Новости по-русски

Նալբանդյանի եւ Չարենցի արձանների հեղինակի անտիպ նամակները

2018 թվականին կարդացի, որ Մոսկվայում, 99 տարեկանում, մահացել է հայ քանդակագործ, վաստակավոր նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը: Նրա մահվան հաջորդ օրը կյանքից հեռացավ քանդակագործի կինը՝ Էթերին: Գիտեի միայն,  որ Նիկողոսյանը Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի  արձանների հեղինակն է: Նրա մասին ավելին չգիտեի ու չփորձեցի էլ իմանալ: Մինչեւ օրերս տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի անձնական արխիվում չհանդիպեցի Նիկողայոս  (Կոլյա) Նիկողոսյանի նամակներին՝ ուղղված տատիկիս:

Նամակներում, ի թիվս իր կյանքի այլ մանրամասների, պատմել էր նաեւ Նալբանդյանի արձանը քանդակելու որոշման մասին: Մեդիամաքսի ընթերցողներին ներկայացնում ենք քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանի երկու նամակները, որոնք տպվում են առաջին անգամ:

***

Արփիկ ջան, ուրախություն պատճառեց, երբ որ նամակդ ստացա, բայց մի փոքր էլ անհարմար զգացի, որ Դուք գրեցիք ինձ, այլ ոչ թե ես: Ինձ թվում է՝ մեր բարեկամության մեջ նշանակություն չունի դա, իսկ եթե կա, ներիր ինձ. Աստված ինձ ներում է, ինձ թվում է, եւ Դուք էլ կներեք:

Նոր վերջացրեցի Աշխենի  (խոսքը Հովհաննես Թումանյանի դստեր՝ Աշխեն Թումանյանի մասին է-Լ.Ա.) նամակը, ես ուղարկում եմ մի ծրարով. Աշխենի հասցեն կորցրել եմ: Նամակը ստանալու պես կարդա Աշխենի նամակը. այնտեղ իմ մասին գրել եմ մանրամասն, քո նամակում էլ չեմ կրկնում: Շուտով լինելու եմ Երեւանում, եւ կտեսնվենք, նորություններ շատ կան, ինչպես դուք եք ասում՝ նամակով գրել չի լինում, շուտով-շուտով կտեսնվենք:

Շնորհավորում եմ նոր աշխատանքիդ համար (խոսքը Հովհաննես Թումանյանի թանգարանում աշխատանքի անցնելու մասին է- Լ.Ա.). ուրախացրեց ինձ: Առաջինը ազատվեցիր այդ տնից, երկրորդը՝ միտքդ զբաղված կլինի գեղեցիկ մտքերով, իսկ երրորդը՝ երջանկություն է աշխատել այնպիսի մարդու հետ, որը աստվածային է  (Աշխենի մասին է խոսքը):

Ամսի 20-ին կլինեմ Երեւանում՝ ամբողջ Նալբանդյանի էսքիզներով: Ուզում եմ բացել ցուցահանդես, հավաքել բոլոր առաջավոր մարդկանց, եւ քննադատեն այդ գործս: Հեղուշը գրել էր՝ մի քանի մարդիկ աշխատում են այդ թեմայի վրա: Արփիկ ջան, ինձ համար միեւնույն է. իմ նպատակս է, որ մեր գենեալնի (հանճարեղ-խմբ.) գրող Նալբանդյանի համար լինի լավ հուշարձան, իսկ եթե կը գտնվի մի ուրիշ արձանագործ, որը կանի ավելի լավ, տա Աստված, ինձ բոլորովին ցավ չի պատճառի, այլ ընդհակառակը, կշնորհավորեմ սրտանց:

Գործ ինձ համար շատ կա, միմիայն ժամանակ չկա: Առայժմ այսքան: Ինչպես դու, այնպես էլ ես կուզեի շատ բան գրած լինեի քեզ, բայց շտապում եմ մաստերսկոյ (արվեստանոց-խմբ.), հիմա նատուրան (բնորդը-խմբ.) սպասում է: Դու կկարդաս եւ՜ քո նամակը, եւ՜ Աշխենի. թույլատրում եմ: Ինձնից քեզ ոչ մի գաղտնիք չկա՝ բացի հարգանքից եւ սերից, ընդունիր իմ ջերմ բարեւներս բոլորիդ:

Ձեզ հարգող՝ Կոլյա

5.II.52 թ.

