Новости по-русски

«Ընծայ». Այստեղ խաչվում են ժամանակներն ու քաղաքակրթությունները

Հնարավո՞ր է արդյոք միաժամանակ հայտնվել անտիկ շրջանում, հիանալ վինտաժային զարդերի փայլով ու շոշափել ժամանակակից ու միջնադարյան պատմության վկայություններ: Նախքան հարցին պատասխանելը պետք է մոտենալ Թումանյան 28/20 հասցե, բարձրանալ աստիճաններով ու առաջին պահին ջանալ չշփոթվել գույների ու օրնամենտների գլխապտույտ բազմազանությունից: Այնտեղ ձեզ կդիմավորի ժպտադեմ մի աղջնակ ու կսկսի պատմել, թե որտեղ եք գտնվում:

«Ընծայ» ժամանակակից եւ հնաոճ արվեստի վաճառասրահում ներկայացված են անտիկ, վինտաժային եւ ժամանակակից առարկաներ, որոնք միասին ստեղծում են տարբեր ժամանակների քաղաքակրթությունների ու մշակույթների միաձույլ միջավայր: Ներկայացված առարկաները դասավորված են այնպես, ինչպես կարող էին լինել ձեր տանը՝ չպատնեշված, ջերմ ու գողտրիկ անկյուններում:

Սրահն իդեալական է ինչպես յուրօրինակ նվեր ընտրելու, այնպես էլ սեփական ինտերիերը զարդարելու կամ պարզապես դրական էներգիա ստանալու համար:

«Մեզ համար կարեւոր է, որ այցելուն սրահ մտնելիս գեղագիտական հաճույք ստանա՝ անկախ նրանից գնում կատարելու է, թե ոչ: Եթե այցելուն ցանկանում է նվեր գնել, սկզբում փորձում ենք ճշտել նվեր ստացողի հետաքրքրությունները, մասնագիտությունը, որից հետո օգնում ենք գտնել այն առարկան, որը հաստատապես կդիպչի նվեր ստացողի սրտին»,- ասում է սրահի խորհրդատու Քրիստինե Բաբաջանյանը: Հետո նա հերթով բացում է դարակներն եւ ցույց տալիս փայլփլող վինտաժային զարդերն ու ճարմանդները, որոնք տասնամյակներ առաջ ազնվականների են պատկանել ու նույնությամբ փայլել են տարբեր պատմական երեկույթների ժամանակ:

Քրիստինեի խոսքով՝ վինտաժային զարդերը ամենամեծ հետաքրքրություն առաջացնող առարկաների շարքում են: Բացի դրանցից, այցելուներին հետաքրքրում են նաեւ հատուկ հրատարակության գրքերը, քարտեզները, տարատեսակ արվեստի գործեր, կիրառական իրեր, որոնք կարող են առօրյայում աչք շոյող դետալ դառնալ:

«Ընծայ»-ում ներկայացված յուրաքանչյուր առարկա խնամքով ընտրել է սրահի հիմնադիր Նարեկ Վան Աշուղաթոյանը: 2024 թվականի մարտից իր դռները բացած սրահի գաղափարը շատ բնական է ծնվել:

«Ինքս հավաքորդ եմ եւ բազմաթիվ ցուցահանդեսներ եմ իրականացրել իմ հավաքածուներով, միեւնույն ժամանակ նաեւ նկարիչ եմ, ուստի արվեստն ու պատմամշակութային նշանակություն ունեցող առարկաները միշտ իմ ուշադրության կենտրոնում են: Իմ այս հետաքրքրություններն իմանալով՝ ընկերներս հաճախ են խորհուրդ հարցնում, թե ինչպես կարող են բովանդակություն ունեցող նվեր ընտրել մի մարդու համար, որին, օրինակ, գումար, պարզ օծանելիք կամ հագուստ չեն կարող նվիրել»,- պատմում է Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Քանի որ նա քաջատեղյակ է տեղական շուկայից եւ հետեւում է միջազգային աուկցիոնների անցուդարձին, միշտ կարողանում է ընկերներին օգնել գտնել այնպիսի նվեր, որի հետ նվեր ստացողն էմոցիոնալ կապ կունենա: Սրանից էլ հասունացել է վաճառասրահ ունենալու գաղափարը:

Չնայած նրան, որ սրահում ներկայացված առարկաներից յուրաքանչյուրն էլ յուրահատուկ գեղագիտական կամ պատմական նշանակություն ունի, այցելուները բավականին մատչելի արժեքով նվերներ եւս կարող են գտնել:

