Новости по-русски

Նախագահն այցելել է հյուսիսարևելյան սահմանի պաշտպանական տեղամաս

Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է երկրի հյուսիսարևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:


Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:


Սերժ Սարգսյանը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների հանձնել է նվերներ:


Նախագահը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինծառայողների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:


Իր շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանը կարևորել է Հայրենիքի սահմանները հատկապես առաջնագծում պաշտպանող զինվորների ծառայությունը, ընդգծելով, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է նրանցով ու զինվորների հետ է՝ բոլոր նրանց, ովքեր մեծ պատվով ու պատասխանատվությամբ, նաև կյանքի գնով պաշտպանում են մեր պետությունը: Նախագահը զինծառայողներին մաղթել է տոկունություն և խաղաղ ծառայություն:


Նախագահն այցելել է նաև սահմանամերձ Բերդավան համայնք, հանդիպել բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, զրուցել բնակիչներին հուզող և հետաքրքող հարցերի շուրջ:


 

Читайте на 123ru.net