Արարատ Միրզոյան. «Շատ մոտ ենք» խաղաղության պայմանագրի ստորագրմանը
«17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա», - ասել է Միրզոյանը
Ֆիննական Lännen Media լրատվական գործակալությանը:
Պատասխանելով հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցին, նախարարը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար.
«Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը՝ ադրբեջանական ապրանքներինը՝ Հայաստանի տարածքով: Առաջին փուլում կարող ենք վերսկսել երկաթուղային տարանցումը և աստիճանաբար ընդլայնել այն:»