«Եթե տվյալ առարկան ցածր բյուջետային կարգից է, դա ամենեւին էլ չի նշանակում, որ այն լավ ընտրություն չէ: Այստեղ առկա յուրաքանչյուր առարկա անպայմանորեն ունի գեղագիտական նշանակություն եւ բովանդակություն: Ի վերջո, առարկաների արժեքը ոչ թե բյուջեով է որոշվում, այլ նրանով, թե ինչպես է այն ընդունում նվեր ստացողը: Կոնկրետ մարդու համար ճիշտ ընտրված առարկան կարող է անսահման գին ունենալ նրա համար, սրահի ամբողջ հայեցակարգը հենց դրանում է»,- ասում է Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Կազմակերպությունն իրերը ձեռք է բերում տարբեր աղբյուրներից՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

«Ընտրությունը կատարում ենք առաջնորդվելով նրանով, թե ինչն է մեր քիմքին հարազատ, աչքին հաճելի: Կարեւոր է, որ տվյալ առարկան նաեւ կարողանա համալրել այս հաճելի միջավայրը, հյուրերին դրական տրամադրություն փոխանցի: Ընտրված են նաեւ այնպիսի առարկաներ, որոնք մեր միջավայրի, մեր հասարակության համար ավելի հասկանալի են, օրինակ՝ անվանի հայ նկարիչների գործեր, մեր երկրի կամ տարածաշրջանի պատմությանն առնչվող իրեր եւ այլն»,- այսպես է Նարեկը ներկայացնում ընտրության բարդ գործընթացը:

Հավաքորդության հանդեպ հետաքրքրությունը Նարեկի մոտ դեռ մանկուց է դրսեւորվել: Նրա համար օրինակ է եղել իր պապը՝ Հովհաննես Շարամբեյանը, որը զգալի աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման եւ դրա զարգացման ուղղությամբ՝ հիմնադրելով եւ հարստացնելով մի շարք թանգարաններ:

Հետագայում անձնական պրպտումների շնորհիվ Նարեկն իր համար ընտրել է հետաքրքրությունների ուղղություններ ու հիմնել սեփական հավաքածուները: Հանրությանը ցուցահանդեսներից արդեն հայտնի են նրա հայկական ձեռագործների եւ զանազան խաչերի հավաքածուները:

Չնայած որ Նարեկ Վան Աշուղաթոյանի անձնական հավաքածուներից նմուշներ «Ընծայ»-ում ներկայացված չեն, սրահի առարկաները ոչ պակաս ուշագրավ ու արժեքավոր են: Նարեկի համար սրահում առանձնացող նկարներից է, օրինակ, Մարիամ Աստվածածնի եւ մանուկ Հիսուսի պերուական սրբապատկերը, որը 1940-ականների աշխատանք է: «Շատ դրական էներգիա ունի եւ գեղագիտական ոճն էլ մոտ է մեր մշակույթին, ուստի ինչ-որ հարազատ բան եմ տեսնում դրանում»,- ասում է Նարեկը:

Որպես մեկ այլ հետաքրքիր նմուշ Նարեկն առանձնացնում է հայ իրավունքի կարեւորագույն փաստաթղթերից մեկի՝ «Որոգայթ Փառաց»-ի հրատարակությունը, այնուհետեւ ուշադրությունը կենտրոնացնում ժամանակակից հայ նկարիչ Արա Հայթայանի աշխատանքներին:

Մեկ այլ հատվածում Պարույր Սեւակի դիմանկարն է՝ նկարված հենց Սեւակի տանը Սարգիս Մուրադյանի ձեռքով, իսկ դրա վերեւում Սուրբ Գեւորգի եթովպական սրբապատկերն է: Հայացքը վերեւ բարձրացնելուց հետո շրջանակի մեջ երեւում է Զորավար Անդրանիկի պատկերով պոստերը, որ թողարկվել է 1927 թվականին, իսկ դրա վաճառքից ստացված 2 ֆրանկը ծառայել է Փարիզում զորավարի մահարձանի կառուցմանը:  

Խառնիխուռն գույների ու ձեւերի մեջ ուշադրությունն իր վրա է վերցնում պարզ ձեւով ու համեստ կազմով մի հաստափոր գիրք. 1800-ականների հրատարակության նկարազատդ Աստվածաշունչ է անգլերենով:

«Այս գրքի կազմը, միջուկն ու պահպանվածությունը շարունակում են կրել որոշակի բնավորություն եւ էներգետիկա, բոլոր հին հրատարակության գրքերը չեն, որ պահվել են այնպես, որ մինչ օրս դա փոխանցեն, դրանով էլ այս գիրքը եզակի է»,-ասում է Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Իրենց ժամանակների բնավորությունն ու շունչը պահպանած շատ այլ իրեր կան սրահում, որոնք բացի ինտերիերը զարդարելուց կարող են նաեւ յուրատիպ ժամանակի մեքենա դառնալ, քանի որ շարունակում են կրել իրենց ժամանակների էներգիաները:  

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Читайте на 123ru.net