Հ.Գ. Այս երեսը թողեցի, որպեսզի  դու չմոռանաս բարեւես իմ կողմից Ցոլակին (Արփիկ Ավետիսյանի ամուսինը-Լ.Ա.), այդ զուլալ (кристальному человеку), անգին մարդուն:

Հ.Գ. Համբուրես իմ կողմից իմ սիրելի Նոնային (Արփիկ Ավետիսյանի դուստրը, ազգագրագետ Իոննա Ավագյանը-Լ.Ա.)՝ քո երկրորդ ճրագին (արեւին, դա հարմար է):

P.S. Շնորհավորում եմ Ձեր ընտանիքի բոլորի Նոր տարին եւ առողջություն եմ ցանկանում բոլորիդ-բոլորիդ:

Ձեզ հարգող՝ Նիկողոսյան

*****

Սիրելի Արփիկ,

Իմ գործերս շատ լինելու պատճառով խառնվել է, չգիտեմ երբ է «սուբոտան» (շաբաթը-խմբ.), երբ է կիրակին: Կարող եմ մի փոքր տեղեկություն տալ:

Արդեն եղավ 10-րդ ամիսը, որն աշխատում եմ Նալբանդյանի օբրզի (կերպարի-խմբ.) վրա եւ չեմ վերջացրել: Շուտով հույս ունեմ կվերջացնեմ եւ հետս կբերեմ, կպատրաստվեմ մեծ ցուցահանդեսին, այն ժամանակ ժողովուրդը կտա իր կարծիքը:
Դու գրել էիր, որ Նալբանդյանի վրա աշխատողներ շատ կան. դա ինձ չի վրդովում: Նալբանդյանը այնպիսի դեմք է, որ մեր պատրաստած հուշարձանը նրա արժեքին արժանի չի լինի: Ես ուրախ կլինեմ մի որեւէ արձանագործ ավելի լավ գտած լինի նրա կերպարը, նա պատրաստի այդ շքեղ արժանի մարդու հուշարձանը: Բայց ես վախենում եմ մի այլ կողմից, որ ժյուրին չկարողանա գտնի արժանի էսքիզներ եւ տա այն անձնավորության, որը շատ ուժ  (ծանոթություն) ունի: Այն ժամանակ ժյուրին կանի այն սխալը, ինչ սխալը կատարված է Աբովյանի եւ Թումանյանի հանդեպ:

1. Ես վերջացրել եմ էսքիզը Թումանյանի իրենց տան համար, հետս կը բերեմ, եթե հավանություն տան, ես այն ժամանակ կպատրաստեմ, մտադիր եմ մռամռից (մարմարից-խմբ.), դրա համար պատրաստի մռամռ ունեմ:

2.Աշխատում, պատրաստում էի այդ մեծ, Վոլգա-Դոնի կառուցման համար 2 կոմպոզիցիա՝ 4 մետրանոց մեծությամբ, եւ այդ գործը հաջող հանձնեցի:
 
3. Մոսկվայում գնում է 36 թվից կոնկուրս Մայակովսկու պամյատնիկի (արձանի-խմբ.): Ես մասնակցեցի վերջին տարին: 12 պրոյեկտից շահեցին 2 պրոյեկտ. մեկը`  Տոմսկու բրիգադը, մյուսը` իմ բրիգադը: Հիմա մենք պետք է նորից անենք ժյուրիով, որից հետո արդյունքը կասի՝ ով է շահում: Առավելությունը Տոմսկու կողմն է (5 հատ լաուրեատությունը, պրոֆեսոր, ակադեմիկ, նարոդնի սկուլպտոր եւ ծանոթություն ու պրակտիկա): Իսկ իմ կողմս (ֆիկ.): Նու, Աստված գիտի, գուցե այդ ֆիկը ավելի ուժեղ ցույց տա, եթե մի քիչ ժամանակ գտնեմ:

