Новости по-русски

Արձագանք Մերկելի հուշերին. «Կամ-կամ»-ի տրամաբանությունը միակողմանիորեն ներմուծվեց»

Իր հուշերում Գերմանիայի նախկին կանցլերը, մասնավորապես, գրում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով սկզբունքորեն ցանկություն էր հայտնել ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, «180 աստիճանով շրջադարձ կատարեց 2013 թվականի սեպտեմբերին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո»։


Մեդիամաքսի համար պատրաստված մեկնաբանության մեջ Հայկ Մամիջանյանը գրել է.

«Շատ է խոսվել 2013 թվականի Հայաստանի այն ժամանակ Մաքսային միություն, իսկ այժմ ԵԱՏՄ անդամ դառնալու գործընթացի մասին։ Որոշ շրջանակներ այդ իրադարձությունը բնորոշում են այսպես կոչված «u turn» կամ կտրուկ շրջադարձ։ Սրա խորքային պատճառն այն է, որ այդ պնդումն անող մարդիկ, բնականաբար, խոսքս չի վերաբերում պատվիրված քարոզչանյութերին, ամբողջապես չեն պատկերացնում Արևելյան գործընկերության փիլիսոփայությունը՝ առնվազն, երբ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետությանը մեկնարկային փուլում։ Արևելյան գործընկերությունը չի հիմնադրվել «կամ-կամ»-ի տրամաբանությամբ։ Հայաստանի Հանրապետությունը բանակցությունների առաջին իսկ փուլից սկսած մեր եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական հետաքրքրվածությունն այն ժամանակ Մաքսային միության միասնական շուկայով։ Թե' ԵՄ և թե' Մաքսային միության գործընկերները տեղյակ էին զուգահեռ ընթացող բանակցություններից։ Սակայն ինչ-որ պահի ԵՄ մեր գործընկերները մեզ տեղեկացրին իրենց դիրքորոշման փոփոխության մասին։ Առաջին անգամ ասվեց երկու բանակցային գործընթացների անհամադրելիության մասին, և բանակցությունները «և-և»-ից միակողմանի վերածվեցին «կամ-կամ»-ի։ Հայաստանն անմիջապես արձագանքեց, որ կամ-կամի տրամաբանության մասին խոսք երբևէ չի գնացել և գնալ չի կարող։ Նախաձեռնողականություն դրսևորելով՝ հայկական կողմն առաջարկեց ստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն առաջին մասը՝ քաղաքական բլոկը, որը բացառում էր երկու միասնական տնտեսական շուկաների անհամադրելիության հետ կապված մեր ԵՄ գործընկերների նոր առաջ քաշած մտավախությունները։ Եվրոպական կողմը մերժեց առաջարկը՝ նշելով դրա անհնարինության մասին։ Սակայն նշեմ, որ այդ բանակցություններից մեկ ամիս էլ չանցած հենց այդ տրամաբանությամբ Ուկրաինայի հետ ստորագրվեց Ասոցացման համաձայնագիր՝ առանց տնտեսական բլոկի։  

Մյուս կողմից, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ-ն որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը: Հետագայում Հայաստանը դարձավ Մաքսային միության լիիրավ անդամ։ Սա Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունների արդյունքն էր։ Այն, որ դա ճիշտ որոշում էր, վկայում են վերջին տարիների ՀՀ տնտեսական ցուցանիշները, որոնք այսօրվա կառավարիչները վերագրում են իրենց։ Հատկանշական է նաև, որ այդ որոշման ճիշտ լինելը փաստում են ոչ միայն այսօրվա վիճակագրական տվյալները, այլ նաև այն ժամանակ ԵՄ-ի կողմից իրականացված հետազոտություններն ու կանխատեսումները՝ համաձայն որոնց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարճաժամկետ հեռանկարում բերելու էր 1% տնտեսական աճի, իսկ միջնաժամկետում՝ 1.5% տնտեսական աճի։ Նույնն էին վկայում նաև ՀՀ կառավարության իրականացրած ուսումնասիրությունները։ Համեմատության համար նշեմ, որ մեր երկրի տնտեսական ցուցանիշների վրա գազի սակագնի անգամ 10 ԱՄՆ դոլարի տատանումն ավելի մեծ հետևանքներ էր թողնելու։

Չծանրաբեռնելու համար ընթերցողին տնտեսական ու վիճակագրական ապացույցներով՝ կնշեմ միայն մեկ թիվ՝ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 300 000 գյուղացիական տնտեսությունների մթերքներն արտահանվում էին Ռուսաստանի Դաշնություն։ Ուստի որևէ շրջադարձի մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Երկու զուգահեռ ընթացող բանակցություններից մեկում մեր գործընկերները կեսից փոխել են ողջ բանակցության տրամաբանությունը, իսկ Հայաստանը պարզապես երկու բանակցային հարթակներում էլ իր խոսքի տերն է եղել։

Թե' սկզբնական փուլում «և-և»-ի տրամաբանությունը, թե' բանակցությունների կեսից մեր եվրոպացի գործընկերների կողմից փոփոխված կամ կեսից առաջ քաշած կամ-կամի տրամաբանությունը Հայաստանի Հանրապետությանը ներկայացվել են ԵՄ անունից պատվիրակված բանակցողների կողմից. Գերմանիայի պաշտոնաթող կանցլեր Անգելա Մերկելը նրանց թվում չէր։ Առհասարակ, այս հարցի շուրջ ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ քննարկումները սահմանափակվում էին գագաթնաժողովների ժամանակ տեղի ունեցող հանդիպումներով։

Խորին հարգանքով հանդգնեմ վերաշարադրել պաշտոնաթող կանցլերի պնդումը. «Հայաստանի Հանրապետության նախագահը 2013 թվականին և դրան նախորդող ժամանակահատվածում ոչ թե մանևրելու տեղ չուներ, այլ երբևէ չուներ մանևրելու մտադրություն»։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եղել է պարզ, հստակ և, լավ իմաստով, կանխատեսելի մեր բոլոր գործընկերների ու դաշնակիցների համար»։

Читайте на 123ru.net