Новости по-русски

Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտերի ընդունումը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2026 թվականի ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը: 

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին եւ երիտասարդներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը եւ ամրապնդել ազգային ինքնությունը: 

Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արեւելահայերեն, արեւմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի եւ արվեստի գործիչների հետ, մարզական եւ մշակութային միջոցառումներ:

«Քայլ դեպի տուն»-ն այս տարի կանցկացվի 5 փուլով՝ հունիսի 12-ից օգոստոսի 19-ը, եւ կընդունի 600 սփյուռքահայ պատանու: 

Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: 

Մասնակիցներն ինքնուրույն պետք է հոգան Հայաստան ժամանման եւ երկրից մեկնման տրանսպորտային ծախսերը, ձեռք բերեն երկշաբաթյա ճամփորդական ապահովագրություն: 

Ծրագրի մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 25-ն է:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու եւ դիմելու համար անհրաժեշտ է այցելել  այս հղումով http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun: 

Читайте на сайте