4. Մոսկվայում պատրաստվում է 32 հարկանի «высотный» (բարձրահարկ-խմբ.) շենք. ես հաշվում եմ գլխավոր արձանագործ այդ շենքի. այդ գործն է, որ կապել է ձեռքերս եւ թույլ չի տալիս այս տարի անել այն, ինչ կարող եմ: Այդ շենքը ինձ համար կլինի մեծ ուղի, եթե պատրաստեմ լավ. ամբողջ Մոսկվայի արխիտեկտորները ինձ հանգիստ չեն տա զակազով , իսկ եթե վատ….…-…….կորա  (կախման կետերը՝ նամակագրի-Լ.Ա.):

5. Ոչ սիրով ստացվում է իմ Սպենդիարյանը. երեւի չմասնակցեմ այդ կոնկուրսում՝ ժամանակ չունենալու պատճառով: Հավանական է՝ չեմ մասնակցի, բայց ափսոսում եմ այդպիսի մեծ իմ սիրած կոմպոզիտորին չանել գոնե փոքր հարգանք. թող Աստված ինձ ների:

Որ դրանք են պատճառը, որ դու գրել էիր, Արփիկ ջան, գալիս-գալիս ես, ու տեղ չես հասնում:

Ուզում եմ մի քանի խոսք ասել Նայիրիի մասին (խոսքը գրող Նաիրի Զարյանի մասին է, որի հետ Արփիկ Ավետիսյանը չափազանց  մոտ էր-Լ.Ա.): Մեր գրողները անշնորհք են, վերաբերմունքի, մարդկային նուրբ զգացմունքից զուրկ, թույլ եմ տալիս դա ասելու: Նրանք կարծում են, որ նրանք ստեղծված են նրա համար, որպեսզի նկարիչները կերտեն նրանց պատկերները, իսկ նրանք նկարիչներին նույնիսկ երկու տողով շնորհակալություն չեն հայտնում:

Նայիրիին նկարել է Սարյանը, Ասլամազյանը քանդակել է, Արան, ես, մենք այդքան ուժ, ժամանակ ենք դրել, կատարել ենք սիրով: Ստացվել է, թե չի ստացվել, թող Աստված դատի: Ես չեմ ուզում, որ Նայիրը պոեմներ գրի մեր մասին կամ ոտանավորներ, բայց ես կուզեի երկու խոսքով հայտներ ինձ իր կարծիքը, իր շնորհակալությունը: Չէ՞ որ այս բոլորը կատարվում է փոխհարաբերական ձեւով: Հավատացած եմ, եթե Թումանյանը լիներ նրա փոխարեն, ես նրա ոտանավորի հերոսներից մեկը կլինեի: Կարող ես այս բոլորը հայտնել նրան:

Այս բոլորը, ինչ որ գրել եմ քեզ, Արփիկ ջան, վերաբերվում է Աշխեն Հովհաննեսովնային (խոսքը Հովհաննես Թումանյանի դստեր՝ Աշխենի մասին է, որի հետ Արփիկ Ավետիսյանը թե՛ ընկերություն էր անում, թե՛ նաեւ գործընկերներ էին-Լ.Ա.): Կկարդաս նրա մոտ, միմիայն Աշխենի. ավելացնեմ իմ ջերմ բարեւներս եւ իմ սրտագին սիրալի զգացմունքներս՝ հանդեպ Աշխենին: Համբուրում եմ նրա ձեռքը:
Նամակիս վերջին գրել էիր՝ բարեւում է Աշխենը, Ամիլը, իսկ երրորդը չկարացի իմանալ, ինձ թվում է՝ Թարյանը: Նույնպես էլ բարեւում եմ նրանց, ուրախ եմ, որ ես դառել եմ նրանց հիշողության առարկան: Բարեւիր Ցոլակին, Նոնային:

Աշխեն Հովհաննեսովնային ասա, թող բարեւի իրա բոլոր քույրերին, համբուրի մամային, բարեւի Մուշեղին:

Ձեզ հարգող, շատ հարգող Նիկոյաղոս

13.6.52 թ.
Մոսկվա

Հ.Գ. Արփիկ ջան, Աշխենին շատը չեմ գրում նրա համար, որ ես բառերը շատ եմ սխալ գրում, ամաչում եմ: Իսկ եթե Աշխենը դրան նշանակություն չի տալիս, այն ժամանակ ես շուտ-շուտ կգրեմ:

Համբուրիր իմ կողմից:

Նիկողայոս

13.6.52 թ.  

Լիլիթ Ավագյան

Читайте на 123ru.net