իսկ Պաշատպանության նախարարության տրամադրած ցուցակների համաձայն, հոգեբանական խորհրդատվություն է տրամադրել անհետ կորած զինծառայողների 45 հարազատների։
«Անհրաժեշտության դեպքում մինչ օրս ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակացության բաժնի ծառայողների կողմից տրամադրվում է հոգեբանական օգնություն պատերազմի մասնակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին»,- հայտնել էին ՆԳՆ ՓԾ-ից։
«Առանձին վերլուծվում է ինքնասպանության դեպքերի շարժընթացը». Դատախազություն
«Ազգային ժողով ներկայացվող՝ ՀՀ դատախազության գործունեության տարեկան հաղորդման մեջ առանձին վերլուծվում է ինքնասպանության դեպքերի շարժընթացը, ինքնասպանություն գործած անձանց տարիքային եւ սոցիալական կազմը»,- հայտնել են Դատախազությունից։
Բացի այդ, 2020թ. 44-օրյա պատերազմի հետ կապված ինքնասպանության դեպքերի առթիվ Գլխավոր դատախազը գրությամբ դիմել է Պաշտպանության նախարարին եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկելով դրանք քննարկման առարկա դարձնել պատերազմի հետեւանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ։
Ըստ գերատեսչության՝ դա կօգնի առավել արդյունավետ եւ ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական եւ հոգեբուժական առաջնային օգնությունը։
Ի՞նչ է անում ՊՆ-ն ինքնասպանությունների նվազման եւ կանխարգելման ուղղությամբ
2020թ. պատերազմի սկզբից մինչեւ դեկտեմբերի վերջ 200-ից ավելի կամավոր հոգեբաններ են աշխատել զինծառայողների հետ. այդ աշխատանքը ՊՆ-ի հետ համակարգել է «Հոգեբուժական ասոցիացիան»։
«Պատերազմի հենց սկզբից հանրապետության կամավոր հոգեբանները մեր՝ «Հոգեբուժական ասոցիացիայի» կոչով, սկսեցին կամավոր աշխատել բոլոր վիրավորների հետ, ովքեր ստացիոնարներում էին, եւ մինչեւ 2020թ. դեկտեմբերի վերջ բոլորը ստացել են հոգեբանական առաջին անհրաժեշտ աջակցությունը, ու հիմա, որ եւ ինքնասպանությունների թիվն է քիչ, եւ դեստրուկտիվ վարքը՝ համեմատած այն բանի, որ մեր երկրում պետք է լիներ՝ այսքան զոհի, պարտված կարգավիճակի, անորոշության ու մարդկանց գլխին սպառնալիքի մշտական կախվածության դեպքում, մեզ մոտ վիճակը լավ է՝ համեմատած` ինչեր կարող էին լինել,- ասում է «Հոգեբուժական ասոցիացիա»-ի նախագահ, «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի» ղեկավար Արմեն Սողոյանը՝ նշելով, որ նման բան ոչ մի երկրում չի արվել՝ ոչ Ռուսաստանում, ոչ Ուկրիանայում, ոչ Վրաստանում, ոչ էլ առավել եւս Վիետնամում։
Տարբեր հոգեբաններ եւ ինքնասպանության գծով փորձագետներ մեզ հետ զրույցում նշում էին, որ պատերազմի մասնակիցները պատերազմից հետո 5 տարի պետք է գտնվեն առողջապահական, հոգեբանական, սոցիալական հսկողության ներքո։ Մենք դիմեցինք նաեւ ՊՆ՝ հասկանալու, թե ինչ է արվում պատերազմի մասնակիցների, զինծառայողների շրջանում ինքնասպանությունները նվազեցնելու եւ կանխելու ուղղությամբ։
ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի բոլոր դեպքերի ժամանակ նախաձեռնում են քրեական վարույթներ՝ շարժառիթները բացահայտելու նպատակով, նաեւ տեղեկություններ են հավաքում պատերազմից տուժած եւ հոգեբանական օգնություն ստացած զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ։
Ամեն տարի, այդ թվում՝ 2024-ին ՊՆ-ն ԶՈՒ զինվորական կարգապահության բարելավման նպատակով շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնում է հավաք-խորհրդակցություններ, որոնց ժամանակ քննարկվում են զինծառայողների կողմից ինքնասպանությունների հարցերը։
«Զորամասերում վերահսկողական միջոցառումներ իրականացնելիս առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գործողության դրված «Ինքնասպանությունների, ինքնախեղումների կանխարգելման արտահաստիքային խմբի աշխատանքային պլան»-ով նախատեսված աշխատանքներին եւ դրանց արդյունքներով եռամսյակային արձանագրություններին»,- հայտնել են ՊՆ-ից։
Զինծառայողների շրջանում առաջացած հոգեբանական խնդիրների լուծման նպատակով աշխատանքներ են իրականացնում զորամասերի «բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների եւ սպա-հոգեբանների կողմից» հոգեբանական օգնության կետերում, իսկ առանձին դեպքերում՝ հոսպիտալային օղակներում։
ՊՆ-ն նշում է, որ, հաշվի առնելով, որ ինքնասպանությունների կանխարգելման գործում մեծ դեր ունեն զորամասերի հրամանատարները, մասնավորապես՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալներն ու սպա-հոգեբանները, նրանց հետ ամեն տարի հավաքներ, սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ են իրականացնում, որոնց ընթացքում տրվում են ցուցումներ՝ «նպատակային աշխատանքներ» իրականացնելու համար։
Բացի այդ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կառուցվածքային ստորաբաժանումներից ձեւավորված աշխատանքային խմբերը պարբերաբար աշխատանքներ են իրականացնում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, մասնավորապես՝ «կոլեկտիվ զրույցներ եւ առանձնազրույցներ ընկերասիրության, միմյանց փոխօգնության, հանդուրժողականության դրսեւորման, զինծառայողների միջեւ կանոնագրքային փոխհարաբերությունների պահպանման շուրջ»։
Ինքանսպանության դեպքերի կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու համար ՊՆ-ն պլանավորել է մշակել «Ինքնասպանության ռիսկի գմահատման, կանխարգելման եւ կառավարման ուսուցման ծրագիր-ձեռնարկ» զինված ուժերի սպա-հոգեբանների եւ հրահանգիչների համար։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով արդեն կիրառվում է «Զինծառայողների ինքնասպանությունների եւ ինքնախեղումների կանխարգելման մեթոդագործնական ձեռնարկը»։
Տաթեւ Խաչատրյան