Новости по-русски

Նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստան-ԵՄ նոր օրակարգի ընդունումը

Նորդիկ-Բալթյան երկրների ձեւաչափում ներգրավված են Շվեդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Դանիան եւ Նորվեգիան։

Հանդիպման արդյունքներով հրապարակվել է համատեղ մամուլի հաղորդագրություն.

«Նորդիկ-բալթյան երկրները վերահաստատեցին հարաբերությունների ամրապնդման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը եւ ամուր աջակցություն հայտնեցին Հայաստանի՝ ԵՄ-ի եւ նրա եվրոպական գործընկերների հետ կապերը խորացնելու ձգտմանը։

Հայաստանը կիսում է այն ժողովրդավարական արժեքները եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, որոնք դրված են նորդիկ-բալթյան եւ եվրոպական համայնքների հիմքում։ Նորդիկ-Բալթյան երկրները բարձր են գնահատում Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումներին եւ շարունակելու են աջակցել Հայաստանի բարեփոխումների ջանքերին։

ԵՄ-ում նորդիկ-բալթյան երկրներն ակնկալում են Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր եւ հավակնոտ Գործընկերության օրակարգի ընդունումը՝ Եվրոպական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բոլոր ուղղություններով ամրապնդելու վերաբերյալ եզրակացություններին համահունչ։ Նորդիկ-բալթյան երկրները ճանաչում են ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ անվտանգության բոլոր երեք հարթակներում։

Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, եւ ողջունում են նախաձեռնությունները, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու տարածաշրջանային կապերն ու տնտեսական համագործակցությունը»։

Читайте на 123ru.net